Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. « Ծրագրային գործընթացի ավարտի արդյունքում էապես կնվազեն չարաշահումների հնարավորությունները»

Նոյեմբեր 07,2014 15:50

«Բյուջետային նախնական քննարկումները ունեին մի ընդգծված առանձնահատկություն. Պատգամավորների հարցադրումները ծրագրային թեմատիկային էին վերաբերում»,- այսօր` նոյեմբերի 7-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ տարիներ շարունակ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, որով բյուջեն վերածվում է ծրագրային գործընթացի. «Դա չափազանց կարեւոր մի գործընթաց է, գործընթացի ավարտի արդյունքում մենք կունենանք մեր պետական միջոցների արդյունավետության շատ ավելի բարձր մակարդակ, էապես կնվազեն չարաշահումների հնարավորությունները: Այդ մասին վկայում են բոլոր այն երկրները, որոնք անցել են այդ ճանապարհով եւ հասել ճանապարհի վերջին»:

Պարոն Մինասյանի խոսքերով` քննարկումների նախաշեմին Ազգային ժողովը երեք կարեւոր քայլ է կատարել: Նախ քննարկումներ են ծավալվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ, ներկայացվել են ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունները եւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ կներգրավվեն փորձագետներ եւ հանձնաժողովները իրենց նախարարությունների հետ կընտրեն մեկական ծրագիր եւ կբերեն դրանք իդեալական տեսքի` ծրագրային բյուջետավորման առումով.

«Արդեն կառավարությունը իրականացրել է բավականին լուրջ քայլեր եւ մեր ամբողջ բյուջեն, ըստ էության, բաղկացած է 175 ծրագրերից: Եթե մենք յուրաքանչյուր կես տարին 1 անգամ մեր հանձնաժողովների եւ նախարարությունների ջանքերով մեկական ծրագիր բերենք իդեալական տեսքի, ապա մոտ ապագայում մեր բոլոր ծրագրերը 100 տոկոսով կհամապատասխանեն ծրագրային բյուջետավորման պահանջներին»:

Ազգային ժողովի երկրորդ կարեւոր քայլը, ըստ Գագիկ Մինասյանի, ծրագրային բյուջետավորման մասին գրքույկների հրապարակումն է: Նա նշեց, երրորդ առանձնահատկությունը`Ազգային ժողովի օրակարգում շրջանառության մեջ է գտնվում բյուջետային գրասենյակի ստեղծման օրենսդրական նախաձեռնությունը. «Դա կբարձրացնի պատգամավորների, հանձնաժողովների եւ խմբակցությունների տեղեկատվության մակարդակը` բյուջեի հետ կապված, թույլ կտա, որ ավելի հանգամանալից լինեն ելույթները եւ մասնագիտական հարցադրումները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930