Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ կայացավ Հայկ Կյուրեղյանի գործով դատական առաջին նիստը:
Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը… որպես զենք օգտագործվող առարկայով` իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել…
Երբ հայտարարվեց` «Ոտքի: Դատարանն է գալիս», Հայկ Կյուրեղյանը մնաց նստած ու քիչ անց դատարանը չհարգելու իր այս արարքը հիմնավորեց այսպես. «Ոտքի չեմ կանգնում հետեւյալ պարզ պատճառով: Դատարանը համարում եմ ինքնակոչ կառավարության դատարան, որը ենթարկվում է ինքնակոչ կառավարությանը եւ նրա խամաճիկն է: Դատարանը համարվում է Հայաստանի Հանրապետության դատարան: Բայց իրականում այս ռեժիմի դատարան է: Բոլոր դատերի 90 տոկոսում ոչ թե տեսել եմ արդարադատության իրականություն, այլ ընդհակառակը` տեսել եմ արդարության բռնաբարում: Այս մարմինը արդարություն իրականացնող մարմին չի, դրա համար չեմ հարգում այս մարմնին»:
Դատական նիստն ավարտվեց շատ արագ, քանի որ Հայկ Կյուրեղյանի դատապաշտպանը դատարան չէր ներկայացել: Ու թեեւ մեղադրյալը հայտարարեց, որ կարող է առանց պաշտպանի էլ մասնակցել դատին, Դատավոր Արմեն Բեկթաշյանը պարզաբանեց, որ օրենքի պահանջով մեղադրյալը դա կարող է անել միայն դատապաշտպանի ներկայությամբ եւ առաջին նիստը հայտարարեց փակված:
Կարդացեք նաև
Դատարանի դահլիճում գտնվող Հայկ Կյուրեղյանի աջակիցները ծափերով եւ «Հայկ-Հայկ» վանկարկումներով ճանապարհեցին մեղադրյալին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ