Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ են մտել բրիտանական ու ֆինլանդական փորձով

Նոյեմբեր 07,2014 13:54

Aravot.am-ը Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային հարցրեց, թե Հայաստանն իր առողջապահական համակարգը բարեփոխելու համար վերցնում է եվրոպական փորձը` մասնավորապես` Ֆինլանդիայինը, Ռուսաստանը ո՞ր երկրի փորձով է առաջնորդվում: Տիկին Սկվորցովան ասաց, որ իրենք նախընտրում են բարեփոխումներն անել բրիտանական առողջապահական համակարգի փորձով, որտեղ «Ռուսաստանի առողջապահական համակարգում ներկայումս ակտիվ ընթանում է համալիր ստանդարտացում` նախ եւ առաջ հիմնված ազգային կլինիկական բնութագրերի վրա: Հիմնվում ենք Բրիտանիայի փորձի վրա, որտեղ էլեկտրոնային միասնական համակարգն այդ ոլորտում լավագույններից է»:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից էլ հետաքրքրվեցինք, թե գտնվելով մեկ գոտում` Եվրասիական տնտեսական միությունում, որքանո՞վ են համատեղելի երկու երկրների առողջապահական համակարգերը:

«Մենք, բավականին սերտ համագործակցություն ունենք, թե’ վերջին տարիներին, թե’ ունենք ընդհանուր ակունքներ, ընդհանուր հոգեւոր արժեքներ բժշկագիտության մեջ եւ կարծում եմ, որ այն տարբերությունները, որոնք այսօր կան այս համակարգերում, ներդաշնակեցման որոշակի աշխատանքների արդյունքում, մասնավորապես` ընդհանուր ինֆորմացիոն դաշտի, ընդհանուր պետական ծրագրերի, բուժական չափորոշիչների ներդրումով շատ հեշտ հաղթահարելի է»:

Hamajoxov-1

Երկու երկրների առողջապահության ոլորտների պատասխանատուները լրագրողների հարցերին պատասխանեցին Մատենադարանի նոր կառուցված դահլիճում այսօր կազմակերպված Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի ժամանակ: Արմեն Մուրադյանն ու Վերոնիկա Սկվորցովան ստորագրեցին դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների եւ կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, առողջապահական համակարգերի միջեւ տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության եւ հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման հուշագրեր:

Ռուսական լրատվամիջոցի լրագրողի այն հարցին, թե Եվրոպայի` ՌԴ-ի նկատմամբ դրած սահմանափակումներն արդյոք դեղերի վրա էլ անդրադարձան, Վերոնիկա Սկվորցովան ասաց, որ էմբարգոն միայն սննդային ապրանքների վրա է տարածվել, իսկ դեղերի հետ կապված խնդիր չեն ունեցել, չնայած Եվրոպայի այդ քայլից հետո Ռուսաստանը զգուշացել է եւ զարկ է տվել տեղական դեղ արտադրությանը, որպեսզի այդպիսի իրավիճակներում հայտնվելիս` չտուժի:

Արմեն Մուրադյանը նաեւ անդրադարձավ մեր երկրում աղմուկ բարձրացրած դեղերի դրոշմապիտակավորումով պայմանավորված դժգոհություններին, համաձայն որոնց, դրոշմապիտակավորման արդյունքում դեղերի թանկացում է սպասվում: Նախարարն ասաց, որ այդ բարձրացումը լինելու է 2-5 դրամով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930