Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

Նոյեմբեր 07,2014 10:17

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ քսաներեքերորդ

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՎ ՄԵՆՔ

Եվ ես մի քիչ մտածեցի ու Հավատացյալին ասացի՝ «օրինակ՝ Չարենցի գործերը շատ էլ մնայուն են» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «Տաղ անձնականը» մնայուն չի՞», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մնայուն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Չարենցը մի քանի հատ էլ էդ կարգի մնայուն գործեր ունի» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «գիտե՞ս ինչի են էդ ու էդ մի քանիսը մնայուն», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չգիտեմ», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որովհետեւ էդ ու էդ մի քանիսը Չարենցը չի գրել», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ո՞վ ա գրել», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «Աստված թելադրել ա, Չարենցը սղագրել ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, Չարենցը դրանք գրելու պահերին Աստծո ու մահկանացուների միջեւ միջնորդի դեր ա կատարել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, Չարենցը Աստծո Խոսքը փոխանցել ա մեզ», եւ ես ժպտալով ասացի՝ «էն էլ ո՜նց ա փոխանցել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թե չէ՝ սովորական մահկանացուն ի վիճակի չի նման տողեր արարել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ Չարենցի պես հանճարն ի վիճակի չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «նույն Չարենցն ուրիշ շատ գործեր էլ ա գրել, որոնք «Տաղ անձնականին» կամ, ասենք, «Մահվան տեսիլին» էապես են զիջում», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «ո՞ր «Մահվան տեսիլը» նկատի ունես», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկուսն էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրանք ու էլի մի քանի բանաստեղծություններ Աստված ա Չարենցին թելադրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Բարձրյալը Թումանյանին էլ ա ահագին քառյակներ թելադրել» եւ մի քիչ էլ մտածեց ու երանությամբ ժպտալով ավելացրեց՝ «մենք պիտի հպարտ լինենք, որ Տիրոջ ընտրյալների մեջ հայեր կան», եւ ես ասացի՝ «Աստված Նարեկացուն էլ ա թելադրել», եւ Հավատացյալն իր ժպիտը ծաղկեցնելով ասաց՝ «Նարեկացուն ծայրեծայր ա թելադրել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ի տարբերություն Չարենցի ու բոլորի», եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Նարեկացին ոչ մի տող չի հորինել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Նարեկացու ֆենոմենը հասկանալն ա նույնիսկ շատ դժվար», եւ ես ասացի՝ «դրա համար էլ Նարեկացուն չեն գնահատում», եւ Խորենը զարմացած հարցրեց՝ «ո՞վ չի գնահատում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «աշխարհը», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհը նախ պիտի Նարեկացուն ճանաչի, որ գնահատի կամ չգնահատի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «աշխարհը նախ պիտի Նարեկացուն հասկանա, որ գնահատի կամ չգնահատի», եւ ես ասացի՝ «աշխարհը հայերեն չգիտի, որ Նարեկացուն հասկանա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց դա աշխարհի դժբախտությունն ա, ոչ թե՝ Նարեկացունն ու հայերինը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց Նարեկացուն ճանաչելու ու հասկանալու համար հայերեն իմանալն էլ ա շատ քիչ», եւ ես ասացի՝ «պիտի գրաբար էլ իմանաս», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «ես մարդ գիտեմ, որ համ լավ հայերեն գիտի, համ էլ լավ գրաբար, բայց Նարեկացուն բացարձակապես չի հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Նարեկացուն հասկանալու համար աշխարհաբար ու գրաբար իմանալը շատ քիչ ա», եւ ես ասացի՝ «գրականագետները համ աշխարհաբար գիտեն, համ էլ՝ գրաբար, բայց Նարեկացուն սխալ են հասկանում ու մեկնաբանում», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Նարեկացին գրականություն չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ ա», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «կյանք», եւ ես ասացի՝ «Տոլստոյն ասում ա՝ գրականությունը կյանքի հայելին ա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գրականությունը չգիտեմ ինչ ա, բայց որ Նարեկացին ուղնուծուծով կյանք ա, էդ մեկը հաստատ կարամ ասեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Նարեկացին գրականությունից բարձր երեւույթ ա», եւ ես ասացի՝ «մեր նախնիները «Նարեկը» չեն կարդացել, բայց էդ գիրքը բարձի տակ են դրել, որ հիվանդություններից բուժվեն», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «էդ ձեր գրողներն ու գրականագետներն են հնարել», եւ ես զարմացած հարցրի՝ «չեն բուժվե՞լ», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «բուժվել են», եւ ես հարցրի՝ «բա գրողներն ու գրականագետներն ի՞նչ են հնարել», եւ Հավատացյալը պատասխանեց ու ասաց՝ «հնարել են՝ իբր էն ժամանակ մարդիկ «Նարեկ» չեն կարդացել, բայց բարձերի տակ են դրել, որ բուժվեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «լավ էլ կարդացել են», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց էն ժամանակ հազարից մեկն ա տառերն իմացել», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հազարից մեկը բարձրաձայն կարդացել ա, մյուսները լսել են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հեչ պարտադիր չէր, որ անձամբ կարդային» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորը ոչ թե տառաճանաչությունն ա, այլ՝ հոգեւոր ճանաչողությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ձեր գրողներն ու գրականագետները կարող ա «Նարեկը» հազար անգամ կարդացած լինեն, բայց ոչ մի բան չընկալեն ու չհասկանան», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իրանք չեն ընկալում ու չեն հասկանում, բայց Նարեկացու մասին հոդվածներ են գրում ու բացատրում են Նարեկացու գրածը», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու թախծոտ ժպտալով ասաց՝ «դրանց հոդվածներից մի քանիսը կարդացել եմ» եւ մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «դրանք Նարեկացուն ամեն ինչի հետ կապում են՝ բացի հավատքից ու Աստծուց» եւ մի քիչ էլ մտածեց ու թախծոտ ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ իրանց համար Նարեկացին գրականություն ա, ոչ թե՝ կյանք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց գրականություն էլ ա, չէ՞» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ավելի ճիշտ՝ պոեզիա», եւ Հավատացյալը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նարեկացին գրականության ու պոեզիայի հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը շատ ավելի բարձր երեւույթ ա, քան՝ գրականությունն ու պոեզիան»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930