Պարույր Սեւակի տուն-թանգարանում ջեռուցման խնդիր կա
«0, կամ -2 աստիճան ջերմաստիճանի տակ դժվար կարողանանք աշխատողին պարտադրել, որ այցելուին ընդունի»,-այսօր, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Արարատի մարզ կատարած այցի ժամանակ ասաց Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն` Ավետիք Գրիգորյանը: Նա ասաց, որ ջեռուցման պատճառով է որ ցրտերն ընկնելուն պես թանգարանի այցելուները պակասում են:
Արդեն մեկ ամսից թանգարանի տարածքում կբացվի կառավարության աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքը, որտեղ թանգարանը կունենա գիտական աշխատողի սենյակ, առանձին ֆոնդասենյակ եւ այցելուն հերթականությամբ կծանոթանա գրողի տարեգրություններին եւ նրա մասին պատմող ցուցանմուշներին: Տնօրենը նախարարին ներկայացրեց Սեւակի անտիպ գործերը` «Սայաթ-Նովան եւ հայ միջնադարը» անավարտ գիտական աշխատությունը եւ հայրենի գյուղին նվիրված վեպ, որը կոչվում է «Ամանամեջ». այն շուտով պատրաստվում է տպագրության:
Սեւակի տուն-թանգարանում Հասմիկ Պողոսյանը հանդիպեց տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ: Զանգակատան դպրոցի տնօրեն Թամարա Հովհաննիսյանը նախարարից հետաքրքրվեց գյուղից պատմության թանգարան տեղափոխած խաչքարի ճակատագրով, ինչին ի պատասխան նախարարը ասաց. «Խաչքարը տարվել է ժամանակավոր` մաքրել ենք, մշակել, եւ նշված ժամանակահատվածում կվերադարձվի անպայման»:
Կարդացեք նաև
Նորաշենի դպրոցի փոխտնօրեն Քնարիկ Սարգսյանն էլ տիկին Պողոսյանին ներկայացրեց իր առաջարկությունը` «Սեւակյան պոեզիայի օրը» մշակույթի նախարարությունը վերցնի իր հոգածության տակ եւ ըստ արժանվույնս կազմակերպի հունիսի 17-ին: Նախարարը հավանություն տվեց եւ խոստացավ անձամբ ներկա գտնվել այդ միջոցառմանը:
Հասմիկ Պողոսյանը ասաց, որ թանգարանները պետք է գրավիչ տեսք ունենան` ներկայանալի, որպեսզի ավելանա նաեւ այցելուների թիվը:
Արարատ քաղաքի արվեստի դպրոցի բակում Նորաշենի փողային նվագախմբի երեխաները ելույթ ունեցան, որտեղ միակ աղջիկը 15 ամյա Սիրուն Հովակիմյանն էր: Համերգը տեղափոխվեց դպրոցի դահլիճ, որտեղ տարբեր համայնքների երաժշտական դպրոցի սաները ներկայացան երգով, դաշնամուրային, ազգային ժողավրդական նվագախմբով եւ ջութակի կատարմամբ:
Ելույթ ունեցող երեխաներից մեկին, ով քանոնի խնդիր ուներ, նախարարը խոստացավ քանոն նվիրել:
Համերգի վերջում` հարց ու պատասխանի ժամանակ, նախքան ուսուցիչները կներկայացնեին իրենց խնդիրները, Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նա արդեն այս այցերի շրջանակներում մի շարք խնդիրների է բախվել եւ որ մինչեւ այդ երաժշտական դպրոցներին այնքան էլ ուշադրություն չէին դարձնում, հիմա 2 օր առաջ քննարկել են երաժշտական դպրոցների գույքային եւ շենքային պայմանների խնդիրները եւ որոշել, որ ըստ հերթականության պետք է կարգավորել, իսկ շնորհալի երեխաներին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել` տրամադրել գործիքներ, հոգալ Հայաստանից դուրս ներկայանալու ծախսերը: «Հաջողությունները մեզ դրդում են, որ կամաց-կամաց խնդիրները լուծենք»,- երեխաների ելույթից ոգեւորված ասաց Հասմիկ Պողոսյանը: Նա նշեց նաեւ, որ արդեն քննարկման պետք է դնեն նաեւ երաժշտական դպրոցների ուսուցիչներին սոցիալական փաթեթներ տրամադրելու հարցը:
Այցի շրջանակներում ինչպես մնացած մարզերում, այս մարզում եւս գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրվեց վերջին տարիների պետական պատվերով տպագրված երաժշտական գրականություն: Նախարարը նաեւ շնորհակալագրեր շնորհեց մարզի երաժշտական դպրոցի 8 վաստակաշատ տնօրենների եւ ուսուցիչների:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ