Լրահոս
Օրվա լրահոսը

130 մլն դոլար՝ «Հին Երեւան» կառուցելու համար

Նոյեմբեր 08,2014 14:00

Երեւանի կենտրոնում` Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի եւ Արամի փողոցների միջեւ եղած տարածքում շինարարական խոշոր նախագիծ է սկսվում՝ «Հին Երեւան»: Այդ խոշոր տարածքը, որտեղ պատրաստվում են կառուցել «Հին Երեւանը», առաջարկվում է դրսի հայերից մեկին՝ մոտավորապես 130 մլն դոլարի ներդրման դիմաց:

Չնայած այդ տարածքը պատկանում է «Գլենդել հիլզ» եւ «Ի Էմ Սի» շինարարական ընկերություններին, որոնց օգտին, ի դեպ, անցյալ տարի այդ տարածքում պատկանող անշարժ գույքը օտարվել էր սեփականատերերից, իբրեւ գերեկա շահ՝ այսօր այն տրվում է «Օլդ սիթի» ՓԲԸ-ին, որն իրականում վերոնշյալ երկու կազմակերպությունների սեփականատերերի կողմից ստեղծած ընկերություն է՝ հատուկ «Հին Երեւանը» կառուցելու համար: «Հին Երեւանը» կառուցելու մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հույս հայտնելով, որ խոչընդոտներ չեն ծագի: Պարզվում է՝ «Հին Երեւանի» հարեւանությամբ՝ քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել հյուրանոց:

«Առավոտի» դիտարկմանը, թե շատերը դեռ Հյուսիսային պողոտան չեն «մարսել», իր կարծիքով՝ որքանո՞վ էր նպատակահարմար նման հսկա նախագիծը սկսել, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Մենք տուրիստական երկիր ենք ուզում դառնալ, տուրիստական քաղաք, տուրիզմը մեր գերակայություններից մեկն է, տարեկան հինգ հարյուր հազար մարդ ենք ընդունում, որոնց իրոք հետաքրքիր է, օրինակ՝ Էրեբունին տեսնել, միջնադարյան եկեղեցիները եւ պարզ է, որ դարասկզբի շենքեր էլ պիտի լինեն: Եվ այս առումով, այդ նախագիծն արդարացված է: Իսկ ընդհանրապես՝ բոլոր երկրներում մայրաքաղաքների հին մասը պահպանում են ու դա դառնում է հարթակ՝ տուրիստների համար, երբ քաղաքիդ կենտրոնը լուսավորված է, տուրիստները գնում են լուսանկարվում, ինչ-որ բան գնում…»:

Հարցին՝ դրան կից հյուրանոց է լինելու, արդյոք դա չի՞ արվում կոնկրետ մարդկանց բիզնեսի համար, Ահարոն Ադիբեկյանը հետեւյալն ասաց. «Իրենց բիզնեսը չի կարող միանվագ լինել, դա կարող է իսկապես լուրջ բան լինել, եթե քաղաքի հին մասը պահպանվի: Ճիշտ է, այստեղ, այս փողոցներում խնդիրներ կան, որովհետեւ լրիվ հայկական ճարտարապետություն չէ, հայ հայտնի ճարտարապետների շինարարական մղումներ են, բայց բոլոր դեպքերում այդ փողոցների տեսքը պետք է պահպանվի: Ես տեղյակ եմ նաեւ, որ ուզում են Այվազովսկու թանգարան բացել, ինչի համար էլ՝ «Էրեբունի պլազայի» շենքը տվեցին վերակառուցման: Թող մեր ունեւոր բարեկամները մի բան սարքեն, որ հետո մեր հետնորդները հպարտանան»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930