Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա երեխայի ցուցմունքն առանցքային նշանակություն ունի գործի համար

Նոյեմբեր 07,2014 15:30

ՀՀ վերաքննիչ դատարանին են դիմել Գոհար Աղաջանյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը:

Նրանք խնդրում են, արդարադատության շահերից ելնելով, բեկանել ՀՀ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 16-ի վճիռը եւ փոփոխել այն՝ իրենց հայցը բավարարելով, կամ՝ եթե վերաքննիչ դատարանը կգտնի քննության կրկնակի անհրաժեշտություն, ապա բեկանել նշյալ քաղաքացիական գործն ըստ հայցի Գոհար Աղաջանյանի՝ ընդդեմ «Ռ. եւ Պ. ՍԿԷՆԱՌ ԱՎԿ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին եւ ամբողջությամբ մերժել հայցը:

Ըստ բողոքաբերի՝ դատարանի վճիռն ակնհայտ անհիմն է:

Երեխան՝ Մ.Շ.-ն, լսողությունն է կորցրել, իսկ նրա՝ դատարանում տրված ցուցմունքն ապացույց չի համարվել ոչ պատշաճ բուժսպասարկման:

Փաստաբան Մուրադ Ասրյանի տեղեկացմամբ, դատարանը վճռի նկարագրական մասում ընդամենը հիշատակում է վկա Մ. Շ.-ի ցուցմունքը, իսկ վճռի պատճառաբանական մասում ոչ մի հիշատակում չի անում վկա Մ.Շ.-ի ցուցմունքի մասին, այսինքն՝ «Դատարանը վճիռը կայացնելիս չի գնահատել վկայի ցուցմունքը»:

Հայցվոր կողմի կարծիքով, լսողությունը կորցրած երեխայի ցուցմունքն առանցքային նշանակություն ունի գործի համար, այն առումով, որ «կապացուցեր, որ հայցվորի այցելության նպատակը պատասխանողի մոտ եղել է լսողության ամբողջական վերականգնումը եւ վկայի ցուցմունքի համաձայն՝ պատասխանող տնօրենը՝ Ռուբիկ Հարությունյանը, հայցվորին հավաստիացրել է, որ Մ. Շ.-ի լսողությունը կվերականգնվի: Գոհար Աղաջանյանի նպատակն էր, որպեսզի բժիշկը վերականգներ իր երեխայի՝ Մ. Շ.-ի լսողությունը, ինչը եւ պարտավորվել էր պատասխանողը, սակայն նա այդպես էլ չկարողացավ վերականգնել լսողությունը»:

Վճռի պատճառաբանական մասում նշված է, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.10.2013թ. դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ ՓԲԸ-ի թիվ 08891401 փորձագիտական եզրակացությամբ հիմնավորված է այն փաստը, որ մայրը ստորագրել է ծառայության մատուցման 09.10.2012թ. հաշիվը եւ հետեւաբար նշված հաշվի բովանդակության համաձայն՝ ծառայությունը հանձնված-ընդունված է համարվել եւ հայցվորը ծառայության մատուցման նկատմամբ առարկություններ չի ունեցել, իսկ մոր ներկայացուցչի՝ Մուրադ Ասրյանի կողմից ներկայացված դատաձեռագրաբան- մասնագետի 18.02.2014թ. եզրակացությունը դատարանը գտել է, որ այն քաղաքացիական գործով պատշաճ ապացույց չէ եւ հանել է ապացույցների կազմից:

«Դատարանը չի հիմնավորել, թե ինչո՞ւ այդ ապացույցը պատշաճ ապացույց չէ, խախտելով վերը հիշատակված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի եւ 132-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես, եթե երկու փորձագիտական եզրակացությունները հակասում էին մասնագետի եզրակացությանը, տվյալ դատարանը պարտավոր էր վճռով հիմնավորել, թե ինչո՞ւ է նա համարում, որ մասնագետի կողմից կազմված եզրակացությունը ոչ պատշաճ ապացույց է, ինչը եւ չի արվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Մ. Ասրյանը:

Բողոքաբեր կողմը գտնում է, որ մասնագետ-դատաձեռագրաբանի եզրակացությունը ճիշտ է կատարվել, քանի որ գործում առկա են երկու ծառայության մատուցման հաշիվներ ամսագրված 09.10.2012թ.-ով՝ մեկը իբր թե ստորագրված Գոհար Աղաջանյանի կողմից, իսկ մյուսի մեջ, որը տրվել էր Գոհար Աղաջանյանին, միայն առկա է պատասխանող տնօրենի ստորագրությունը եւ կնիքը: Ի դեպ, հայցվորին տրված հաշվի մեջ «ծառայության» տողի բովանդակության մեջ նշված է՝ «ախտորոշում» եւ «սկէնառ-թերապիա», իսկ պատասխանողի կողմից ներկայացված հաշվի մեջ «ծառայության» բովանդակության մեջ նշված է՝ «ախտորոշում» եւ «նեյրոսենսոր-դժվարալսություն» բառակապակցությունը:
Դատարանի ուշադրությանն է հրավիրվում նաեւ այն, որ հայցվորին տրված հաշվի մեջ «գումարի» տողի բովանդակությունը տարբերվում է պատասխանողի կողմից նեկայացվածի հետ:

Դատարանի վճռի համաձայն, ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի այն պնդմանը, որ ՀՀ Երեւան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահ, օտորինոլարինգոլոգիայի բաժնի վարիչ` բգդ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի 24.06.2014թ. գրությամբ եւ ՀՀ ԱՆ գլխավոր թերապեւտ Միքայել Նարիմանյանի 11.07.2014թ. գրությամբ հիմնավորվում է, որ պատասխանողը սենսոնեւրալ ծանրալսություն հիվանդությունը բուժելու իրավասություն չի ունեցել, քանի որ ՍԿԷՆԱՌ թերապիան ընդգրկված չէ որպես բուժման մեթոդ, ապա դատարանը գտնում է, որ դրանք հայցը բավարարելու հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ համաձայն գործում առկա ՀՀ ԱՆ Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի եզրակացության` ներկայացված փաստաթղթերում չկան որեւէ տվյալներ, որոնք վկայեն նշված կենտրոնում կատարված հետազոտությունների եւ դրանց արդյունքների մասին: Իսկ նշված տեղեկանքը, տրված «Սկէնառ» կենտրոնից, պարունակում է տեղեկություններ, որոնք վկայում են միայն տվյալ մեթոդիկայի մասին: Այլ բժշկական փաստաթղթեր, որոնք վկայեն հիվանդության` լսողական օրգանի բուժման վերաբերյալ, չկան:

Այդ իսկ պատճառով էլ տալ համապատասխան գնահատականներ բուժման գործընթացի եւ արդյունավետության վերաբերյալ` հնարավոր չէ: Ինչ վերաբերում է «սկէնառ» մեթոդով իրականացված բուժմանը, ապա դատելով 2012թ. օգոստոս ամսից մինչ օրս կատարված աուդիոմետրիկ հետազոտությունների արդյունքներից, հանձնաժողովը գտնում է, որ, ըստ էության, վերոնշյալ մեթոդով կատարված միջոցառումները («սկենառ-թերապիա») չեն ունեցել ոչ դրական, ոչ էլ բացասական արդյունքներ: Ըստ փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերի եւ ներկայումս կատարված հետազոտությունների արդյունքների՝ Մ. Շիրինյանի մոտ առկա է 3-րդ աստիճանի երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն, որը ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների` չի հանդիսանում բժշկական սխալի հետեւանք:

Բողոքաբերի դիտարկմամբ, «Դատարանը արժանահավատ չի գնահատել գործում առկա ՀՀ Երեւան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի 24.06.2014թ. գրությունը եւ ՀՀ ԱՆ գլխավոր թերապեւտ Միքայել Նարիմանյանի 11.07.2014թ. գրությունը այն պատճառաբանությամբ, որ գործում առկա է ՀՀ ԱՆ Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի եզրակացությունը»:

Հետեւաբար, լսողությունը կորցրած երեխայի մոր գնահատմամբ, դատարանը եթե պատշաճ գնահատեր վերը նշված գրությունները, ապա կտեսներ, որ իրականում պատասխանող բժիշկն իրավունք չուներ իրականացնել Մ. Շ.-ի նկատմամբ բժշկական ծառայությունը եւ իրականացված ծառայությունը ոչ պատշաճ է: Համաձայն հայցվորի ներկայացուցչի կողմից ՀՀ առողջապահության նախարարություն հարցմանը՝ ՀՀ ԱՆ գլխավոր թերապեւտ Մ.Նարիմանյանը 11.07.2014թ. գրությամբ պատասխանել է՝ «ՀՀ ԱՆ բժշկական մասնագիտությունների ցանկում ընդհանուր պրակտիկայի բժիշկը ներկայացվում է որպես ընտանեկան բժիշկ: Վերջինիս գործողությունների մեջ «սկէնառ-թերապիան» չի ներկայացվում: Ավելին, ընտանեկան բժիշկների մասնագիտացման եւ կատարելագործման ծրագրերում այդ մեթոդն ընդգրկված չէ»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930