Մարզային այցելության շրջանակներում քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետարանում: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարար Նարեկ Սարգսյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գորիս քաղաքի քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, ինչպես նաև Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման (արտաքին ճակատների հարդարում, մանր ճարտարապետական դետալների վերստեղծում),Գորիս գյուղի պատմական արգելոցի բարեկարգման և տուրիզմի զարգացմանը նպաստող պատմական միջավայրի վերստեղծմանն ուղղված հարցեր։
Անդրադառնալով Գորիսի քաղաքաշինական հիմնահարցերին, նախարար Սարգսյանը կարևորել է Գորիսը որպես պատմաճարտարապետական նկարագիրը պահպանած քաղաք ` առաջարկելով նախ` համատեղ աշխատանքի շնորհիվ կյանքի կոչել քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, ապա, նաև`քաղաքաշինական, բարեկարգման ծրագրեր առաջարկել, որոնց իրականացմանը լրջորեն կաջակցի քաղաքաշինության նախարարությունը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի «Խելացի քաղաքներ, կանաչ ճարտարապետություն» ծրագրին, որի իրականացման նախատիպ որպես` իր աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների և քաղաքաշինական ենթակառուցվածքների շնորհիվ` հենց Գորիսն է ընտրվել:
Նախարարը նաև շրջայց է կատարել` տեղում ուսումնասիրելով Գորիսի քաղաքապետի կողմից առաջարկվող բարեկարգման անհրաժեշտություն ունեցող մի քանի հատվածներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ