Արմեն Աղայանի խոսքերով՝ ապստամբության դեպքում «Հայազն» կուսակցության անդամները ժողովրդի առաջին շարքերում կլինեն
«Մեր կուսակցությունը իր երկրորդ համագումարն անցկացնում է խորացող ազգային պետական ճգնաժամի պայմաններում»,- այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարի ընթացքում հայտարարեց կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը;
Նա իր խոսքում նշեց, որ կուսակցությունը փորձել է պատասխանել երեք հիմնական հարցերին, այն է՝ քաղաքական ռազմավարության ինչպիսի՞ այլընտրանք է առաջարկում, ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի պետական համակարգի ապագա կառավարումը եւ ի՞նչ քաղաքական մարտավարությամբ է պատկերացնում քաղաքական համակարգի եւ ռազմավարության փոփոխությունը. «Այս երեք հարցերի պատասխանը մենք ամփոփել ենք երկու բառանոց մի կարգախոսում, այն է՝ «Ազգային հեղափոխություն»: Որքան էլ հեղափոխություն բառը ոմանց վախեցնի, բոլորիս էլ պարզ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքը չի կարող սովորական լինել: Միայն հեղափոխական ծավալի եւ նշանակության փոփոխություններով է հնարավոր հաղթահարել ազգային պետական ճգնաժամը»:
Նա հայտարարեց, որ «Հայազն»-ը մերժում է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը եւ համարում է, որ այն օգտագործվում է օլիգարխական վերնախավի ներքին իշխանակռվին գունավոր երանգ տալու համար. «Մեր ժողովուրդը մինչ օրս տառապում է 90-ականների բուրժուադեմոկրատական հեղափոխության պատճառած վերքերից, եւս մեկ այդպիսի հեղափոխություն կարող է ուղղակի հայոց պետականության վերջը տալ»:
Կարդացեք նաև
Նրա խոսքերով՝ «Հայազնը» ապստամբություններից չի վախենում, բայց այնուամենայնիվ կուսակցությունը ապստամբություն չի ծրագրավորել եւ չի ծրագրավորում. «Բոլոր հաղթական հեղափոխությունները ծագել են ինքնաբուխ՝ ի պատասխան իշխանությունը յուրացրած վարչախմբի բռնություններին, բայց բացի այդ ապստամբում է ժողովուրդը, ոչ թե ինչ-որ կազմակերպություն: «Հայազնի» անդամները, բնականաբար, իրադարձությունների նման զարգացման դեպքում ժողովրդի առաջին շարքերում կլինեն, այլ ոչ թե ոմանց նման՝ կողքին»:
Արմեն Աղայանը նշեց, որ հեղափոխությունը իրական հեղափոխության կվերածվի, եթե դրանից հետո արմատական փոփոխություններ տեղի ունենան: Նա ասաց, որ «Հայազն» կուսակցությունը կհամարի հեղափոխությունը կայացած, եթե քաղաքական վերնախավը հրաժարվի 90-ականներին որդեգրած վերպետական կազմակերպություններում ներառվելու ռազմավարությունից. «Հեղափոխությունը կհամարենք կայացած, երբ արմատապես վերափոխվի ազգային պետական կաղապարը, երբ մեր Սահմանադրությունը, եւ դրանով պայմանավորված տնտեսական, քաղաքական համակարգերը համապատասխանեցվեն հայոց ազգային նկարագրին, ներքին կառուցվածքին, հարաբերությունների իրական բնույթին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ