«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը Թեքեյան կենտրոնի փոքր սրահում հրավիրել էր քննարկում ՝ «Աղանդավորական պայքարը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով:
Քննարկմանը մասնակցեցին Տեր Կորյուն քահանան, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, 166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ Հայաստանում գրանցված են 67 աղանդավորական կազմակերպություններ (խոսքը կրոնական կազմակերպությունների մասին է), որոնք ներքին սպառնալիք են դարձել երկրի անվտանգության համար:
Նա տեղեկացրեց, որ անցյալ տարվա հունիսին լրացումներ արվեցին «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, մասնավորապես, զենք չբռնող աղանդավորների համար սահմանվեց այլ…աշխատանքներ կատարելու կարգը:
Աստվածաբանի կարծիքով, հայ եկեղեցու «մուտք գործելը» դպրոցներ, արդարացիության վերականգնելու ընթացք է.«Եթե ժողովուրդն իր պատմությանը դեմ գնա, նա մանկամիտ է»:
Ըստ Վարդան Խաչատրյանի, դպրոցական դասագրքերում կարեւորվել է առաջին հերթին ընդհանուր գիտելիքներ տալու հանգամանքը, իսկ այլ կրոնների պատմություններ ներառելը դասագրքում , հնարավոր էլ չէ:
Աժ պատգամավորն ասաց, օրինակ, որ դասագրքերը կարելի է վերանայել, իսկ որ միայն մեր եկեղեցու պատմությունն է ներառված, դա այնքան էլ այդպես չէ:
Աստվածաբանի կարծիքով, հանրությանը բաժանելու խնդիր չկա, մարդն ինքն է ընտրում բարի եւ չարի իր եզրույթը:
166 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշքյանը եկել էր ութերորդ դասարանի պատանու հետ, որն ասաց, թե կարեւոր է եկեղեցու պատմությունն իմանալը, եւ ինքը դեմ է, որ աղանդավորները փորձում են հակառակն անել:
Կարդացեք նաև
Տնօրենը չթաքցրեց, որ դպրոցները տարիներ առաջ պատրաստ չէին, երբ կրոնի պատմություն առարկան մտցվեց: Դասավանդողները հիմնականում հայ ժողովրդի պատմության ուսուցիչներն էին, որոնք վերապատրաստվեցին:
Իրենց դպրոցում Աստվածաբանության ֆակուլտետն առաջինն ավարտած մեկն է, եւ որ դասերը սկսվում են «Հայր Մեր»-ով:
1200 աշակերտների մեջ կան երեխաներ, որոնց ծնողների մեջ կան աղանդավորներ, որոնք դեմ են մեր Օրհներգին եւ Տերունական աղոթքին: Ըստ տնօրենի .«Նրանք ասում են՝ մենք փառաբանում ենք Եհովային»:
Հակաօդային պաշտպանության զորքերի հոգեւոր հովիվ Տեր Կորյուն քահանան ասաց, որ այս նույն երեխաներն են գալիս բանակ, սոցիալական կարգը չի փոխվում:
«Իմ խնդիրն է աշխատել նրանց հետ: Ո՞վ է մեր երկրում , եթե նա չի երգում «Մեր հայրենիքը»: Հարգում եմ բոլոր ազգերին, անգամ թուրքին, մշակույթը, սակայն բանակում մեր ներկայությունն օգնում է, ավելի հայրենասեր լինել, հոգեբանորեն սատար լինել ընկերոջդ օգնելու, քո անձից պտտվելու դեպի քո ընկերը»,-ասաց նա:
Հասարակական կազմակերպությունների շրջանառվող պնդումներին, թե պարտադիր բառը պետք է հանվի, ուսուցումը պետք է լինի կամովին, դեմ արտահայտվեցին բոլորը:
Մեր հոգեւոր հովիվը համաձայն չէր «ազատության» այն տեսակի հետ, երբ նույն հասարակական կազմակերպությունները պնդում են, թե մարդը դառավ տասնութ տարեկան, ինքն է որոշում իր սեռը.«Ահավոր է: Էդ երկրի վաղվա օրն ի՞նչ պետք է լինի»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ