Նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 14-ը տեղի կունենա Մեներգիչների (դասական երգեցողության) հանրապետական 6-րդ մրցույթը, որը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի երաժշտական ընկերության, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ։ Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին։
Ինչպես ներկայացրեց մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը՝ մրցույթին մասնակցության 53 հայտ է ներկայացվել. «Կանացի եւ տղամարդու ձայների համար կա ընդամենը 6 մրցանակ՝ երեքը կանանց, երեքը տղամարդկանց։ Կա նաեւ «Հույսի» մրցանակ։ Մասնակիցներից լավագույնին նաեւ Գոհար Գասպարյանի երգացանկից լավագույն կատարման համար է մրցանակ տրվելու։ Մրցանակներ կտրվեն նաեւ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից Անուշի եւ Սարոյի արիաների լավագույն կատարումների համար»։
Այս տարի առաջին անգամ մրցույթն ունի նաեւ հեղինակային արձանիկ-մրցանակ, որի հեղինակն է քանդակագործ Արման Դավթյանը (Նուռ)։
Կարդացեք նաև
Մրցույթը նպատակ ունի բացահայտել հանրապետության շնորհալի դասական երգիչներին եւ երգչուհիներին, խթան հանդիսանալ նրանց մասնագիտական գործունեության ծավալման համար։ Ասուլիսին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը նշեց, որ մրցույթը երիտասարդ կատարողների համար լավ հարթակ է իրենց կարողությունները ցուցադրելու համար. «Նման փառատոները նաեւ առիթ են, որպեսզի վառ պահենք մեր արվեստի երախտավորների անունները, որոնցից մեկը Գոհար Գասպարյանն է»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ