«2015 թվականի համար նախատեսվում է 4.3 տոկոս տնտեսական աճ»,- այսօր` նոյեմբերի 7-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ ըստ 2015 թվականի բյուջեի նախագծի` նախատեսվում է 4 տոկոս գնաճ, եկամուտները կազմելու են շուրջ 1.2 տրիլիոն դրամ, ծախսերը` շուրջ 1.3 տրիլիոն դրամ, իսկ դիֆիցիտը` 114 միլիարդ դրամ: Դիֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 2.3 տոկոս. «Արտաքին պետական պարտքը այս տարիների ընթացքում աճում է: 2012 թվականից ի վեր արտաքին պարտքի հարաբերակցումը ՀՆԱ-ի նկատմամբ նվազում է: Այդ նվազումը մեծ չէ, բայց այդուհանդերձ այն կա. 2012 թվականին արտաքին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը եղել է 37.9 տոկոս, 2013 թվականին` 37.1 տոկոս, այս տարի ակնկալվում է 36.1 տոկոս, եւ հաջորդ տարվա համար նախատեսված է 36 տոկոս: Մեր արտաքին պարտքը 2012 թվականին եղել է շուրջ 3.7 միլիարդ դոլար, 2013 եւ 2014 թվականներին` 3.9 միլիարդ, հաջորդ տարվա համար նախատեսվում է 4.1 միլիարդ դոլար»:
Գագիկ Մինասյանի խոսքերով` բյուջեն ընդգծված սոցիալական բնույթ ունի եւ սոցիալական ուղղվածության ծախսերը կազմում են բյուջեի ամենամեծ հատվածը: Նա հավելեց, որ պետական բյուջեն ներկայացված էր այն ժամանակահատվածում, երբ դեռ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը ստորագրված չէր. «Հետեւաբար 2015 թվականի բյուջեի նախագծում այդ հանգամանքը հաշվի առնված չէ: Բոլորս գիտենք, որ այդ ընթացքը մի քանի փուլերից է բաղկացած լինելու. Նախ համաձայնագիրը պետք է գա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, ԱԺ-ն պետք է վավերացնի, հետո Եվրասիական տնտեսական միության մնացած երկրները համապատասխան խորհրդարաններում համաձայնագիրը պետք է վավերացնեն: Դա բավականին երկար գործընթաց է, եւ բնականաբար, այդ փաստը հաշվի առնելով` մեր բյուջեի նախագծում անդրադարձ չկա այն հանգամանքին, որ Հայաստանը հաջորդ տարվա սկզբին պետք է դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև