Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եռյակի մասին. «Պետրոսյանական ոճով շախմատ են խաղում իշխանության հետ»

Նոյեմբեր 07,2014 17:49

«Սա Գագիկ Ծառուկյանի ելույթի տրամաբանական շարունակությունն է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի այն որոշմանը,  համաձայն որի`ԲՀԿ-ն խորհրդակցելու է ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցի շուրջ, այսպես պատասխանեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նշենք, որ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ նաև ամրագրված է, որ խորհրդակցելու են նաև հասարակական կազմակերպությունների, արտախորհրդարանական կուսակցությունների հետ` համագործակցության և միասնական օրակարգ ձևավորելու առնչությամբ:

Aram Harutyunyan

 

Արամ Հարությունյանը սրանք կոնկրետ քայլեր է համարում ու հիշեցնում, թե «հայկական ցանկացած օջախ ինձ համար շտաբ է»: Մեր հարցին` ոչ իշխանական խորհրդարանական կուսակցությունների քաղաքական խորհրդի ձևաչափը կաշխատի՞, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Այլ տարբերակ չկա: Պիտի մեխանիզմ լինի, որը կկանոնակարգվի:

Ինչպես Աժ-ն ունի կանոնակարգ, այնպես էլ այդ խորհուրդը պիտի ունենա: Ժամանակին նման փորձ արվեց` Մանուկյանը, Հայրիկյանը, Մանուչարյանը, աշխատակարգ հայտարարվեց, բայց աշխատակարգը չպահեցին: Համոզված եմ, որ եռյակի մոտ ստացվել է չգրված խաղի կանոնները պահել, հիմա կարևոր է, որ գրվեն այդ կանոնները և պահվեն»:
Մեր հարցին`շատերի մոտ տպավորություն կա, թե եռյակը ժամանակավոր դադար է վերցրել, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Հակառակը, իրենք դանդաղ շտապելով են գնում: Նման քայլերը մեկ քայլով կոմբինացիա չեն: 1996-ին տեսել ենք մեկ քայլանոց կոմբինացիա, երբ Վազգեն Մանուկյանը գնաց, ասաց` իմ հետևից եկեք, հետո կորավ»:
Մեր հարցին, այդ դեպքում պայքարն ինչպե՞ս կբնորոշի, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Սա դիրքային պայքար է, պետրոսյանական ոճով շախմատ են խաղում իշխանության հետ: Եռյակը պատասխանատվություն է նաև վերցրել, որ ամեն մի քաղաքացու առաջ ինքը պիտի հաշվետու լինի: Միշտ կարելի է ասել` եկեք գնանք, խփենք, ջարդենք, դա իշխանությանը կլինի նվեր, ինչպես 1996-ին Վազգեն Մանուկյանի քայլերը»:

Levon-Barsegyan
Aravot.am-ը Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից հետաքրքրվեց` իրենց համագործակցության առաջարկ եղե՞լ է և պատրա՞ստ են միասնական օրակարգի ստեղծման շուրջ համագործակցել շարժման հետ: Պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարծում թե կմիանամ նրանց, քանի որ շատ սկզբունքային տարաձայնություններ ունեմ: Բայց ես բաց եմ քննարկումների: ԲՀԿ-ի ժողովուրդը կարող է ինձ հետ հանդիպել: Բայց առաջարկություն դեռ չի եղել: Եթե հետաքրքրված լինեն, կարող են գալ Գյումրի, հանդիպել, զրուցել, երկկողմանի մեր մտածածներն ասենք»:

Ոչ իշխանական քաղաքական խմբակցությունների քաղաքական խորհրդի ստեղծման առիթով պարոն Բարսեղյանն ասաց. «Իրավունքի տեսանկյունից բնականաբար, քաղաքական ուժերն ազատ են վարվել այնպես, ինչպես իրենց խելքը, բանականությունն ու խիղճն են թելադրում: Այլ բան է, որ Եվրասիական տնտեսական միությանը հավատարմություն հայտնելը ինձ համար բացարձակապես անընդունելի դիրքորոշում է: Կարող է իշխանափոխություն անեն ՀՀ-ում, բայց դա չնչին տեղաշարժ է համեմատած այդ նահանջի հետ: Ով ուզում է լինի այդ դիրքորոշում հայտնողը, ինքնիշխանության դեմ որևէ բան ինձ համար ընդունելի լինել չի կարող, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ գետտոյի մեջ տեսնելը որևէ լավ հեռանկար չի տալիս Հայաստանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930