Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահը վստահեցնում է, որ ԵԽԽՎ-ում անպայման իրավիճակը փոխելու են

Նոյեմբեր 07,2014 17:27

ԵԽԽՎ-ն վերջերս հայտարարություն էր ընդունել՝ «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով: Այն մեծ աղմուկ էր բարձրացրել հայաստանյան ընդդիմության շրջանում, որը այդ հայտարարությունն ընդունել էր որպես խայտառակություն եւ խայտառակ պարտություն ՀՀ դիվանագիտության մեջ: Այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում լրագրողների հարցին, թե դա Ձեզ չի՞ մտահոգում, մանավանդ, որ վերջերս միջազգային կառույցներում նման ձեւակերպումները դարձել են ընդունելի՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանեց, որ որոշ առումով մտահոգում է ընդունած հայտարարությունը նաեւ Ղարաբաղի իշխանություններին:

Նա ասաց, որ ԵԽԽՎ-ի կողմից ընդունած զեկույցի շուրջ լրագրողների հետ հանդիպումից առաջ զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ. «Այս առնչությամբ ես իմ գործընկերների վերաբերմունքն եմ ուզում փոխանցել ձեզ, մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերների աշխատանքը միջազգային խորհրդարանական հարթակներում: Եվ այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին, իհարկե, որոշակի առումով մեզ էլ է մտահոգում, բայց չեմ կարծում, որ դա մշտական քաղաքական դիրքորոշում է:

Ադրբեջանը տարիներ, ամիսներ շարունակ փորձում է միջազգային կառույցներում՝ իրավիճակը խեղաթյուրելով, Ղարաբաղի հիմնախնդիրը նենգափոխելով ստանալ այնպիսի որոշումներ ու բանաձեւեր, որոնք հաճելի են իրեն: Բայց համարում եմ, որ ժամանակային հարց է: Օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների բերումով որոշակի առավելություն է տրվել Ադրբեջանին, բայց մենք քննարկել ենք այս իրավիճակում ՀՀ ԱԺ-ի պատվիրակությունների աշխատանքների ուղղվածությունը, թե ինչ կարող ենք մենք ինքներս անել որպես ԼՂՀ ԱԺ: Եվ եկել ենք այն եզրահանգման, որ իրավիճակը մտահոգիչ է, բայց այնպես չէ, որ ամեն ինչ կարծես ավարտվել է դրանով: Այդ տրամաբանությամբ, հիմա պետք է մտածեինք, որ Ադրբեջանի համար դա ողբերգություն էր, եթե մինչեւ հիմա նման ձեւակերպումներ չկային միջազգային կառույցներում: Այնպես որ պետք է աշխատել, գուցե ավելի համառ, գուցե մարտավարական հարցերում մեր դիրքորոշումը փոխելով, բայց մենք անպայման փոխելու ենք իրավիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930