Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն առաջարկեց կրճատել ԱԻՆ-ը եւ գումարներ տնտեսել

Նոյեմբեր 07,2014 13:08

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության կառուցվածքում նոր փոփոխության վերաբերյալ նախագիծը մեծ օրակարգ մտցնելու հարցը:

Ինչպես հայտնի է, երեկ կառավարությունը որոշել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը եւ անունը դնել միջազգային տնտեսական ինտեգրացման նախարարություն:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատգամավորներին վստահեցրեց, որ այդ փոփոխության արդյունքում այլ օրենքներում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու եւ դա արվում է բարեփոխումների համար:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հովհաննես Մանուկյանին հարցրեց՝ ինչի՞ հենց հիմա այդ անհրաժեշտությունը ծագեց ստեղծել այդպիսի նախարարություն. «Տեսնում եմ, որ մենք անընդհատ ինչ-որ բարեփոխումների գործընթացի մեջ ենք, բայց նախարարություն չէր ստեղծվել: Մենք շուրջ 4 տարի բանակցում էինք ԵՄ-ի հետ՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ, որպեսզի ինտեգրվենք դեպի ԵՄ, նախարարություն չստեղծվեց, հիմա ո՞րն է պատճառը, ո՞ւր ենք ինտեգրվում հստակ, ո՞ր մի տնտեսական ինտեգրացիայի մասին է, որ այս նախարարությունը պետք է սպասարկի եւ այդ ի՞նչ ռեֆորմների մասին է խոսքը»:

Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ այս նախարարությունը չի անվանված ԵՏՄ գծով ինտեգրացիոն նախարարություն, որովհետև մեր երկիրը ինտեգրացիոն այլ գործընթացներում էլ կարող է ներգրավված լինել, բայց ԵՄ-ի հետ մեր նոր հարաբերությունների նոր ֆորմատները եւս լինելու են այս նախարարության խնդիրը»:
Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց, որ նախարարության անունը դնել ոչ թե տնտեսական միջազգային ինտեգրման նախարարություն, այլ՝ հենց տնտեսական ինտեգրման նախարարություն. «Հո ինտեգրումը ներքին չի լինում, պարզ է, որ միջազգային է: Համ էլ նախարարության անունը բարեհունչ կլինի»: Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Ճաշակի հարց է, բայց որպեսզի որեւէ հարց չառաջանա, այնուամենայնիվ կթողնեի միջազգային բառը»:

Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե նոր նախարարությունը քանի՞ տարի պետք է աշխատի, ինչ-որ կոնկրետ ժամանակահատվածի համա՞ր են ստեղծում, որ սպասարկի: Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ ինտեգրացիոն պրոցեսները անընդհատ պրոցեսներ են, եւ չպետք է հաշվեն, թե որ ուղղությամբ քանի տարի են ինտեգրվելու . «Կյանքը դինամիկ զարգանում է, այս նախարարությունը միշտ աշխատանք կունենա: Այս պահին մենք գտնում ենք, որ հատկապես ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակներում, ինչը ահռելի ծավալի աշխատանք է, մենք, այնուամենայնիվ, մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք»:

Հովհաննես Մանուկյանը նաեւ առաջարկեց, որ հարցը ԱԺ մեծ օրակարգում քննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու. «2008-ի Մարտի 1-ից հետո, երբ ձեւավորվում էր նոր կառավարություն, պարզվեց, որ կառավարությանն անհրաժեշտ են նոր պորտֆելներ, եւ ստեղծվեց ԱԻՆ-ը:

ԱԺ-ում նաեւ ստեղծվեցին այլ հանձնաժողովներ, որը մեր պետական բյուջեից բավականին մեծ գումար է տանում: Կարծում եմ, նույն գործընթացն է տեղի ունենում, մենք կրկնվում ենք: Կարծում եմ, որ նման նախարարության անհրաժեշտությունը չկա: Այս սուղ պայմաններում, երբ մենք հասկանում ենք, որ բյուջեում միջոցները բավարար չեն, մեր հղի կանանց գումարները փորձում ենք կրճատել, նրանց նպաստները, մեր թոշակառուները արժանավայել թոշակ չեն ստանում, այս պայմաններում, թեեւ նշվեց, որ նոր գումարների կարիք չեն տրամադրվելու, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա»:

Ավելին, Զարուհի Փոստանջյանն առաջարկեց կրճատել արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ գումարներ տնտեսել, այդ գումարն ըստ նպատակների օգտագործել, ոչ թե նոր նախարարություն ստեղծել կամ վերամիավորել: Ըստ Զարուհի Փոստանջյանի, ԱԺ-ի հանձնաժողովներն էլ կարելի է կրճատել. «Կան հանձնաժողովներ, որոնք նույնիսկ նիստեր չեն գումարում, բայց այդ հանձնաժողովներին պետբյուջեից հսկայական գումար է տրամադրվում: Այդ գումարները մենք պետք է տնտեսենք»:

Նոր նախարարություն ստեղծելու առաջարկին դրական եզրակացություն տալու եւ ԱԺ մեծ օրակարգ մտցնելու հարցը հանձնաժողովում դրվեց քվեարկության: ՀԱԿ խմբակցության պատգամավոր գագիկ Ջհանգիրյանն ու ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ձեռնպահ քվեարկեցին, «Ժառանգությունը» դեմ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ կողմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930