Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սահակյանի գործերով վճիռները` նոյեմբերի 14-ին

Նոյեմբեր 07,2014 21:21

 

Նոյեմբերի 14-ին քաղաքացիական ակտիվիստ, տնտեսագետ Սուրեն Սահակյանի դեմ ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված երկու դատական գործերով   կհրապարակվեն դատարանի վճիռները:

Այսօր ՀՀ վարչական դատարանում սեպտեմբերի 10-ի և սեպտեմբերի 21-ի գործերով տեղի ունեցան դատական նիստեր (նախագահող դատավոր Սամվել Հովակիմյան): Երկու դեպքում էլ Սուրեն Սահակյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը`Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Պահանջի բավարարման դեպքում Սուրեն Սահակյանը կենթարկվի 50.000-ական դրամ վարչական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Սուրեն Սահակյանին բերման են ենթարկել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: Ոստիկանությունը պնդում է, թե Սուրենը ցանկանում էր ներխուժել Երևանի քաղաքապետարանի շենք` մասնակցելու ավագանու նիստին: Սակայն Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Սահակյանի ներկայացուցիչներից Տիգրան Սաֆարյանը (մյուս ներկայացուցիչը` Արտակ Զեյնալյան) հավաստիացրեց, որ նման բան չի եղել: Սեպտեմբերի 21-ի գործը վերաբերում է այն դեպքին, երբ Սուրենի մեքենան Երևանի քաղաքապետարանի դիմացից տարել էին տուգանային հրապարակ`առանց հիմքերի: Տիգրան Սաֆարյանը պնդեց, որ դա եղել է անհիմն, ինչին ընդդիմացել են Սուրեն Սահակյանն ու Վահագն Մինասյանը:

Մեր հարցին` հույս ունե՞ն, որ դատարանը մերժելու է ՀՀ ոստիկանության հայցը, մանավանդ Վահագն Մինասյանի նախադեպը կա, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Հույս ունենք, քանի որ ՀՀ ոստիկանությունը բացարձակ փաստեր չունի, վարչական վարույթը բազում խախտումներով է իրականացվել»:

Անդրադառնալով դատարանում ոստիկանության պահվածքին` պարոն Սաֆարյանը նշեց. «Նրանց ներկայացրած փաստարկները բացարձակ համոզիչ չէին, նույնիսկ դատավորը դա նկատեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սուրեն Սահակյանի լուսանկարը՝ իր ՖԲ էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930