Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուժեղացվի շրջակա միջավայրի պահպանության վերահսկողությունը. Արցախի կառավարության նիստ

Նոյեմբեր 07,2014 16:33

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նիստում գործադիրը հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Կառավարության հավանությանն արժանացած «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի նախագիծը և «Պետական կենսաթոշակների մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների մասին նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: Մասնավորապես, ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հունվարի 1-ից հստակեցնել զինվորական թոշակների բարձրացման մեխանիզմը:

Կառավարության որոշմամբ՝ կբարձրացվեն ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը: Այդ նպատակով տրամադրվող գումարը գալիք տարվանից կավելանա շուրջ 43 մլն դրամով: Հունվարի 1-ից այդ խմբերում ընդգրկված քաղաքացիները նախկին 16 հազարի փոխարեն կստանան մոտ 42 հազար դրամ:

«Եկամտահարկի մասին» օրենքի կիրառմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում՝ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացի վերաբերյալ: Որոշման համաձայն՝ հարկային պետական ծառայությունը մինչև դեկտեմբերի 1-ը պետքէ ոստիկանությանը ներկայացնի հարկային գործակալ չհանդիսացող գործող անհատ ձեռնարկատերերի ցուցակը, որպեսզի մինչև 2015թ. մարտի 1-ն անհատ ձեռնարկատերերն ունենան նույնականացման քարտերը: Պետական տուրքի գումարը և էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձավճարը 2015 թվականի համար կվճարվեն պետական բյուջեի միջոցներից:

Կառավարությունը հաստատել է աշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռքբերվելիք դիզվառելիքի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը: Սահմանված կարգով՝ սուբսիդավորումն իրականացվելու է համայնքային վարչական սահմաններում գտնվող հողերի՝ 1հա դիմաց 60լ, պետական պահուստային ֆոնդի հողերի՝ 1հա դիմաց 40լ հաշվարկով՝ 1լ դիմաց 100 դրամի չափով: Մասնակի սուբսիդավորվելու է նաև «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2014թ. արտադրված սերմացուի արժեքը:

Գործադիրն այսօրվա որոշմամբ հաստատել է Մարտունու շրջանի Վերին ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման 2014 թվականի ծրագրում Բերդաշեն համայնքն ընդգրկելու առաջարկը: Այդ նպատակով ավելացվելու է ենթաշրջանային ծրագրի համար հատկացված գումարը:

Կառավարությունը որոշում է ընդունել նաև ԼՂՀ-ում արտադրվող ակցիզային հարկման ենթակա ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար 2014 թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառության մեջ դնելու մասին:

Գործադիրը սահմանել է քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Կառավարության հավանությանն է արժանացել նաև ԼՂՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2015թ. տարեկան ծրագիրը: Վարչապետը հորդորել է հետամուտ լինել ծրագրով առաջարկվող միջոցառումների կատարմանը և այն հանգամանքին, որ դրանք ձևական բնույթ չկրեն:
Կառավարության մի քանի որոշումներ ուղղված են ընդերքօգտագործման ոլորտին առնչվող հարցերի կարգավորմանը: Սահմանվել են հատուկ նշանակության ընդերքօգտագործման ծրագիր ճանաչելու չափորոշիչները, որոնցից մեկի համաձայն՝ հայտատուի՝կառավարությանը ներկայացրած ծրագրի արժեքը պետք է գերազանցի 40 մլրդ դրամը:

Նիստում քննարկվել է «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է Կաշենի և Դրմբոնի հանքային դաշտերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով իրականացնել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ՝ 20 տարին չգերազանցող ժամկետով:

Վարչապետը, անդրադառնալով Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրում «Բեյզ Մեթըլս» ընկերության ծավալած գործունեությանը, ընդգծել է, որ արդեն ավելի քան 70 մլն դոլարի ներդրում է կատարվել այնտեղ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այժմհանքաքարը տեղափոխվում է Դրմբոնում գտնվող վերամշակման գործարան, իսկ շուրջ մեկ տարվանից ավելի հզոր նոր ֆաբրիկա կգործարկվի տեղում: Արդյունքում զգալիորեն կավելանան թե՛ աշխատատեղերի քանակը, թե՛ պետական բյուջեի մուտքերը:
Ա. Հարությունյանը շեշտադրել է այն հանգամանքը, որ Կաշենի հանքի շահագործումն Արցախի տնտեսության խոշորագույն ծրագիրն է՝ շուրջ 127 մլն դոլար ներդրումային կապիտալով՝ կարևորելով նաև պետության մասնակցությունը դրա կյանքի կոչման գործում:Կառավարության դերակատարումը, նրա խոսքով, եղել է, մասնավորապես, Սոթք-Քարվաճառ-Հաթերք բարձրավոլտ օղակաձև էլեկտրացանցի կառուցումը, որի շնորհիվ բավարարվել է ոչ միայն ընկերության էլեկտրաէներգիայի պահանջարկը, այլ նաև բարձրացվել էհանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:

Ա. Հարությունյանն անդրադարձ է կատարել նաև շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության հնարավոր ազդեցության հիմնահարցին՝ հատուկ կարևորությամբ ընդգծելով հետևողական վերահսկողության անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի՝ թեև «ԲեյզՄեթըլս» ընկերությունը բարեխիղճ տնտեսվարող է շրջակա միջավայրի պահպանության հարցում, սակայն պետության վերահսկողական գործառույթները պետք է առավելագույնս կիրառվեն՝ բացառելու համար բնությանը հասցվող ցանկացած վնաս:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930