«Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։
– Երբ որ խորհրդարանում հաստատվի օրինագիծն, ու Դուք պաշտոնապես նշանակվեք ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար, ինչի՞ց եք սկսելու։
– Ես սկսելու եմ մարզերից։ Ուսումնասիրելու եմ բոլոր գյուղերն ու քաղաքները՝ հասկանալու համար, թե այնտեղ ինչ խնդիրներ կան, որից հետո նոր կսկսեմ իմ հետագա քայլերի միջոցով արդյունքի հասնել։ Այժմ պետք չէ ինչ-որ ամպագոռգոռ բառեր ասել։
Դժվար է լինելու, տանջանք է, քանի որ օր ու գիշեր պետք է աշխատել։ Եթե հիմա աշխատում ենք 12-13 ժամ, ապա այսուհետ պետք է աշխատենք 24 ժամ, որովհետեւ խնդիրները շատ-շատ են։ Դա ծանր բեռ է, որը պետք է կարողանաս տանել։ Առավել եւս, որ երկու նախարարություններում էլ խնդիրները շատ են, որոնք պետք է լուծել, քանի որ դու ժողովրդի հույսն ես, դու անմիջական կապ ունես մարդու ու նրա խնդիրների հետ։
Կարդացեք նաև
–Պարոն Երիցյան, այնուամենայնիվ, Ձեզ ո՞ր արժանիքների համար են նման պաշտոնների նշանակում: Այսօր իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, որի անդամներն են նման պորտֆելներ զբաղեցնում։ Մինչդեռ Դուք ՀՀԿ անդամ չեք, սակայն Ձեր ղեկավարմանն է հանձնվում 2 նախարարություն։ Ինչո՞ւ։ ՀՀԿ-ում կադրեր չկա՞ն։
– Ես կարմրեցի Ձեր հարցից, երեւի աշխատանքի շնորհիվ է, որ ես պաշտոնավարում եմ։ Երեւի ե՛ւ ՀՀ նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի աշխատանքի գնահատականի շնորհիվ է… Ես չեմ ուզում ասել, թե ես լավ եմ աշխատում, կամ ինչ-որ սարեր, ձորեր եմ շուռ տալիս, պարզապես իմ առջեւ դրված խնդիրները կատարում եմ։ Ամենակարեւորն էլ այն է, որ ես ունեմ լավ թիմ։ Ես միշտ ասել եմ, որ այն գնահատականը, որը տրվում է ինձ, դա մեր բոլորիս աշխատանքի շնորհիվ է։ Ասում եք՝ ՀՀԿ-ում կադրեր չկան, ինչի՞ չկան։ Մենք բոլորս էլ հայ ենք, եկեք այդպես մտածենք… եթե հիմա ես կուսակցական չեմ, նշանակում է՝ ես երկրի թշնամի՞ն եմ:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում