«2015-ի բյուջեն, որպես քաղաքական եւ սոցիալական փաստաթուղթ ձախողված է: Սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք կուտակվում են եւ ոչ մի կերպ լուծում չեն գտնում, մեզ անհանգստացնում են»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Նա առաջարկում է փակել մի քանի նախարարություններ ու այդ գումարներն ուղղորդել սոցիալական խնդիրների լուծմանը:
Ընթացող կառուցվածքային փոփոխություններին պատգամավորն ասաց, որ կողմ են, եթե դրանք հանրային դրական կարծիքին են արժանանում: Բայց չի տեսնում թե ԱԻՆ եւ տարածքային կառավարման նախարարությունները համատեղելի լինեն: Aravot.am-ի հարցին`իր կարծիքով Արմեն Երիցյանի ո՞ր արժանիքի համար նրան վստահեցին այդ գերկառույցի ղեկավարումը, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Ես չեմ կարծում, որ Արմեն Երիցյանի որեւէ արժանիքի համար է, կառավարությունը միգուցե կհիմնավորի, թե ինչի համար է անում`կտեսնենք»:
Aravot.am-ի մյուս հարց-դիտարկմանը`երբ ՕԵԿ-ը կոալիցիա էր, կառավարությունը ներկայացնում էր նույն ձախողված բյուջեների նախագծերը, սակայն, ՕԵԿ-ի գնահատականներն ավելի մեղմ էին, ի՞նչ է փոխվել հիմա, Իշխան Խաչատրյանը չհամաձայնեց: Նա ասաց, որ նախկինում էլ ՕԵԿ-ը փորձում էր առկա սոցիալական խնդիրներին լուծումներ տալ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այնուհանդերձ, ՕԵԿ-ական պատգամավորը չի կարծում, թե այս պահին Հայաստանում իշխանափոխության հրատապ խնդիր կա: Դրա հիմնավորումները նա կարծում է, որ պետք է տան այն ուժերը, որոնք նման պահանջ են դնում: Լրագրողներից մեկի հարցին, եթե ՕԵԿ-ն իրեն ընդդիմություն է հռչակել, ինչո՞ւ իշխանափոխության պահանջ չի դնում, Իշխան Խաչատրյանը հստակեցրեց, որ կառավարության գործունեությունից իրենք դժգոհ են: Ինչ մնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չհնչեցնելուն, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Երկու պատճառով. Սերժ Սարգսյանի հետ աշխատել ենք վեց տարի, ճիշտ չի լինի, որ նրա հրաժարականը պահանջենք եւ նա հեռացող նախագահ է, իմաստ չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ