«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին 3 հանդիպումները էապես տարբերվում են նախորդ հանդիպումներից»,- այսօր` նոյեմբերի 7-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ որակապես փոխվել է այն միջավայրը, որտեղ երկու երկրների նախագահները բանակցում էին. «Ռուսաստանը հիմա փաստացի պատերազմի մեջ է մեզնից ոչ շատ հեռու, մեզնից ոչ շատ հեռու Սիրիայում է պատերազմ ընթանում: Եթե շատ գլոբալ խոսենք, Արեւմուտքի եւ Չինաստանի ու Ռուսաստանի միջեւ հակամարտություն է ընթանում: Այս կիսապատերազմական իրադրությունը իր տրամաբանությունն է դնում այդ բանակցությունների վրա»:
Պարոն Հարությունյանը համարում է, որ նախագահների հանդիպումները կշարունակվեն. «Այս բոլոր հանդիպումների համար նոր բան է ընդհանուր` եթե հայկական կողմը այս բանակցություններում բավական իրատեսական ռազմավարություն ունի, այն է` սկսել փոքրից եւ աստիճանաբար բարելավել իրադրությունը, մինչեւ մի մեծ պայմանագրի հանգելը: Ադրբեջանական կողմը հակառակ ռազմավարություն է վարում` սկզբում ցանկանում է կնքել մեծ պայմանագիր, այնուհետեւ`փորձում են լուծել այն խնդիրները, որոնք կան այդ պայմանագրի համատեքստում: Դա, իհարկե, կառուցողական մոտեցում չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ