Հատված Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հարցազրույցից:
-Կոչ եք անում քաղաքական հանդուրժողականության, մինչդեռ արեւմտամետները դիրքավորվում են: Գուցե դրան նպաստեց Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը իր հանրահավաքային հայտնի ելույթով, որում «ջղաձգվողներ» ու «մարգինալներ» անվանեց ԵՏՄ-ին դեմ արտահայտվող ուժերին:
-Նախ՝ Տեր-Պետրոսյանը եղել է, կա ու մնում է արեւմտամետ գործիչ: Ցավում եմ, որ ուշադիր չեն կարդում նրա խոսքերը ու սխալ պնդումներ են անում, թե դարձել է ռուսամետ:
Իսկ Տեր-Պետրոսյանն ընդամենը ասաց՝ ԵՏՄ-ն իրողություն է, բայց չասաց՝ ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ այդ իրողությանը: Հետո շարունակեց՝ այդ իրողությունը պետք է հաշվի առնել, ռեալ պոլիտիկ է, մոտակա ժամանակներս մենք լինելու ենք ԵՏՄ-ում: Ու հավելեց՝ իշխանության սխալ քաղաքականության հետեւանքով, ի՞նչ է, պետք է նստենք ողբա՞նք, լացե՞նք: Ուշադրություն դարձրեք, սա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանը համարում է, որ ԵՏՄ անդամակցումը սխալ քայլ է: Վերջ, սա է նրա խոսքի իմաստը:
Կարդացեք նաև
Բայց ե՛ւ ժողովուրդն է խաբվել, ե՛ւ քաղաքական գործիչները, ու բոլորը ասում են՝ Տեր-Պետրոսյանը ռուսաստանամետ է դարձել։ Կրկնում եմ՝ նման բան չկա:
Ցավում եմ, որ Արեւմուտքը մեր երկիրը դրեց ընտրության առաջ, պատին դեմ տվեց ու ասաց՝ պետք է ընտրություն կատարես՝ ԵՏՄ, թե՞ ԵՄ: Լավ կլիներ նման ընտրության առաջ չկանգնեինք, եւ ինքներս հնարավորություն ունենայինք հանգիստ ուսումնասիրելու թե՛ մեկի, թե՛ մյուսի առավելությունները, գուցե գայինք մեկ այլ համոզման, որ մեզ ո՛չ ԵՄ-ն է հարկավոր, ոչ էլ ԵՏՄ-ն, գուցե մեզ պետք էր միություն կազմել, օրինակ, Չինաստանի՞ հետ:
Բայց Եվրոպան մեզ պարտադրեց ու ասաց՝ անպայման պետք է կատարես ընտրություն, դա անպայման պետք է լինի հօգուտ Եվրամիության: Այսինքն՝ այն, ինչ արեցին Ուկրաինայի պարագայում, ասացին՝ դու ազատ ես, ինքդ որոշիր, բայց պետք է գաս ԵՄ, եթե ոչ՝ տես գլխիդ ինչ կբերենք: Ու եղավ այն, ինչ եղավ, այդ երկիրը հայտնվեց շատ ծանր վիճակում:
Հայաստանը ծանր ու թեթեւ արեց ու ընտրեց չարիքի փոքրագույնը՝ նախընտրելով ԵՏՄ-ն, սակայն Արեւմուտքը շարունակում է մտածել՝ ի՞նչ անել, որ Հայաստանին հետ բերի: Ես ինքս էլ ծանր ու թեթեւ անելով՝ համարում եմ, որ մենք ճիշտ որոշում կայացրինք՝ գնալով ԵՏՄ, ավելի մոտ է մեր ազգին: Այս համոզման եմ հանգել՝ ելնելով հետեւյալից. ինձ ամենից շատ մտահոգել է գենդերացման խնդիրը, բարոյահոգեւոր, ընտանեկան արժեքների կորստյան վտանգը, ինձ համար ավելի լավ է պահպանենք մեր կերպարը, քան թե մի քանի քուրջ ու փալաս ունենանք, մի հատ էլ մեծ համբուրգեր եւ կորցնենք մեր արժեքները:
Ես պատրաստ եմ մի քիչ սոված լինել, վատ հագնված, բայց իմ երեխաները ապրեն այնպիսի հասարակության մեջ, ուր ընտանեկան, հոգեւոր արժեքները պահպանված կլինեն: Ես հայ եմ այնքանով, որքանով կարողանում եմ մեր պապերի ստեղծած, ձեւավորած արժեհամակարգը պահպանել: Հետեւաբար ընտրում եմ այն ուղին, ուր լավագույնս կպահպանվեն այդ արժեքները:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում