Լրահոս
Օրվա լրահոսը

16 ամիս անազատությունից հետո՝ արդարացվեցին

Նոյեմբեր 08,2014 11:43

Նոյեմբերի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ.Մակյանի, թիվ ԵԿԴ/0247/01/13 քրեական գործով կայացրեց արդարացման դատավճիռ:

Մեղադրանք էր առաջադրվել Պերճ Մկրտչյանի և Արամ Մաթանյանի նկատմամբ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի համար: Պ. Մկրտչյանի պաշտպանությունն իրականացնում էր հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Կարեն Մանուչարյանը, որը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Վ.Պողոսյանի կողմից 18.12.2013թ. հաստատված և դատարան ուղարկած մեղադրական եզրակացությունում մատնանշված 12 ապացույցներից, շուրջ 20 նիստով տեղի ունեցած դատաքննության ընթացքում չի հաստատվել և ոչ մեկը:

«Դեռևս նախաքննության փուլում, պաշտպանության կողմը բարձրաձայնում և մատնանշում էր այն բոլոր կոպիտ դատավարական խախտումները, որոնք թույլ էին տրվում վարույթ իրականացնող մարմնի կողմից»,-ասում է Կ.Մանուչարյանը: Մասնավորապես, պաշտպանը բողոքարկել էր այն, որ քննիչի կողմից ապացույցները ձեռք են բերված մեղադրյալների իրավունքների և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների էական խախտմամբ: Դրանց մի մասը հրապարակվեցին գործի նյութերը դատարանում հետազոտման ընթացքում: Քննիչի կողմից չէին ապահովվել քննչական գործողություններին ընթերակաների մասնակցությանը վերաբերող՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջները, ինչի հետևանքով որոշ իրեղեն ապացույցներ ձեռք էին բերվել ոչ պատշաճ ընթացակարգով: Այդ հիմքով, պաշտպանության կողմը դատաքննության ընթացքում միջնորդեց մի շարք ապացույցներ ճանաչել անթույլատրելի:

Ըստ պաշտպանի, Երևանի Եր.Քոչարի փողոցի թիվ 9 շենքի թիվ 97 բնակարանի սեփականատեր չի հանդիսացել քաղաքացի Ս.Մուրադյանը, նա հաշվառված է Վրաստանում, իսկ նշված բնակարանը, ինչպես վերջինս իսկ հայտնեց դատարանին՝ ծնողների սեփականությունն է: Ծնողները Ս.Մուրադյանին նույնիսկ չեն լիազորել հանդես գալ քրեական դատավարության ընթացքում, որպես իրենց ներկայացուցիչ: Սակայն տարօրինակ է, որ վերջինս ճանաչվել քննվող քրեական գործով տուժող:

Նախաքննության ընթացքում պաշտպան Կ.Մանուչարյանի կողմից ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան էին բողոքարկվել մեղադրյալ Պ.Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտելու՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված բոլոր որոշումները, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել էին, ինչպես նաև մերժվել էին պաշտպանի՝ գրավով իր պաշտպանյալին ազատ արձակելու բոլոր միջնորդությունները:
Արդյունքում սույն գործով մեղադրյալներն անազատության մեջ էին գտնվում 16 ամիս՝ ձերբակալման օրվանից՝ 04.07.2013թ-ից մինչև 03.11.2014թ-ը:Ի դեպ, մեղադրողը, մեղադրական ճառով միջնորդել էր մեղավոր ճանաչել ամբաստանյալներին իրենց առաջադրված մեղադրանքում և պատիժ նշանակել, Պ.Մկրտչյանին՝ ազատազրկում 6 տարի ժամկետով, գումարելով նախկին դատավճռով նշանակված՝ և չկրած պատժի մասը, նշանակել վերջնական պատիժ՝ ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալ Ա.Մաթանյանին, պատիժ նշանակել՝ ազատազրկում 6 տարի ժամկետով: Ընդ որում, մեղադրողն իր ճառում չեր նշել ամբաստանյալներին վերաբերող որևէ »մեղմացուցիչ հանգամանք«, ակնհայտորեն անտեսելով նաեւ այն, որ նրանց խնամքին են անչափահաս երեխաները:

Դատարանը վճռեց, ամբաստանյալներին՝ «Իրենց առաջադրված մեղադրանքում արդարացնել, ճանաչելով և հռչակելով նրանց անմեղությունը՝ մեղսագրվող հոդվածով հանցանքի կատարման մեջ: Ամբաստանյալներ Պ.Մկրտչյանի և Ա.Մաթանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացնել և նրանց անհապաղ ազատ արձակել դատական նիստի դահլիճում: Ամբաստանյալներին պարզաբանել ՀՀ Քր. Դատ. Օր-ի 66, և 67-րդ հոդվածներով սահմանված՝ արդարացվածի և նրան պատճառված հնարավոր վնասի հատուցման նրա իրավունքներն և հատուցման կարգը»: Միաժամանակ, դատարանն, անդրադառնալով քրեական գործի նախաքննության ընթացքում նախաքննական մարմնի կողմից թույլ տրված բազմաթիվ քրեադատավարական խախտումներին, ղեկավարվելով ՀՀ Քր. Դատ. Օր-ի 361.1 հոդվածով` կայացրել է լրացուցիչ որոշում նմանատիպ խախտումները բացառելու նպատակով:

Պաշտպանության կողմի կարծիքով, կայացնելով արդար դատավճիռ, դատարանը առաջին հերթին անմիջականորեն կիրառել է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով ամրագրված կարևորագույն դրույթներից մեկը, այն է՝ «Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Irina says:

    Поздравляю! Это заслуженная победа!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930