Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում փորձագետ չկա՞

Նոյեմբեր 08,2014 21:38

Հրդեհի պատճառած վնասը չի փոխհատուցվել

2014թ. օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բռնկվել, որը մեծ վնաս է պատճառել: Նոյեմբերի 3-ին Վերին Կարմիրաղբյուրի մի խումբ բնակիչներ Երեւանում, նախագահական նստավայրի առաջ արտահայտել են իրենց բողոքը: Նախագահի աշխատակազմի աշխատակիցները ընդունել են նրանց, լսել նրանց մտահոգությունները: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ գիտեր համագյուղացիների դժգոհության, Երեւան նրանց մեկնելու մասին, սակայն տեղյակ չէ, թե նախագահի աշխատակազմից նրանց ինչ են հայտնել: Գյուղապետի խոսքերով՝ սեպտեմբերի կեսերին իրենց գյուղ է եկել «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը, ում պահվածքը դուր չի եկել սահմանամերձ գյուղի բնակիչներին: Գյուղապետի տպավորությամբ Ս. Վարդանյանը Վերին Կարմիրաղբյուր գյուղ էր եկել գյուղացիների հետ կոնֆլիկտ հրահրելու նպատակով: Ս. Վարդանյանն ասել է,թե պատրաստ է հրդեհի հետեւանքով կորսված խաղողի բերքի յուրաքանչյուր կիլոգրամի համար 100 դրամ փոխհատուցել, խաղողի մեկ հեկտարից սպասված, բայց ոչնչացված բերքի չափը համարել է 7 տոննա: Սամվել Վարդանյանն այդ հանդիպման ժամանակ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին ասել է, որ նրանց հետ փոխհամաձայնության չգալու դեպքում իրենց ընկերության եռակցողը կարող է բանտ նստել, ինքը հետո բանտից կհանի նրան, իսկ գյուղացիները ձեռնունայն կմնան: Գյուղապետն ասաց, որ իրենք այս տարի խաղողը մթերել են 140 դրամով, խաղողի այգու 1000 քառակուսի մետրից 1-1.5 տոննա բերք են ստացել: Նա հայտնեց, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքում նվազել են հրդեհից վնասներ կրած ընտանիքների եւ այգիների տվյալները: Եթե նախկինում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների մասին, ապա այժմ՝ 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգու մասին: Նա ասաց, որ այդ հանդիպումից հետո Սամվել Վարդանյանը առանձին-առանձին հանդիպել է նյութական վնասներ կրած գյուղացիների հետ, փորձել նրանց համոզել, որ ցածր գներով փոխհատուցի նրանց կրած վնասները, սակայն գյուղացիները չեն համաձայնվել:

Կամո Չոբանյանը տեղեկացրեց, որ հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում, քննիչն ասել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի համապատասխան փորձագետ,ով կկարողանա գնահատել այգիների կրած վնասների չափերը: Նշենք, որ «Եղվարդշին» ԲԲԸ-ն հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930