Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալն իրեն դեռ գերի է կարծում

Նոյեմբեր 08,2014 15:00

«Մեկ տարուց ավելի գտնվում եմ գերու կարգավիճակում, քանի որ չեմ կարողանում օգտվել ինձ հասանելիք վաղաժամկետ ազատումից, չնայած այն հանգամանքին, որ բավարարել եմ դրա համար պահանջվող բոլոր չափանիշները»,- «Առավոտին» ուղղված դիմում-խնդրագրում գրում է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին, ով բազմիցս իր խնդիրները բարձրաձայնել է ԶԼՄ-ներով:

Պատժի կրման 4 տարի 9 ամսվա ընթացքում Ռ. Ամատունին թույլ չտալով ոչ մի կարգապահական խախտում, արժանանալով խրախուսանքների, դրսեւորելով իդեալական վարքագիծ, շարունակում է գտնվել անազատության մեջ: «Գերու կարգավիճակում եմ, քանի որ չեմ կարողանում օգտվել իմ վաղաժամկետ ազատման իրավունքից, հասնել միայնակ, 2-րդ կարգի հաշմանդամ մորս, գտնել իմ տեղը հասարակության մեջ, ընտանիք ստեղծել եւ գործել ու աշխատել հանուն իմ ընտանիքի եւ հայրենիքի: Պատժի նպատակն է մարդուն բժշկելը, ուղղելը: Ես լիարժեք ուղղված եմ, եւ դա ապացուցված է դատարանի որոշմամբ: Իսկ եթե ուղղված եմ, ապա ինչո՞ւ են ինձ այստեղ պահում: Գրված օրենքները չեն գործում եւ անտեսվում են հենց օրենք գրողների կողմից»,- նշել է Ռ. Ամատունին:

Ս. թ. մայիսի 23-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահ՝ Ս. Մնոյան) վերացրել է ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի 31.04.2014թ. կայացրած մերժման որոշումը, պարտավորեցրել Ռ. Ամատունուն վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնել անկախ հանձնաժողովին: «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը կատարել է դատարանի որոշումը՝ օրինական ուժի մեջ մտնելու հենց հաջորդ օրը: Սակայն անկախ հանձնաժողովը փակ, գաղտնի քվեարկությամբ մերժել է Ռ. Ամատունու վաղաժամկետ ազատումը: «Անկախ հանձնաժողովը, հակասելով դատարանի որոշմանը, որը ենթակա է պարտադիր կատարման, մերժեց իմ վաղաժամկետ ազատումը:

Ես բողոքարկեցի այդ որոշումը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը վարում էր դատավոր Սուրիկ Մնոյանը, ով այս անգամ հակասեց իր առաջին արդարացի որոշմանը՝ մերժելով իմ բողոքը: Ես բողոքարկել էի անկախ հանձնաժողովի որոշումը սահմանված ընթացակարգը խախտելու մասով՝ հանձնաժողովի անդամները ինձ հետ չեն հանդիպել մեկուսի, այլ հիմնարկի վարչակազմի ներկայությամբ, եւ օրենքին հակասելու մասով (մինչեւ 05.02.2008թ. սահմանափակում էր դրված ՀՀ նախագահի հրամանագրով եւ անկախ հանձնաժողովի որոշումը հնարավոր էր բողոքարկել սահմանված ընթացակարգի խախտման դեպքում, որը վերացրեց Սահմանադրական դատարանը՝ թիվ 733 որոշմամբ): Դատարանը չքննարկեց իմ բողոքի այն մասը, որով ես հիմնավորել եմ, որ անկախ հանձնաժողովի որոշումը հակասում է օրենքին, այլ քննարկեց միայն սահմանված ընթացակարգի խախտման մասով եւ մերժեց բողոքս՝ հակասելով իր առաջին որոշմանը»,- գրում է դատապարտյալը, հայտնելով, որ իր բարոյահոգեբանական խոշտանգումը շարունակվում է անկախ հանձնաժողովի կողմից:

16.10.2014թ. նա բողոքարկել է դատարանի 7.10.2014թ. որոշումը եւ հույս ունի, որ վերաքննիչ քրեական դատարանն արդար քննություն կանցկացնի եւ կկայացնի օբյեկտիվ որոշում:

Միաժամանակ դիմում է ՀՀ նախագահին՝ խնդրելով ուշադրություն դարձնել վաղաժամկետ ազատման խնդրին, որպեսզի դատապարտյալների նկատմամբ դրսեւորվի անհատական մոտեցում, այլ ոչ թե՝ ընդհանրական: Խնդրում է նաեւ հսկել անկախ հանձնաժողովի գործունեությունը եւ հանձնարարել, որպեսզի վերացվի իր նկատմամբ կայացրած ապօրինի որոշումը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930