Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանն առանց երազանքի

Նոյեմբեր 08,2014 12:00

Իսկ գուցե Սաակաշվիլին, այնուամենայնիվ, ճիշտ է

Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիան փլուզվեց` կորցնելով խորհրդարանում ունեցած բացարձակ մեծամասնությունը: Հիշեցնենք, որ Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքը 2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակ տարավ, Իվանիշվիլին ընտրվեց երկրի վարչապետ` ձեռքը վերցնելով երկրի գրեթե ողջ իշխանությունը` խոստանալով երկրում որոշակի բարեփոխումներ իրականացնելուց հետո հեռանալ զբաղեցրած պաշտոնից, ինչպես եւ վարվեց:

Վրաստանում վերջին օրերին ներքաղաքական իրադարձությունները կայծակնային արագությամբ զարգացան: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Ալասանիան եւ նրա թիմը Վրաստանում եվրաինտեգրման կուրսը զարգացնող գործիչներ էին համարվում: Ալասանիայի հեռացմանը հաջորդեց Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի եւ նրա տեղակալի հրաժարականը:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ իր ղեկավարած գերատեսչության պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը քաղաքական ենթատեքստ ունի, եւ Վրաստանի Գլխավոր դատախազությունը բարձրացրել է բոլոր հարցերը, որոնք հանդիսանում են իրեն՝ որպես մրցակցի, քաղաքական պլանում սպանելու փորձ. «Դա հնարավոր մրցակցի ու հակառակորդի քաղաքական ոչնչացման փորձ է, դա քաղաքական սպանության փորձ է: Սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ես կարող եմ ասել, որ նա, ով պլանավորել է դա, չի կարող որեւէ բանով վախեցնել ինձ, որպեսզի ես հրաժարվեմ իմ երկրի եվրոպական ինտեգրման նպատակից»: Հրաժարական ներկայացրած Վրաստանի եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին էլ նշել է. «Բռնապետությունը մոտենում է: Ժողովրդավարությունը վտանգված է»:

Որպես Ալասանիային պաշտոնանկ անելու պատճառ Վրաստանի վարչապետը նշել է, թե պաշտպանության նախարարության գնումների հետ կապված հարցերը մեկ անգամ չէ, որ իշխանությունները քննարկել են, պաշտպանության նախարարին նկատողություններ էին արվել:

Վրաստանում Իրակլի Ալասանիան բավական մեծ հեղինակություն ունի: Երբ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Իվանիշվիլին` վարչապետի հավանական թեկնածու էր համարվում Ալասանիան, բայց Իվանիշվիլին նախընտրեց Իրակլի Ղարիբաշվիլիին: Ալասանիան «Մեր Վրաստանը. միավորված դեմոկրատներ» կուսակցության առաջնորդն է: Նրա կուսակցությունը «Վրացական երազանք» դաշինքի մաս էր կազմում եւ խորհրդարանում տասը պատգամավոր ունի:
Վրաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, դրանց դրդապատճառները դեռ կքննարկվեն, կմեկնաբանվեն, կներկայացվեն տարբեր վարկածներ:

Սակայն այս օրերին Վրաստանի նախկին նախագահի հայտարարությունները Վրաստանի ներկայի մասին, կարծես, ավելի արժեքավոր են դառնում, ուշադրության արժանի, մինչդեռ նրա հայտարարությունները երբեմն որպես չափազանցություն են ընկալվում, եւ նրան հատուկ զգացմունքայնությունը մի տեսակ ներքաղաքական գործընթացների նկատմամբ այնքան էլ համարժեք չի հասկացվում:
Forbes պարբերականին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է. «Իվանիշվիլին պետք է գահընկեց արվի: Մեր նպատակն այն է, որ անխուսափելի հանդիսացող այդ գործընթացն իրականացվի այնպես, որ դրա հետեւանքով Ռուսաստանը չկարողանա արձակել իր ձեռքերը Վրաստանում եւ մինչեւ վերջ ոչնչացնի երկրի ինքնիշխանությունը: Կամ էլ, որ Վրաստանում չգրանցվի այնպիսի բռնություն, ինչպես որ դա տեղի ունեցավ Ուկրաինայում: Երկրում տեղի ունեցածի գլխավորն այն է, որ նա դուրս է եկել սահմանադրական համակարգից: Իրականում փլուզվել է գլխավորը. երկիրը ղեկավարվում է օֆշորից: Բոլոր որոշումներն ընդունում է մեկ մարդ, ով որեւէ բանի համար պատասխանատու չէ»:

Սաակաշվիլին դարձյալ քննադատել է Բիձինա Իվանիշվիլիին, նրան մեղադրել այն բանում, որ վերջինս հանդիսանում է ռուսական շահերի ներկայացնողը Վրաստանում, եւ որ նրա բիզնես-շահերը կապ ունեն ռուսական «Գազպրոմի» հետ: Վրաստանի նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանի գործող իշխանություններն իր դեմ քրեական գործ են հարուցել «Ռուսաստանի պատվերով», նա վստահեցնում է, թե «ռուսական օլիգարխի` Իվանիշվիլիի շահերը համընկնում են Ռուսաստանի շահերի հետ», եւ որ Իվանիշվիլին «Գազպրոմի» ամենախոշոր մասնավոր բաժնետերն է: «Օգոստոսյան պատերազմի տարելիցից առաջ Պուտինը չէր կարող պատկերացնել ավելի ցանկալի նվեր, քան Վրաստանի պետական մարմինների հրամանն իմ ձերբակալության մասին»,- հայտարարել էր մի առիթով Սաակաշվիլին:
Թե որքանով են Վրաստանի նախկին նախագահի մեղադրանքները՝ ուղղված Իվանիշվիլիին, իրականությանը մոտ՝ ցույց կտա ժամանակը:

Սակայն Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները հայաստանյան ներքաղաքական կյանքում էլ խորհրդանշական նշանակություն ունեն: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը, ինչպես հայտնի է, ստանձնել էր Գագիկ Ծառուկյանի «իվանիշվիլիացման» ազգանվեր գործը: Վերհիշենք Տեր-Պետրոսյանի ելույթը այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում, որի ժամանակ նա ասաց. «…Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սաակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)։ Ժամանակն է, հետեւապես, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը, որովհետեւ այդ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է առանց բացառության բոլորիս վրա…»:

Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիայի փլուզմամբ ինչ-որ առումով ընդհատվեց Վրաստանի երազանքը: Հետեւաբար, «հայկական Իվանիշվիլի» օպերացիայի հիմքը` նույնպես:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

08.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930