ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է կիրառվել և հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել պարտապան Սիլվա Համբարձումյանին պատկանող ք.Երևան, Երզնկյան փողոց, թիվ 47/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն է ներկայացրել «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից 30.10.2014թ. տրված № 12 վճարման հանձնարարագրի պատճենը, համաձայն որի՝ աճուրդում հաղթողը վճարել է աճուրդով ձեռք բերած գույքի գումարը՝ 40.198.000 ՀՀ դրամ:
Վճարման հանձնարարագրի իսկությունը հաստատելու համար Ծառայությունը 06.11.2014թ. դիմել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին, որին ի պատասխան հայտնվել է, որ նման վճարման հանձնարարագիր չի կազմվել և ներկայացված հանձնարարագրում արտացոլված դրոշմակնիքը չի համապատասխանում բանկի դրոշմակնիքին:
Հաշվի առնելով, որ վերը նշված գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, 07.11.2014 թվականին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի համապատասխան գրությամբ կատարողական վարույթից նյութեր են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե` վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ