«Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր դարձած կուսակցությունը, որը երեք օր առաջ դուրս է եկել «Վրացական երազանք» իշխող կոալիցիայից, այսօր անցկացրած համագումարի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրել Իրակլի Ալասանիային՝ պաշտպանության նախկին նախարարին, փոխանցում է «Գռուզիա Օնլայն»-ը:
Ալասանիան հայտնել է, որ կուսակցության թիրախը 2016թ. խորհրդարանական ընտրություններում հաղթելն է: «Անկախությունը պահպանելը մեր շուրջ և մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունների պայմաններում գլխավոր խնդիրն է: Այս ծանր մարտահրավերը, ես հույս ունեմ, մենք հաջողությամբ կհաղթահարենք, և առաջիկա ընտրություններում, 2016թ. ժողովրդի հետ «Ազատ դեմոկրատները» կտոնեն հաղթանակը», – ասել է Ալասանիան, որին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օրերս է պաշտոնանկ արել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն է միացել նաև Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեն, որը հրաժարական էր տվել, Ալասանիայի պաշտոնանկությունից հետո:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ