Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նման հարց տվեց՝ Դավիթ Շահնազարյանը ադրբեջանամետ կարծիք է հայտնել, նա հայտարարությամբ հանդես է եկել եւ ասել, որ ողջունում է խաղաղարար ուժերի մուտքը տարածաշրջան: Դուք ինչպե՞ս եք վերաբերում, երբ Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշմանը հակասող հայտարարություն են անում մեր քաղաքական գործիչները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այդ հարցին պատասխանեց, որ նախ, խաղաղարար ուժերի պահանջ մենք չունենք, դրանք ընդամենը խոսակցություններ են. «Հայաստանի բանակը պատրաստ է այդ խաղաղությունը պահպանել, օգոստոս ամսին ինչպես ցույց տվեց մեր զինուժը: Մենք հաճախ ոչ թե պաշտոնական տեսակետներին ենք հետեւում, այլ այս կամ այն գործչի ասածին: Հարցադրումը միգուցե ճիշտ է, բայց հետեւություններ անելու խնդիր չկա, որովհետեւ մենք մեր տեսակետը բազմիցս ասել ենք: ԵԽԽՎ-ում կատարվածն էլ չեմ կարծում, որ պետք է ցավոտ տանենք, որովհետեւ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ Ղարաբաղյան խնդրիրն են լուծում, առավել եւս, որ ԼՂՀ-ն այնտեղ ներկայացված էլ չէ: Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարց պետք է հենց Ղարաբաղի մասնակցությամբ ընդունվի: Մյուսները պիտի հասկանան, որ կոնֆլիկտները լուծվում են կամ բանակցությունների միջոցով՝ խաղաղ ճանապարհով, կամ պատերազմով: Մենք կողմ ենք խաղղաղ ճանապարհով լուծման»:
Աշոտ Ղուլյանն ասաց, որ ծանոթ չէ այդ հայտարարությանը. «Ինչքանով գիտեմ, դա ՀԿ-ների ընդհանրական տեսակետ է, որը կարող է իրավունք ունենալ լինել: Բայց չեմ կարծում, որ դա այսօրվա իրողություններին համարժեք արձագանք է»:
Հարցին՝ տարիներ շարունակ խոսում են, որ Ղարաբաղը դուրս է բանակցությունների սեղանից, ի՞նչ քայլեր են արվում, որ Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին եւ ԼՂՀ-ն չպե՞տք է հայտարարի, որ Հայաստանը չպետք է իր շահերը ներկայացնի, դուք լինեք բանակցային սեղանի շուրջ, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Հակառակ բանը կլինի՝ Ղարաբաղը մենակ է մնալու բանակցային գործընթացում: Մենք խոսում ենք բանակցային ֆորմատի մասին: Մենք ի սկզբանե գիտենք, որ կոնֆլիկտն ունի երեք կողմ՝ ՀՀ-Ադրբեջան եւ Ղարաբաղը, որի շահերը կոնկրետ քննարկում են: Ղարաբաղը կարող է իր չճանաչվածության պայմաններում պաշտոնական քաղաքական տեսակետ հնչեցնել, որ եթե ԼՂՀ-ն բանակցություններին ներկա չէ, ապա վերջնական կարգավորում չենք տեսնում: Ղարաբաղը միանշանակ պետք է ներկա լինի բանակցային գործընթացին: Մինչեւ կոնֆլիկտի անմիջական կողմը չի մասնակցում, խնդիրը չի հանգուցալուծվում: Այս պահին ամենակոշտ դիրքորոշումը հենց Ադրբեջանն ունի, որին ձեռք չի տալիս Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: Եվ միջնորդները, եւ բանակցություններով հետաքրքվող կողմերը, բացի Ադրբեջանից, հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության, խնդիրը չի լուծվի»:
Պատասխանելով հարցին, թե Նազարբաեւը հայտարարել է, որ սահմանների հարցում փոխհամաձայնության են եկել, դուք տեղյա՞կ եք ինչ փոխհամաձանության մասին է խոսքը, ճշտե՞լ եք Սերժ Սարգսյանից՝ պարոն Ղուլյանն ասաց. «Նազարբաեւի հայտարարության մասին տեղյակ եմ այնքանով, որքանով դուք եք տեղյակ: Ես կարծում եմ որ համաձայնություն գտնելը կամ փոխհամաձայնություն գտնելը այն է, որ ամեն ինչ մնալու է նույն ձեւով, ինչ եղել է: Բացառություններ չեն լինելու, նոր իրավիճակներ չեն լինելու, եւ մենք շարունակելու ենք Հայաստանի հետ նույն հարաբերությունները ունենալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Խաղաղարարները, իհարկե , կգան:Կգա քարերը հավաքելու օրը:Դեռ կգա չարի վերջը, վրեժի երկունքը, արդարության աստղային պահը: