Այսօր Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում հյուրընկալվել էին տեղեկատվական ոլորտում նորարարական գաղափարներ, կապեր փնտրող մեծ թվով թուրք ձեռներեցներ, օրինակ՝ «Պեգաս» ավիաուղիներ ընկերության նախագահի խորհրդական Բերաք Կուտսոյը, Թուրքիայի համալսարաններից մեկի (MEF University) պրոռեկտոր Էրհան Էրկութը, Թուրքիայի Ֆիթ Ստարթափ (Fit Startup) ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Իհսան Ելգինը և այլք: Վերջիններս եկել էին «Ձեռներեցների փոխայցելություններ» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Հայաստանի «Հանրային լրագրության ակումբի» և «Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի» կողմից:
«Հայաստան- Թուրքիա սթարթափ ուիքենդ» միջոցառմանը մասնակցող թուրք երկու երիտասարդներ մեզ հետ զրույցում ասացին, որ առաջին անգամ են լինում Հայաստանում: Տղաները նաև անկեղծացան, որ մինչ այդ մտավախություն են ունեցել այցելել հարևան Հայաստան, շուրջբոլորից նրանց վախեցրել են, թե հանկարծ մի բան չպատահի ձեր հետ: Ալփեր Շահինն ասաց. «Հայաստանը շատ ավելի գեղեցիկ է, քան ես սպասում էի: Շատ տպավորված եմ Երևանի Հանրապետության հրապարակով, այն շատ լավն է, իհարկե, դեռ չեմ հասցրել շրջագայել Գյումրիում, բայց կցանկանայի իմանալ, թե ինչ կա այստեղ»:
Թուրքական ընկերություններից մեկի ներկայացուցիչ Մուստաֆա Թայալ Օզբեյն էլ ասաց, որ տեղեկատվական ոլորտը հարմարավետ է երկկողմ հարաբերությունների բարելավման համար, բացի այդ, այս ոլորտում կարող ես աշխատել նաև տանը նստած: Ըստ նրա, իրենք հայերի հետ միասին պատրաստվում են տնտեսական փոխանակման ծրագիր մշակել: Նրա ասելով, կարող են փոխանակել իրենց մեքենաները, եթե ճամփորդ ես, չես ուզում այլ երկրում մեքենան վարձակալել, կարող են քեզ ընկերական ձևով մեքենա տրամադրել, ավելի մատչելի գներով, որը, բնականաբար ավելի ձեռնտու կլինի, քան վարձակալելը:
Նշենք, որ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» միջոցառմանը մասնակից երիտասարդ ձեռներեցները աշխատում էին թիմերով, նրանք միասին բիզնես գաղափարներն էին առաջարկում, որոնք իրականացումը հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Մուստաֆայի ներկայացրածը հենց իրենց թիմի քննարկած գաղափարն էր:
Վերջիններս երկու օր կաշխատեն Գյումրիում, իսկ վաղը թիմերը իրենց գաղափարները կներկայացնեն միջազգային ժյուրիի դատին:
Կարդացեք նաև
Փաստորեն հենց Գյումրիում կանցկացվի InnoWeekEnd 2014 նորարության տարածաշրջանային ֆորումի տարվա ամենամեծ տեխնոլոգիական մրցույթը` Հեքըթոնյան Գյումրի 2014-ը, ինչպես նաև տարածաշրջանում առաջին անգամ տեղի ունեցող «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթը:
Նշենք նաև, որ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդի» մասնակիցները, ըստ մամլո հաղորդագրության, բացառիկ հնարավորություն կունենան Սիլիկոնյան հովտից ժամանած ներդրողի, Գուգլի ներկայացուցչի, Թուրքիայի եւ Հայաստանի ՏՀՏ ոլորտների ակնառու ներկայացուցիչների և ներդրումային ծրագրեր իրականացնողների հետ հաղորդակցվել եւ կապեր ստեղծել: Միջոցառման այս ձևաչափը սկիզբ է առել Սիլիկոնյան հովտում:
«Հանրային լրագրության ակումբի» ղեկավար Սեդա Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թուրքերի մոտ այնքան մեծ հետարքրքություն է առաջացրել Հայաստան այցելելը, որ իրենք ստիպված են եղել փոփոխության ենթարկել ծրագիրը: Ըստ նրա, ի սկզբանե նախատեսել էին հրավիրել 20 հոգու, սակայն հրավիրեցին 33 ձեռներեցների՝ Թուրքիայի ամենատարբեր ոլորտներից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բա որ գնաս Կարս,Վան, Արդահան, Մուշ, Էրզրում, Բիթլիս կտեսնես Հայաստանն ինչքան գեղեցիկ է: Այդ դեպքում էլ հո վիզա պետք չի: