Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ եթե քաղաքական եւ քաղաքացիական դաշտում, բոլոր սուբյեկտները մնան այն դիրքորոշման, որ իրենք արդեն հռչակել եւ հրապարակել են, ապա նոր քաղաքական օրակարգի ձեւավորումը չափազանց դժվար կլինի
«Այսօր Հայաստանում օրախնդիր է քաղաքական նոր հարթակի, քաղաքական նոր օրակարգի, քաղաքական նոր ընդդիմության, որը արդյունքում կվերածվի քաղաքական նոր իշխանության, ձեւավորումը»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության համագումարի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը այս վիճակի հասցրած քաղաքական համակարգն ունի մի առանձնահատկություն՝ «սուպերլիդերություն». «Այդ համակարգում գործում են «սուպեր լիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ ըստ էության կայացնում են որոշումներ, իսկ մյուսները այդ որոշումներին ենթարկվում են, եւ դրանով ամեն ինչ ավարտվում է: Քաղաքացիական այսպիսի միտումներ ունեցող ուժերում նման գործընթացներ չկան, այնտեղ հավաքված են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ, եւ այդտեղ գտնվող մարդկանց հնարավոր չէ կառավարել, ինչպես ընդունված է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում»:
Նա նշեց, որ եթե քաղաքական եւ քաղաքացիական դաշտում, բոլոր սուբյեկտները մնան այն դիրքորոշման, որ իրենք արդեն հռչակել եւ հրապարակել են, ապա նոր քաղաքական օրակարգի ձեւավորումը չափազանց դժվար կլինի, եթե ոչ անհնար. «Մենք կարծում ենք, որ այս դաշտում խոսակցությունները անիմաստ են, եթե մենք ի սկզբանե հակված չենք փոխզիջումների: Ընդ որում փոխզիջում, որը չի նշանակում կապիտուլյացիա, այլ փոխզիջում նշանակում է քննարկում»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կառուցողական չեն այն խոսակցությունները, որոնք ձեւակերպում են արդեն միակ հաստատված, անբեկանելի ճշմարտություններ. «Հայաստանը այս օրերին, մեր խորին համոզմամբ, հասել է նրան, որ բոլորը կամ շատերը իրենց յուրաքանչյուր ասած համարել են վերջնական եւ անբեկանելի ճշմարտություն: Մենք այսօր ուզում ենք հանդես գալ որպես մի քաղաքական ուժ, խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» միավորման մասին է, որը ոչ թե գործընկերներին կամ հանրությանը փորձում է ներկայացնել անբեկանելի, վերջնական ճշմարտություններ, այլ շահագրգռված է իր քաղաքական գործընկերների հետ շփվել, գտնել եւ ձեւակերպել այդ ճշմարտություններ, սկզբունքներ, որոնք որ փոխադարձ ընդունելի կլինեն բոլորի համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ