Քաղաքացի Ռուբեն Մկրտումյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանին եւ այլ իրավապաշտպան կազմակերպություններին:
Քաղաքացին ցանկանում է ուշադրություն հրավիրել իր եղբոր՝ Արման Մկրտումյանի պաշտոնական լիազորությունների չարաշահման վրա:
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ 1999 թվականին Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Արման Մկրտումյանի նշանակումից մեկ տարի էլ չանցած, Երևանի Թումանյան փողոցի թիվ 32 հասցեում նա իր բնակարանի հարևան բնակարան գնեց՝ 2000 թվականին միավորելով դրանք և 150 քմ տարածքով կառուցեց երկրորդ հարկ: Ապա 2007 թվականին Սարյան փողոցի թիվ 19/20 հասցեում գտնվող նորակառույց շենքում գնել է ևս մեկ երկհարկանի բնակարան` 240 քմ տարածքով: 2009թ. Թումանյան փողոցում ևս մեկ բնակարան է ձեռք բերել: 2011թ. Ձորաղբյուր գյուղում ձեռք է բերել 5000 քմ տարածք, որի վրա կառուցվել է երկհարկանի տուն:
«Չեմ թվարկի շարժական և անշարժ մյուս գույքը, որը չի ներառված էթիկայի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում: Անպատժելիությունը և արտոնյալ դիրքն այն երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը գերազանցում է բոլոր հնարավոր նորմերը, դատա-ապրանքագիտական փորձագետներին չի թույլատրվել եզրակացություն տալ նշված գույքի շուկայական արժեքի և Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի վերաբերյալ: Ես չէի ցանկանա կենտրոնանալ նրա ֆինանսական խախտումների վրա, որպեսզի չթվա, թե զրպարտում եմ եղբորս, սակայն փողերի վրա, որոնցով նա ձեռք է բերել այդ ամենը, տեսնում եմ կոռուպցիայի հետքեր: Չեմ ցանկանում, որ հանրության ատելությունը նրա նկատմամբ` անդրադարձվի երեխաներիս վրա, քանի որ տարբեր շրջապատներից, հասարակական միջավայրից ինձ են հասնում անծանոթ մարդկանց խոսակցությունները դատական խախտումների և ապօրինությունների մասին: Մարդկանց զայրույթն ուղղված է անձամբ Վճռաբեկ դատարանի նախագահի դեմ, և խոսում են այն մասին, որ այդ նշանակումը նախագահի կադրային քաղաքականության ամենախոշոր սխալն է»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Էթիկայի հանձնաժողովը եւ Արդարադատության խորհուրդը, համապատասխան այլ մարմիններ անգամ չանդրադարձան 2009 թ. Արման Մկրտումյանի հոր` Յուրի Մկրտումյանի դիմումին, որում նա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որդուց ալիմենտ և ազգանվան փոփոխություն էր պահանջում:
«Ի դեպ, Յուրի Մկրտումյանը տեղի չտվեց դիմումը դատարանից հետ վերցնելու նպատակով իմ տուն այցելած բարեկամների պատվիրակության հորդորներին: Չանցած երկու օր, Վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարեց, որ այդ դիմումն այլևս իրեն չի անհանգստացնում, քանզի լուծել է խնդիրը` բոլորին ներկայացնելով, որ հայրը խելագար է:
Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը չի կարող հանդուրժել պաշտոնյայի նմանատիպ պահվածքը, որը չարախոսում է սեփական հորը: Վստահեցնում եմ, որ հայրս առողջ միտք ունի, նա իմաստուն մարդ է և գիտի, թե ինչ է գրում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ