Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի դիմումից հետո իրական սեփականատիրոջն են կանչել ոստիկանություն

Նոյեմբեր 08,2014 17:56

«ՄԱՏԵՔ» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Մատինյանն առանձնապես մեծ հույսեր չէր կապում ոստիկանության բաժին իրեն կանչելու, գործին ընթացք տալու համար, քանի որ մի անգամ նա «անցել» է այդ ճանապարհով:

Aravot.am-ի լուրը հաստատեց Աշոտ Մատինյանը, հայտնեց, որ իրեն կանչել են փաստաբան Լիանա Բալյանի դիմումից հետո ոստիկանություն:

Փաստաբանն օրեր առաջ դիմել էր ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Պողոսյանին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնակատար, արդարադատության առաջին դասի խորհրդական Գ. Հ. Հարությունյանին, պահանջելով քրեական գործ հարուցել 60-ամյա Լյուսյա Հակոբյանի նկատմամբ, իր հասցեին արատավորող տեղեկություններ հրապարակելու, սպառնալիքով գումար պահանջելու համար: Փաստաբանը նաեւ հայտնել էր, որ Լ.Հակոբյանը լինելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հոր՝ Յուրա Մկրտումյանի մտերմուհին, պահանջել է իրենից նախկինում վարձակալած Երևանի Սայաթ-Նովա 23 շենքի թիվ 26 տարածքի վարձակալության գումարները: Այն դեպքում, երբ նա պարտքուպահանջ չունի, եւ գումարները մուծած լինելու մասին փաստաթղթեր ունի:

Իրավապահներին ուղղած իր դիմումում փաստաբան Լիանա Բալյանը հայտնել էր, որ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում է գտնվում իր դիմումը` Լյուսյա Հակոբյանի դեմ նրա կողմից շորթմամբ գումար հափշտակելու վերաբերյալ, որով նախապատրաստվում են նյութեր: «Լ. Հակոբյանի կողմից շորթմամբ գումարներ են հափշտակվել քաղաքացիներ Աշոտ Մատինյանից, Ալբերտ Մատինյանից, Վիկտոր Բաղդագուլյանից, Արևիկ Խաչատրյանից և Վարդանանց 115 հասցեում գտնվող խանութի տնօրեն Գևորգից»,-գրել էր փաստաբանը:
Աշոտ Մատինյանն aravot.am-ին ասաց, որ ներկայացրել էր իր եւ հոր, մասնագիտությամբ բժիշկ Ալբերտ Մատինյանին առնչվող դատական վեճի մասին առկա փաստաթղթերը:

Ըստ այդ փաստաթղթերի, Լ.Հակոբյանը հայցով տարիներ առաջ դիմել է դատարան, որպեսզի սեփականության իրավունքով ձեռք բերված տարածքի՝ Սայաթ-Նովա 23 շենքի թիվ 26 հասցեի առքուվաճառքի պայմանագիրը «հեչ» արվի, սեփականությունը գրանցվի իր անունով, այլ ոչ Ալբերտ Մատինյանի:

Ի դեպ, վեց տարի առաջ 780 000 դրամի չափով արգելանք էր դրվել Ալբերտ Մատինյանի նշյալ տարածքի վրա:

Ոստիկանությունում նորից խոսք էր գնացել այն մասին, որ իրական սեփականատիրոջն առանց տեղյակ պահելու, նշյալ տարածքը վարձակալությամբ Լ.Հակոբյանը տվել է տարբեր անձանց, այդ թվում նաեւ փաստաբանին: Դատական գործընթացների ժամանակ, արձանագրվել էր, որ վարձակալությամբ տրվելիք նկուղային տարածքի բանալիները մշտապես գտնվել են Լ. Հակոբյանի մոտ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930