1990-ականների սկզբներին ՀԱԲ-ի զինաթափումը որքան էլ որ ծանր ընկալվեց հասարակական որոշակի շրջանակներում, որքան էլ որ բարդ իրավիճակի մեջ դրեց շատ անհատների՝ ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ քաղաքական իմաստով դա դրական հետեւանքներ թողեց: Զենքով տղաները տեղ չունեն քաղաքական գործընթացներում: Եվ սա ամենեւին էլ չի նշանակում նրանց գործունեության նվաստացում: Պարզապես կան կանոններ, որոնց կիրառումով առավել հարթ կյանքի ընթացք է լինում: ՀԱԲ-ի զինաթափմամբ, ցավոք, հնարավոր չեղավ վերջնականապես լուծել այդ խնդիրը:
Զենքով տղաները՝ տարբեր պատճառներով, տարբեր բարձրաստիճանների հովանավորությամբ, հայտնվեցին հայաստանյան քաղաքական կյանքում, ու դրա պտուղներն այսօր վայելում ենք: 2008-ի փետրվարյան լարված օրերին Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր՝ «Ժողովուրդ, գեներալ Մանվելը մեզ հետ է»: Հետո պարզվեց, որ գեներալ Մանվելը արտաքուստ ոչ ոքի հետ չէ, իրականում Սերժ Սարգսյանի հետ է:
«Բաղդադում էլ խուրմա կա, թո՛ղ ինչ ուզում է՝ դառնա, դա իր խնդիրն է: Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում իշխանություն է եղել, այդ ո՞ր օրվանից է ոչ իշխանություն դարձել»,- օրերս ասել էր ՀՀԿ-ական գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է երկրի նախագահ դառնալ, կարո՞ղ է: Դրան հետեւեց ԲՀԿ-ական զենքով տղաների՝ գեներալ Մանվելին ուղղված կոչը՝ «Դեռ ուշ չէ, Մանվել, միացիր ժողովրդին»: Մինչ այդ ականատես եղանք մեկ այլ ՀՀԿ-ական գեներալի՝ Սեյրան Սարոյանի՝ կուսակից ընկերոջը՝ Վարդան Այվազյանին, ուղղված նախատինքին. «Տեսեք, հա, ժողովրդի համար չի ըլէ…»: Խոսքը վերաբերում էր սահմանամերձ բնակավայրերին արտոնություններ տալու մասին կառավարության նախագծին: Դե, ՀՀԿ-ական մեկ այլ կարկառուն զենքով տղայի՝ Սյունիքի մարզպետի քաջագործությունների, նրա ազատամարտիկ-օգնականի եւ այլնի մասին խոսելը, մեկ անգամ եւս հիշեցնելը ավելորդ է:
Այլընտրանք քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն էլ, քաղաքական իրավիճակից ելնելով՝ փորձում է սեփական ազատամարտիկներին դաշտ բերել՝ ի հակակշիռ իշխող ուժի ու նրա ազատամարտիկների: Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական ազատամարտիկ պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը որքան էլ որ նախնական հարցազրույցներում ջանում էին ապացուցել, որ իրենց ստեղծած կազմակերպությունները եռյակի ու նրա տանող ուժի՝ ԲՀԿ-ի հովանու ներքո չեն, որ դրանք ի հակակշիռ ԵԿՄ-ի չեն, վերջին հանրահավաքներն ի չիք դարձրին նաեւ այդ պնդումները: Մանվել Գրիգորյանի հետ Ռուստամ Գասպարյանի հեռակա «բանավեճը» ապացույցներից մեկն է, որ ԲՀԿ-ի տանիքիի տակ հավաքված ազատամարտիկները, որպես քաղաքական գործիք, օգտագործվելու են հակառակ ճամբարի դեմ: Այս ամբողջ պատմության մեջ, թերեւս, հիմնական տանուլ տվողը ՀԱԿ-ն էր: Նրա ու առաջին նախագահի «հովանու ներքո» գործող ազատամարտիկները սահուն համալրեցին ԲՀԿ-ական ազատամարտիկների շարքերը:
Կարդացեք նաև
Այս ամենը փաստում է մեկ բան՝ վաղուց ժամանակն է, որ ազատամարտիկները մեկընդմիշտ հեռանան քաղաքականությունից, թեկուզ հենց նրա համար, որ միմյանց վիրավորելով ու վարկաբեկելով նոր սերնդի աչքում չնսեմացնեն ազատամարտի նվիրյալ գաղափարը: Չմոռանանք՝ Ղարաբաղյան պատերազմը դեռ ավարտված չէ:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2014
https://surhandak.wordpress.com/2014/08/19/ազատամարտիկի-նամակը-ազատամարտիկնե/