Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհնար է այլեւս սպասել». Մեկնարկել է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված աղետների ռիսկերի կանխարգելման համաշխարհային քարոզարշավը

Նոյեմբեր 08,2014 15:20

Օքսֆամի եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակները այսօրվանից մեկնարկել են կլիմայի փոփոխության և դրա հետևանքներով պայմանավորված աղետների ռիսկերի կանխարգելման համաշխարհային քարոզարշավը: Անցյալ տարի նոյեմբերի 8-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած հզոր Հեյան փոթորկը առիթ հանդիսացավ, որպեսզի միջազգային հանրությունը զբաղվի կլիմայի փոփոխության հետ կապված հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մամուլի Ազգային Ակումբում հայտնեցին ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և ՄԱԿ-ի ՄԱԶԾ Կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: Քարոզարշավի վերնագիրն է՝ «Անհնար է այլեւս սպասել»:

Անդրադառնալով Հայաստանում կլիմայի փոփոխության հետ կապված առկա եւ կանխատեսվող ռիսկերին` Զարուհի Պետրոսյանը նշեց, որ կլիմայի փոփոխությունը ոչ միայն ենթադրում է ջերմաստիճանի բարձրացում, այլեւ դրա հետ կապված կլիմայական ռիսկերի փոփոխություն: Տիկին Պետրոսյանը ներկայացրեց ՄԱԶԾ 2014 թվականի հաշվետվության տվյալները, որոնց համաձայն` 1935-2012 թվականները Հայաստանում միջին ջերմաստիճանն աճել է 1.03 աստիճանով, իսկ ամառային ջերմաստիճանը՝ 1.2-ով: 2000-2010 թվականներին Հայաստանում եղել են տարբեր ուժգնության երաշտներ, իսկ կլիմայական արտակարգ երեւույթների վնասները 1998-2010 թվականներին կազմել են մոտ 2.8 դոլար: Տիկին Պետրոսյանը հավելեց նաեւ, որ բացառություն չէր 2014 թվականը, երբ ողջ երկրագնդի վրա գրանցվեց բավականին շոգ տարի եւ որ 2014 թվականը կարող է դառնալ վերջին հինգ տարիների ամենատաք տարին:
Բանախոսի պնդմամբ՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված աղետալի ռիսկերի նվազեցման համար, նախ եւ առաջ, պետք է շեշտը դնել մոնիթորինգի վրա, պետք է բարելավել դիտարկումների համակարգը, կատարել ճշգրիտ, բարձր մակարդակի դիտարկումներ, որպեսզի դրանց վրա կատարվեն ճշգրիտ կանխատեսումներ: Նաեւ պետք է իրականացնել ուսուցողական դասընթացներ:
ՄԱԿ-ի ՄԱԶԾ Կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն էլ ասուլիսին անդրադարձավ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված միջազգային հիմնախնդիրներին եւ նշեց, որ կլիմայի փոփոխությունը առաջանում է հիմնականում վառելիքի արտանետումների հետեւանքով եւ մթնոլորտում ջերմոցային գազերի քանակի աճով. «Արտանետումների քանակը ամեն տարի մոտ տասը տոկոսով ավելանում են: Այս առումով առաջին տեղում են գտնվում արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրները՝ Չինաստանը, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Ռուսաստանը»: Տիկին Հարությունյանը նշեց, որ բոլոր երկրները պետք է ջերմոցային գազերի նվազեցման պարտավորություններ վերցնեն:
Դիանա Հարությունյանը առանձնացրեց այն ոլորտները, որոնք հիմնականում խոցելի են դառնում կլիմայի փոփոխության հետեւանքով: Դրանցից գլխավորը գյուղատնտեսությունն է. «Այն երկրները, որոնց տնտեսության մեջ գյուղատնտեսությունը մեծ տոկոս է գրավում, ավելի խոցելի են: Հիմնականում խոցելի երկրներն են կղզի երկրները, առափնյա երկրները եւ այն երկրները, որոնք ունեն լեռնային էկոհամակարգեր»: Իսկ գյուղատնտեսության ոլորտում այս ռիսկայնությունը, ըստ բանախոսի, միգրացիայի առիթ են հանդիսանում, քանի որ չկան բավարար քանակով ներդրումներ՝ ռիսկերը նվազեցնելու համար:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930