Լրահոս
Օրվա լրահոսը

Վարակվել ապագայի երազանքով

Նոյեմբեր 07,2014 12:00

Դուրս գալով «խեղճուկրակի» հոգեվիճակից

Հոկտեմբերի 11-ին UWC Dilijan College-ի բացումը մի տեսակ աննկատ անցավ հայաստանյան լրատվամիջոցների եւ, հետեւաբար, հասարակության համար: Մի տեղ ինչ-որ հիմարություն կարդացի, թե այդ դպրոցը կապ ունի աղանդավորների հետ՝ ինչ ասես մարդկանց մտքով չի անցնում: Մնացած տեղերում լիքը քննադատություն կար Հայաստանի նախագահի հասցեին, թե ինչու է նա ասել, որ կցանկանար այս քոլեջում տեսնել նաեւ Ադրբեջանից եկած ուսանողներին: (Չնայած, կարծում եմ, այս դեպքում Սերժ Սարգսյանը միանգամայն ճիշտ էր՝ ադրբեջանցի պատանիների սովորելը նման քոլեջում միայն կբարձրացնի մեր երկրի վարկը):

Այսքանը «հիշվեց» Դիլիջանի միջազգային դպրոցի հանդիսավոր բացմանը նվիրված լրահոսից: Ինչո՞ւ էր այդ լրահոսն այդքան, մեղմ ասած, աղքատիկ: Պատճառները, կարծում եմ, երկուսն են. այդ գաղափարի շարժիչ ուժը հանդիսացող մոսկվաբնակ բիզնեսմեն եւ բարերար Ռուբեն Վարդանյանն իր նախաձեռնությունների շուրջ բավականին «բյուրոկրատացված» մթնոլորտ է ստեղծում՝ լրատվամիջոցների հետ ազատ շփումը եւ սուր հարցերի քննարկումը սահմանափակվում են: Մարդկանց ինչ-որ գաղափարներով ոգեշնչելու համար «ստերիլ» վճարովի գովազդը բավարար չէ: Երկրորդ՝ շատ քչերը հիմա «կհամարձակվեն» ասել, որ Հայաստանում նաեւ լավ բաներ են կատարվում՝ միանգամից կկպցնեն «իշխանության սպասարկուի» պիտակը:

Մինչդեռ իրադարձությունն իսկապես ուրախալի էր եւ ոգեւորիչ: UWC (United World Colleges) կրթական համակարգն ամենաառաջադեմն է աշխարհում, եւ Հայաստանն այն 14 երկրներից է, որտեղ կան նման քոլեջներ: Թվարկեմ մնացած երկրները՝ Կանադա, Հոնկոնգ, Հնդկաստան, Իտալիա, Նորվեգիա, Սինգապուր, Սվազիլենդ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Կոստա Ռիկա, Բոսնիա-Հերցեգովինա, Հոլանդիա: Ինչպես տեսնում եք, հիմնականում լուրջ երկրներ են: Հրաշալի է, որ հետխորհրդային տարածքի առաջին երկրում բացված քոլեջում արդեն սովորում են գրեթե 100 երեխա մի քանի տասնյակ երկրներից:

Վատ է, որ այս ամենը մեզ չի ոգեւորում: Ինչու է այդպես: Պատասխանը տալիս է ինքը՝ Ռուբեն Վարդանյանը «Ռուսսկի պիոներ» ամսագրում գրված իր հոդվածում: «Մեր հասարակության երկու առանցքային խնդիրներն են,- գրում է նա, – պլանավորման կարճ հորիզոնը եւ վստահության փոքր շառավիղը: Այդ խնդիրներն իրար հետ փոխկապակցված են: Բանն այն է, որ հեռավոր ապագայի մասին կարող են մտածել նրանք, ովքեր վստահ են իրենց ուժերում: Ինքնավստահությունը ծնվում է հավատից՝ ինքդ քո, քեզ շրջապատողների, աշխարհի հանդեպ: Ես կարծում եմ՝ կարելի է մարդկանց սովորեցնել երազել՝ սովորեցնելով ավելի շատ իրար վստահել»:

Չնայած խոսքը ռուսաստանյան հասարակության մասին է, կարծում եմ՝ այդ դատողությունը միանգամայն կիրառելի է նաեւ մեր դեպքում: Սովորական, կենցաղային մակարդակի մտածողությունը մոտավորապես հետեւյալն է. «Ի՞նչ միջազգային դպրոց, ի՞նչ ապագայի մեջ ներդրումներ, այսօրվա օրը մի կերպ գլորեմ, տեսնեմ՝ վաղն ինչ կլինի: Էս խեղճուկրակ ժողովրդին մենակ միջազգային դպրոցն էր պակաս: Փող ունի, թող մարդկանց գազի վարձը մուծի»: Ցավոք, մեր քաղաքական ուժերը հեռու չեն գնացել այդ տիպի մտածելակերպից եւ այդ տիպի «բարեգործություններից»:

Նույն հոդվածում Վարդանյանը փաստորեն առաջարկում է ամեն մեկիս մի պահ կտրվել առօրյա հոգսերից եւ մտածել, թե ինչի մասին ենք մենք երազում: Ես էլ մտածեցի. ես երազում եմ, որ հայաստանցիները դուրս գան «խեղճուկրակի» եւ ինքնախղճահարության այս հոգեվիճակից: Իսկ դրա համար պետք է նրանց (թող բարձր չհնչի) վարակել ապագայի մասին երազանքով:

Հիմա ես այդ ամենը գրում եմ եւ մտածում եմ, որ ինչ-որ մեկը ինձ գուցե կասկածի, թե ես ոչ անշահախնդիր ձեւով ինչ-որ բան եմ գովազդում: Հիրավի, մեր հասարակության մեջ վստահության խիստ դեֆիցիտ կա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930