Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ազատամարտը՝ երգերում

Նոյեմբեր 08,2014 14:30

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ընթացիկ ուսումնական տարվա սկզբից երգիչ, երգահան Սահակ Սահակյանի հեղինակած «Հայոց ազատամարտը երգերում» գիրք-երգարանը երաշխավորված է որպես ուսումնաօժանդակ գրականություն հանրակրթական դպրոցներում: Երգարանում ընդգրկված ստեղծագործությունները ներկայացնում են պատմական մի մեծ ժամանակահատված՝ Ավարայրից մինչեւ Արցախյան ազատամարտը: Խորհրդային տարիներին հայ երաժշտագիտության մեջ թյուր կարծիք կար՝ իբր Կոմիտաս վարդապետը դեմ է եղել ազգային-ազատագրական շարժումներին, հետեւաբար՝ նաեւ ազգային հեղափոխական երգերին: Մինչդեռ Կոմիտասը Նիկողոս Թահմիզյանին գրած նամակում հեղափոխական երգերն անվանել է արդի դյուցազներգություններ՝ ի տարբերություն հին եւ միջնադարյան դյուցազներգությունների՝ «Վահագնի ծնունդը», «Մոկաց Միրզա», «Սասնա ծռեր» եւ այլն: Այս առիթով վարդապետը գրում է. «Առայժմ մի կողմ դնենք եկեղեցական խազերի պատմությունը եւ ուշադրությունը կենտրոնացնենք դյուցազներգության մասին ասածի վրա»: Նա այս երգերը ժողովրդական է համարում հավանաբար այն պարզ պատճառով, որ իր հավաքած նյութերը հիմնականում գրառվել են ժողովրդական երգիչների կատարումներից:

Sahakyan_girq

Ազատամարտի երգերը՝ հեղափոխական, ազգային-ազատագրական, իրենց վրա կրելով պատմական ժամանակների կնիքը, ազգային երգարվեստի մեծ մասն են կազմում ու սիրված են մեր ժողովրդի կողմից: ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խոսքերով՝ «այս երգարանով մեր հանրության սեղանին է դրվում սպասված մի աշխատություն՝ ապագա սերունդներին նոր խիզախումների նախապատրաստող զենք: Նման գրականության ու երգարվեստի պարագայում մենք ձեռք ենք բերում հոգեւոր-մտային մեծ պաշար ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի իրողության երգը մի օր երգելու համար: Այս է Սահակ Սահակյանի գրքի խորհուրդը եւ պատգամը գալիքի մարտնչող սերունդներին ու երգիչներին»:

«Առավոտի» հետ զրույցում Սահակ Սահակյանը նշեց. «Ազգային-ազատագրական երգերի մեծ մասը նվիրված է այդ պայքարի երկունքից ծնված այն պաշտելի վահագնածին երիտասարդներին, որոնք տոգորված մաքուր ազգային գաղափարաբանությամբ՝ Հայաստանի ու հայ ժողովրդի համար նահատակվելու պատրաստակամություն ցուցաբերեցին: Այդ երգերը հայ մարդուն մաքրագործող, վեհացնող, դաստիարակող են եւ, միեւնույն ժամանակ, խիստ պարտավորեցնող»: Նա հավելեց, որ այդ երգերը պետք է կատարել շատ մեծ պատասխանատվությամբ, արժանապատվությամբ ու հպարտության զգացումով, անմնացորդ նվիրումով: Հեղինակը խորհուրդ է տալիս նախ ուսումնասիրել մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմությունը եւ հետո միայն ձեռնամուխ լինել այդ երգերի կատարմանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930