Մեր գյուղի նախագահի Վաժա անունով ձին, որը բոլոր ձիերի որձն էր եւ վերջին ժամանակներում ծնված քուռակների առհասարակ հայրը՝ արդեն ծերացել էր: Եվ զրկվելով տիրոջ արծաթազօծ թամբ ու լկամից՝ պարապ թափառում էր:
Ծերացել էր նաեւ տերը, զրկվել կնոջից, քանի որ կինը մահացել էր, իսկ Վաժա ձին այլեւս չճանաչելով իր տիրոջը՝ անընդհատ փնտրում էր իր երամակը, որի տերն ու որձը մի ժամանակ ինքն էր: Եվ այդ օրերին, գարնան կանաչող հանդիսավոր հանդերում տեսավ ջահել էգին ու դաշտերում աշխատող, անտեղյակ հասարակության աչքի առաջ, թռավ վրան, թռավ ու չկարողացավ, նորից թռավ, էլի չկարողացավ, թռավ երրորդ անգամ եւ չկարողանալով՝ կանգնեց ետեւի ոտքերին ու վրնջաց սահմռկեցուցիչ, արդեն ոչ ձիու ձայնով եւ արշավեց անմարդ դաշտերի միջով, անհայտ ուղղությամբ, գնաց ու այլեւս չվերադարձավ:
Հետո օրեր շարունակ անտեղյակները, որ արդեն տեղեկացել էին, քննարկում էին, թե ո՞ւր անհետացավ Վաժա անունով ձին, խոսում ու պատասխանը չէին գտնում:
Եվ պատասխան չգտնող մարդկանց մեջ եղան խելոքներ, որոնք ծանոթ էին ցեղի պատմությանը, ենթադրում էին, որ Վաժան կտրել-անցել է ներկայի եւ պատմության սահմանը ու միացել Դարեհ Մեծին տրվող ամենամյա տուրք-ձիերի այն խմբին, որ քանդակված է հայտնի բիհիստունյան ժայռի վրա, որտեղ նկարված է, թե ինչպես ենթակա տերությունները ոչխարներ ու անասուն էին բերում արքային նվեր, իսկ հայերը՝ ձի եւ գինի…
Մեր խեղճ Տիրան, չափից ավելի նժույգ սիրող թագավոր, ով իր նվիրյալ Չալպուտուրիկ ձիու պատճառով կորցրեց թագավորությունը: Ձի, որ ծերացած չէր Վաժայի նման:
Եվ հիմա, երբ մեր չընկալված պատմության ծիրում մեր ջահել ու ծեր ձիերը շարունակ անցնում են օրեցօր մաշվող մեր կյանքի հորիզոններով՝ ես ուզում եմ տեսնել ձիավորին: Ուզում եմ տեսնել նրան, ով ոչ տուրք կտանի այլոց արքաներին եւ ոչ էլ կհրաժարվի իր ձիուց եւ կպահպանի իր թագավորությունը:
Թագավոր, որի ձին միշտ ջահել կլինի եւ ինքը՝ ձիավոր:
Կարդացեք նաև
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11.2014