Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպել են Հովիկ Աբրահամյանն ու Արամ Սարգսյանը

Նոյեմբեր 08,2014 17:00

Վարչապետը խոստացել է վարկերն արդյունավետ ծախսել

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հանդես եկավ օտարերկրյա պետություններից եւ միջազգային ֆինանսական կառույցներից Հայաստանի ստացած ավելի քան 4,5 մլրդ դոլարի համարժեք վարկերի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջով: Առ այսօր իշխանությունները, մասնավորաբար, ՀՀ կառավարությունը հաշվետվությամբ հանդես չի եկել վարկերի որակական կառուցվածքի, դրանց օգտագործման նպատակների, տնտեսական արդյունավետության առիթով: Ավելին՝ ՀՀ որեւէ կառավարություն չի ունեցել վարկեր ստանալու եւ դրանք նպատակային օգտագործելու համալիր, ռազմավարական ծրագիր:

Դեմկուսի հայտարարությանն արձագանքել է ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ում պատասխանը հաստատել է կասկածները, որ մի շարք վարկեր, բավական խոշոր գումարներ ծախսվել են ոչ այն նպատակով, ինչով որ ստացվել են, այլ դրանցով փակվել է բյուջեի պակասորդը: Օրերս այս թեմայի շրջանակներում կայացել է նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հանդիպումը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Սարգսյանն ասաց, որ բավական անկեղծ զրույց են ունեցել վարչապետի հետ. «Գտնում եմ, որ վարչապետը մտահոգված է այդ հարցով: Բավական լավ պատրաստված էր. շատ վարկերի հետ կապված բոլոր մանրամասներին տեղյակ էր: Եկանք այն եզրակացության, որ այդ կերպ շարունակել չի կարելի, պետք է մշտական մոնիտորինգ անել վարկերի օգտագործման արդյունավետության մասով»: Արամ Սարգսյանը, սակայն, պնդում է՝ մինչ այժմ եղած վարկերի մասով էլ կառավարության հաշվետվությունն անհրաժեշտություն է, քանզի առանց գոնե մեկ անգամ ժողովրդի առջեւ պարզ ու շիտակ ներկայանալու՝ որեւէ երաշխիք չի լինի, որ նույնը չի կրկնվի, մանավանդ, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Համաշխարհային բանկը 711 միլիոնի նոր վարկային գիծ է առաջարկում: Վարչապետն ասել է, որ այդ գումարով նախատեսվում է չորս ջրամբարների կառուցում: «Մենք կողջունենք այդպիսի մոտեցումը, դա գյուղատնտեսության զարգացման համար է»,- ասաց Արամ Սարգսյանը:

ՀԴԿ-ն «Նաիրիտ-2»-ի վերագործարկման ծրագիր է մշակել, որը կուսակցության ղեկավարը հանձնել է վարչապետին, խոսել են հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորաբար՝ հանքանյութի արտահանման մաքսատուրքերի զրոյականությանն առնչվող, ինչի արդյունքում պետական սեփականության հաշվին որոշ անձինք գերշահույթներ են ստանում, քազի նաեւ դրսում վաճառքից շահութահարկ չեն վճարում: Արամ Սարգսյանը վարչապետին նաեւ հիշեցրել է, որ անցյալ տարի կառավարությունը խոստացել էր նոր առաջարկներ ներկայացնել տխրահռչակ եւ վիճահարույց «գենդերային» օրենքի մասով, որոնք դեռ չի ներկայացրել, մինչդեռ մինչեւ նոյեմբերի 15-ը դրանք պետք է պատրաստ լինեն: Ներկայացրել է ՀԴԿ-ի հետ համագործակցող «Ծնողական կոմիտե» նախաձեռնության առաջարկը՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անել, որպեսզի երեխաներն իրականում պաշտպանված լինեն «վտանգավոր լրատվության» մատուցումից եւ այլն:

Արդեն քաղաքական խնդիրների, մասնավորաբար՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀԴԿ-ի դիրքորոշման մասով Արամ Սարգսյանը նկատել է, որ ՀԴԿ-ն մշտապես կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, բայց անհասկանալի է այն, թե ինչո՞ւ առկա խնդիրները հնարավոր չէ լուծել գործող Սահմանադրության պայմաններում: «Խնդիրն այն է, թե որքան հնարավորություններ եւ կարողություններ կունենա վարչապետը, որ երկրի առջեւ ծառացած շատ ավելի մեծ ու լուրջ խնդիրների լուծմանն ընթացք տա»,- իր տպավորություններով կիսվեց մեր զրուցակիցը: Հարցին՝ նմանատիպ հանդիպումների ու տարբեր խոստումներ լսելու հարուստ փորձ ունեցող քաղաքական գործիչն ի՞նչ տպավորություն է ստացել Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից. քաղաքական կամքը, որի մասին անընդհատ խոսվում է, տեսե՞լ է վարչապետի մոտ: «Ցանկությունը տեսա, դրական տրամադրությունն ու տրամադրվածությունը նույնպես զգացի: Մնացածը գործերում պետք է արտահայտվի»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես որ պայմանավորվել են վարչապետի հետ, ՀԴԿ-ն նաեւ գործնական քայլերով կպաշտպանի Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության գործունեությունը:

Ի դեպ, Արամ Սարգսյանն այն կարծիքին է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով պայմանավորված՝ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվելու. «Մաքսային օրենքներում փոփոխություններ են լինելու, որոնք ի նպաստ չեն լինելու մեր որոշ գործարարների, որոնք այսօր ստվերում են, հարկերից ու մաքսատուրքերից խուսափում են: Հենց սկսվեն խաղի կանոնների փոփոխությունները, խորհրդարանում կձեւավորվի գործարարների մի նոր խումբ, որը փորձելու է պաշտպանել սեփական շահերը, դա բերելու է խորհրդարանական ճգնաժամի, ինչն էլ կավարտվի խորհրդարանի ցրումով»: Մեր զրուցակիցն այն կարծիքին չէ, սակայն, որ գործարարները կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ձգտող եռյակի քաղաքական ուժերը մեծ օգուտներ կստանան այդ ընտրություններից. «Քաղաքական ուժերը, որոնք իրականում կկարողանան համապատասխանել ներկայիս քաղաքական պահանջներին եւ տնտեսական նոր իրավիճակին, նրանք էլ կստանան համապատասխան կրեդոներ»: Այս գործընթացի զարգացումը մեր զրուցակիցը կանխատեսում է արդեն հունվարից, որի ավարտը կլինի ամենաուշը սեպտեմբերին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930