Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենայի կայանման համար 50.000 դրամ վարչական տույժ են նշանակել

Նոյեմբեր 07,2014 22:41

Այսօր Վարչական դատարանը ուսումնասիրեց ոստիկանության ներկայացրած ապացույցները քաղաքացիական ակտիվիստ Սուրեն Սահակյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով:

Ոստիկանության ներկայացրած ապացույցը տեսանյութ էր սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ ոստիկանները ակտիվիստներին, այդ թվում Սուրեն Սահակյանին դիմելով՝ պահանջում էին հեռացնել իրենց մեքենաները քաղաքապետարանի առջեւից: Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը քաղաքապետարանի դեմ նստացույց անողներից էր ու իրենց մեքենաները ողջ նստացույցի ժամանակ ծառայել են որպես գիշերելու վայր:

Ապացույցի հետազոտումից հետո Սուրեն Սահակյանի պաշտպան Արտակ Զեյնալյանը առարկություն ներկայացրեց՝ պահանջելով այն չհամարել գործով ապացույց, քանի որ կապ չունի վեճի առարկայի հետ: Դատարանն էլ որոշեց, որ այդ հարցին կանդրադառնա դատական ակտը ընդունելիս: Արտակ Զեյնալյանը նաեւ նշեց, որ այդ օրը իր վստահորդին բերման ենթարկելով, ոստիկանության բաժին ոստիկանները բացատրություն են վերցրել վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրությունը կազմելուց հետո.«Թեպետ արձանագրության մեջ Սուրեն Սահակյանը  նշել էր, որ ոստիկանները խախտել են իր ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, եւ նրանց պահանջը օրինական չի եղել: Իմ վստահորդը ոստիկաններին խնդրել է գոնե հինգ րոպե ժամանակ տան, ինքը կամովին կհեռացնի մեքենան, բայց ոստիկանները ժամանակ չեն տվել, տարել են բաժին:  57 օրվա ընթացքում պահանջ չի ներկայացվել մեքենան հեռացնելու, այդ օրը առաջինը փոխոստիկանապետ Օսիպյանն է խնդրել: Այսինքն, մեքենաները այնտեղից տեղափոխելու որոշումը կախված է եղել մի ոստիկանի ցանկությունից, տրամաբանական պատասխան չեն տվել՝ ինչու մեքենան չի կարող կայանել այդտեղ ու ինչու պետք է տարհանվի»:

Սուրեն Սահակյանի մեկ այլ պաշտպան Տիգրան Սաֆարյանն էլ ընդգծեց ոստիկանների խտրականության հանգամանքը. «Նույն վայրում մի քիչ այն կողմ կայանած են եղել հենց այդ ժամանակ երկու ուրիշ մեքենա, եւ որեւէ ոստիկան չի մոտեցել ու վարորդներից չի պահանջել հեռացնել: Այսպիսով դրսեւորել է խտրական վերաբերմունք»:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ Սուրեն Սահակյանը նախատեսված երեք ժամից դեռ մեկ ժամ էլ  ավելի է գտնվել բաժնում.«Ոստիկանների գործողություններն ու պահանջը եղել են առանց իրավական հիմքի, չկան հիմքեր, ըստ որի ոստիկանությունը իրավասու է մարդկանց զրկել իրենց ազատ տեղաշարժման իրավունքից: Խնդրում ենք մերժել ոստիկանության հայցը, բացի դա մեր վստահորդը ի վիճակի չէ այդ գումարը՝ 50.000 դրամ վարչական տույժը»:

Առարկեց ոստիկանության ներկայացուցիչը՝ պնդելով բավարարել վարչական պատասխանատվության մասին իրենց պահանջը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930