Որտե՞ղ է որակյալ կրթության դռները բացող այն հրաշագործ բանալին, որ մեր հասարակությունը կորցրեց նորահնար դերերի փնտրտուքներում… Գուցե կրթության նախարարության կամ համապատասխան հանձնաժողովների ձեռքի՞ն, գուցե այդպես էլ ավելի լավը չդարձող դասագրքերի էջերո՞ւմ… Կրթական բարեփոխումներն, իհարկե, անհրաժեշտություն են, սակայն փոփոխությունը` կրթական հեղաշրջումը, պետք է սկսվի ու ավարտվի յուրաքանչյուր մանկավարժի խոր գիտակցության մեջ: Մենք՝ մանկավարժներս, «վաճառում» ենք մեր գիտելի՞քը… Ո՛չ: Մենք բոլորս էլ, իհարկե, վաճառում ենք՝ լինի դա գույք, գիտելիք, թե ժամանակ՝ կայանալով եւ մեր ուրույն տեղն ամրապնդելով աշխատաշուկայում, որն օր օրի ավելի դաժան պայմաններ է թելադրում: Սակայն ես ուզում եմ շեշտադրել մի հանգամանք. մենք վաղուց դադարել ենք վաճառել մեր գիտելիքը, ասել է թե՝ դադարել ենք տեղեկատվության աղբյուր լինելուց: Այսօր գիտելիք կարելի է ձեռք բերել ամենուր: Այսօր տեղեկատվության աղբյուրներն անսպառ են: Եվ այն, ինչ մենք սովորեցնում ենք սոկրատեսաբար, սովորողն առանց մեզ էլ կարող է գտնել համացանցում կամ այլուր, ուրեմն արժեզրկվել է գիտելիք կրելու մեր մենաշնորհը. հաճախ սովորողն ավելի տեղեկացված է, եւ դա զարմանալի չէ: Ուրեմն ո՞րն է այն փոփոխությունը, որ պետք է կատարի մանկավարժը իր պատկերացումների մեջ՝ ինքն իրեն ուղղելով մեր օրերի հարցը. «Ո՞րն է իմ եւ համացանցի կամ տեղեկատվական այլ աղբյուրների տարբերությունը»: Դա ոչ թե գիտելիքի որոշակի ծավալի բարեխիղճ մատուցումն է, այլ գիտելիք փոխանցելու կարողությունը, հմտությունը` անցյալից ապագա կերտելու մանկավարժական արվեստը…
Դա այն բանի գիտակցումն է, որ մենք վաճառում ենք գիտելիք փոխանցելու մեր կարողությունը…
Իսկ մեր գնորդը ծնողական համայնքն է, հասարակությունը, որն իրավունք ունի տալու սպառողի իր գնահատականը: «Մեր ծառայությունն անթերի է»,- ասում ենք մենք, սակայն եթե դա հեռու է ճշմարտություն լինելուց, սպառողը պարզապես չի վերադառնա մեզ մոտ, կամ, որ գուցե լավագույնն է, կքննադատի, ու դա կօգնի մեզ հասկանալու մեր իսկ ծառայության որակը: Ցավոք, դեռեւս հասարակական գիտակցությունը չի հասել նման համարձակության, ավանդույթի շղարշով պարուրված՝ դեռեւս արձանագրում ենք մեր ճիշտն ու սխալը կամ էլ մեզ համարում անսխալ: Սա գուցե չի բացատրում հանրային եւ անվճար կրթության սկզբունքը, որովհետեւ այստեղ ծնողը լռում է, աշակերտը՝ հաշտվում, ուսուցիչը՝ աշխատում անքննարկելիորեն: Սակայն սա ըստ ամենայնի բացատրում է մասնավոր կրթօջախի աշխատանքային սկզբունքը, որտեղ մրցակցող է յուրաքանչյուր ուսուցիչ, ով գնահատվում է համակողմանիորեն աշակերտի, ծնողի, աշխատակիցների եւ տնօրինության տեսանկյուններից: Եվ աշխատանքի բովանդակության ընկալման այսպիսի դաշտում է, որ ձեւավորվում է կրթության որակը:
Ցանկացած դեպքում «իմ դասին ցրված է», «իմ առարկան չի սովորում», «իմ առարկան չի սիրում», «իրեն պահում է անտանելի» արտահայտություններն աղաղակում են. «Ես դժվարությամբ եմ իրականացնում իմ ծառայությունը. հնացել են գիտելիք փոխանցելու կարողություններս»:
Կարդացեք նաև
Ցանկացած դեպքում, երբ «վաճառողը» խոստովանում է, որ ինքը «վաճառում է, նույնիսկ նվիրում», իսկ «գնորդը» պարզապես չի կարողանում «վերցնել», ուրեմն ինչ-որ բան այն չէ:
Խնդրում եմ մանկավարժություն եւ վաճառք համատեղումը փարիսեցիորեն անամոթ չհամարել, այլ մի պահ մտածել, որ. Եթե մենք վաճառում ենք դեմքի հավերժ դժգոհ արտահայտությամբ եւ բարկության դրոշմով, ապա սպառողը խուսափում է:
Եթե մենք վաճառում ենք` բողոքելով սպառողի դանդաղ կողմնորոշվելուց եւ ընտրությունից, սպառողը հեռանում է:
Եթե մենք վաճառում ենք` ատելով եւ՛ վաճառքի սրահը, եւ՛ վաճառելու մեր քիչ վարձատրվող մասնագիտությունը, սպառողը փախչում է:
Եվ պետք չէ մարգարե լինել` գուշակելու համար, որ առաջիկայում ունենալու ենք որակավորված աշխատանքի կարիք. ցավոտ ու ահագնացող հարց՝ գիտատեխնիկական սրարշավ առաջընթացի ու աշխատատեղերի կտրուկ նվազման այս դարում: Ցանկացած մասնավոր հաստատություն, այդ թվում եւ կրթական, բախվում է այս ամենին եւ գտնելով այս հարցերի պատասխանները, զարգացնելով գիտելիք փոխանցելու կարողությունների եւ հմտությունների իր համակարգն ու գիտելիքի բովանդակության որակը՝ դրանով իսկ ձեռք է բերում առավելություն մրցակցության սահմաններ չճանաչող, պետության հովանավորությամբ անբեկանելիորեն գոյություն ունեցող հանրային կրթության նկատմամբ:
Եվ գործելաոճի հենց այս սկզբունքներով է բացատրվում մասնավոր կրթօջախի շրջանավարտի` ընդհանուր միջավայրում մրցակցային հմտություններով, 21-րդ դարի մարդուն անհրաժեշտ թիմային աշխատանքով եւ այլ կարողություններով զանազանվելը: Ցավոք, նման վերջնարդյունքի միտում չկա կրթական բարեփոխումների հիմքում, քանի որ չկա ցանկացած մասնագետի եւ կրթական հաստատության նկատմամբ մրցունակության պահանջ, չկան ուսուցման արդյունավետությունը գնահատող չափանիշներ եւ մոտիվացնող հետաքրքրություն: Ուստի սերունդներին կրթելու բեռն իր ուսերին առած հարգանքի արժանի մանկավարժներիս, անկախ պետական վերաբերմունքից եւ երկրում ստեղծված իրադրությունից, անկախ նախկինում ունեցած փորձառությունից ու ձեռքբերումներից, առաջարկում եմ վերանայել մեր կոչումը կյանքում, ու եթե նորից կընտրենք կրթությունը, ապա ամեն անգամ դասասենյակ կամ լսարան մտնելիս հիշենք մի պարզ կանոն. մենք իրացնում ենք ոչ թե մեր գիտելիքը, այլ գիտելիք փոխանցելու մեր կարողությունը: Իսկ այդ կարողությունը ենթակա է անվերջ եւ ճկուն փոփոխությունների` անվերջ փոփոխվող հասարակությանը համապատասխան: Եվ եթե մանկավարժությունն ինձ համար ուղղակի զբաղմունք է, ապա ես պարզապես ապահովում եմ իմ ներկայությունը լսարանում:
ՍՈՆԱ ՄԻՍԿԱՐՅԱՆ
«Օհանյան» կրթահամալիրի
փոխտնօրեն
«Առավոտ» օրաթերթ
07.11.2014