Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրակարգ արվեստ՝ Արարատի արվեստի դպրոցի սաների համերգին

Նոյեմբեր 08,2014 12:30

Օրերս՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրվա առիթով, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ «Քնար» երաժշտասերների միության հրավերով (նախագահ՝ Յուրի Ղազարյան), համերգային ծավալուն ծրագրով ելույթ ունեցան Արարատի մարզի Արարատ քաղաքի միջնակարգ մասնագիտական Արվեստի դպրոցի սաները: Այսօր ավելի քան արդիական է հնչում Իսահակյանի տագնապալից տողերը. «Ես ձեզ ասում եմ կգա ոգու սով/ Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ/ Կնկնեք մուրալու հափրած որկորով/ Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ»:

Կարծես սթափեցնելու կոչ է բոլոր այն երաժիշտ-երգիչներին, ովքեր նյութի համար պատրաստ են վաճառել իրենց մաքուր, զուլալ, անապակ երգը արաբա-թուրքական գունազարդումներով դավաճանված, խեղաթյուրված, ոչ միայն մեր երկրում, այլ նրա սահմաններից դուրս: Այո, այսօր մեր հասարակությունը կարոտ է հրեղեն խոսքի, վեհ խոսքի, ազգային բարձրարվեստ երգի ու մեղեդու: Երաժշտասերների միությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին: Խնդրի մասին բարձրաձայնում են նաեւ մեր երաժշտագետները, մտավորականները:

Մաքրենք մեր երգը, փրկենք մեր եթերը օտարամուծությունից: Կրկնում ենք՝ ռեստորանի անճաշակ երգը թող մնա ռեստորանում: Չնայած մենք շատ կուզենայինք, որ նույնիսկ ռեստորանում առանց օտար միջամտության հնչեն մեր երգերը: Հավատացեք, դրանից մեր երգիչների արվեստը չի տուժի: Կրկին լսենք Կոմիտասին՝ նրա պահպանածն ու թողածը: Բայց անարդյունք են մեր բոլոր հորդորներն ու բողոքները: Միակ ելքը մնում է կրթօջախը: Եվ ահա Արարատի արվեստի դպրոցը՝ իր ողջ ստեղծագործական կազմով: Դահլիճում Արարատի մարզի եւ Արարատ քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներն են, սաների ծնողներն ու բարեկամները, նրանց կողքին՝ մեր երկրի լավագույն երաժիշտ-կատարողները: Դպրոցի համերգային ծրագիրն ավելի քան բազմաշերտ է ու հետաքրքիր: Մենք սովոր ենք երաժշտական դպրոցում տեսնել երգչախումբ, ազգային եւ դասական նվագարաններ, բայց ոչ մեկի մտքով իսկ չէր անցնում, որ մայրաքաղաքից դուրս ապրող սաները կարող են իրենց նվագարանների՝ դաշնամուր, ջութակ, քանոն, կողքին այսքան սիրով, նվիրումով մղվել դեպի համաշխարհային երաժշտարվեստի գանձարանը. այսօր՝ Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը» երաժշտական ներկայացման տեսքով (մյուզիքլ):

Սա ընդամենը անհրաժեշտ մի փորձ է սաների համար՝ ճանաչելու նաեւ համամարդկային երաժշտական գլուխգործոցները: Զարմանալի է. երեկոն սկսվեց Ռոսսինիի ամենաչքնաղ, պայծառ, երաժշտական տրամադրությամբ (բեմադրությունը՝ Ռիտա Գեւորգյանի) եւ ավարտից հետո քանոնահարուհին (Հասմիկ Շահբազյան), Ռոսսինիի կերպարի հանդերձանքը փոխելով, արդեն հայկական տարազով ներկայացավ հայկական ժողովրդական մեր ամենազգայացունց մեղեդիով՝ իսահակյանական տրամադրություն հաղորդելով ունկնդրին:

«Օտար, ամայի ճամփեքի վրա»… Իսահակյանի «Ոգու սովը», կարծես մի պահ տեղի տվեց եւ սկսեցինք վայելել եւ քանոնահարների անսամբլի հրաշալի կատարումները՝ հիմնադիր ղեկավար Գայանե Հովհաննիսյան, եւ ընդամենը մի քանի տարվա ստեղծագործական կյանք ունեցող ժող. նվագարանների «Թամարա» նվագախմբին՝ Հովհ. Հայրիկյան: Այո, դպրոցում է ձեւավորվում մեր ապագա երգիչը, երաժշտասեր հասարակությունը, որ այսօր թվում է անհուսալի անառողջ, որ իրեն թույլ է տալիս ամենուր լսել ամեն մի աղավաղված երգ ու մեղեդի: Կարող են եւ տարակարծիքներ լինել Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը» բեմադրության հանդեպ՝ դպրոցականի ձայնով, շնչով ներկայացնելու համար:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930