Թաքցնել, կամ հերքել Հայաստանում թշվառության առկայությունը նույնն է, թե կանգնել Նիագարայի ջրվեժի առջեւ եւ չնկատել ջրվեժը: Բայց, սովորական տրամաբանությունը մեզ հուշում է, որ եթե ինչ-որ երկրում, կոնկրետ Հայաստանում, թշվառություն կա, մեծ մասշտաբների հասնող, դա դեռ չի նշանակում, որ կոնկրետ Հայաստանը աշխարհի ամենաթշվառ երկիրն է: Սա պնդելը նույնն է, թե կանգնել Նիագարայի ջրվեժի դիմաց եւ հայտարարել, որ այն աշխարհում ամենաբարձրն է: Իրականում աշխարհում ամենաբարձրըՙ Անխելի ջրվեժն է, եւ Հայաստանն էլ ամենաթշվառ երկիրը չէ, անգամ դրանցից մեկը չէ: Բայց, ամերիկյան Կատո հետազոտական ինստիտուտի կայքը օրերս հրապարակել էր իր հերթական հետազոտությունը, ինչն անվանվում էրՙ «Աշխարհի թշվառ երկրները-2013»: Ամերիկացիները պարզել էին, որ աշխարհում ամենաթշվառ երկիրը…. ճիշտ եք, Սիրիան է: Մասնավորաբար ԱՄՆ-ին չենթարկվող Սիրիան գլխավորում է 109 երկրների ցուցակը, եւ ավելի թշվառ է, քան, օրինակ, Աֆղանստանը: Սիրիային հաջորդում են, ուշադրություն, նավթային Վենեսուելան, ապա Սուդանը, հետո եւս մեկ անգամ ուշադրությունՙ Իրանը: Պարզ է, չէ՞, «ատոմային ռումբ ստեղծող» Իրանը ավելի թշվառ է, քան միջին դարերի ծովահենների ժամանակներում մնացած Սոմալին… Իրանը ավելի թշվառ է անգամ Սան-Ռոմե եւ Պրինսիպին պետությունից, որը եզրափակում է թշվառների հնգյակը: Հետո գալիս են Ճամայկան, ԵՄ անդամակցության թեկնածու Սերբիան, Աֆրիկայի ամենահզոր տնտեսությունՙ Հարավային Աֆրիկան, եւ աշխարհի քսան լավագույն տնտեսություններից մեկըՙ Բրազիլիան: Հովիկ ԱՖՅԱՆ Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: