Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանն իմ քաղաքն է, այն է ոգեշնչում ինձ»

Նոյեմբեր 07,2014 12:30

Ասում է Ֆրանկֆուրտում կատարելագործվող
հայ բարիտոն Գուրգեն Բավեյանը

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, Տաթեւիկ Սազանդարյանի եւ Գոհար Գասպարյանի անվան մրցույթների դափնեկիր, «Երգեցողություն» անվանակարգում ՀՀ նախագահի մրցանակակիր, բարիտոն Գուրգեն Բավեյանը իր արվեստը կատարելագործելու նպատակով մեկնել է Գերմանիա: Արդեն մեկ տարի է, ինչ երգիչը սովորում է Ֆրանկֆուրտի երաժշտական բարձրագույն դպրոցում եւ աշխատանքի է անցել Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում` որպես օպերային ստուդիայի մեներգիչ։

Գուրգեն Բավեյանը ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ իր հավաստմամբ՝ շատ գոհ է ստացած կրթությունից, նա նշեց մասնավորապես Վալերի Հարությունյանի անունը, որը, երգչի հավաստմամբ, մեծ դերակատարություն է ունեցել իր կայացման գործում: Գուրգենը նշում է, որ նաեւ իր երջանկահիշատակ հոր երազանքն էր՝ իրեն տեսնել որպես օպերային երգիչ: «2004-2013թթ. աշխատել եմ Ղազարոս Սարյանի օպերային ստուդիայում՝ որպես մեներգիչ:

Ուսանողական տարիներին մասնակցել եմ նաեւ տարբեր հանրապետական մրցույթների եւ դարձել դափնեկիր: Բազմաթիվ համերգներ եմ ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Սերենադ» կամերային նվագախմբի, Հայաստանի մենակատարների պետական անսամբլի եւ այլ կոլեկտիվների հետ: Նաեւ համերգներով հանդես եմ եկել Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Բելգիայում եւ այլ երկրներում»,- պատմում է մեր զրուցակիցը: Իսկ ինչո՞ւ որոշեց մեկնել արտերկիր։ «Եթե ուզում ես կատարելագործվել եւ լինել անմիջական կրողն այն արվեստի, որի ներկայացուցիչն ես, ապա պետք է սովորել կամ վերապատրաստվել այնտեղ, որտեղ այդ արվեստը առավել զարգացած է»,- պատասխանեց Գուրգեն Բավեյանը:

Նաեւ հավելում է, որ առաջիկա օրերին կսկսեն Պուչինիի «Ջաննի Սկիկկի» օպերայի նախապատրաստական աշխատանքները՝ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում: «Ես մարմնավորելու եմ հենց Ջաննի Սկիկկիի կերպարը: Այս օպերային ծանոթ եմ դեռ Երեւանից: 2006-ին այն բեմադրվեց Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում` ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, ես մարմնավորել էի Մարկոյի կերպարը»,- նշում է երգիչը: Մեզ հետ զրույցում նա հավաստիացնում է, որ Հայաստանից անդառնալի չի հեռացել ու անպայման կվերադառնա. «Ինձ սպասում են ընտանիքս, հարազատներս, Հայաստանը իմ ծննդավայրն է, Երեւանն իմ քաղաքն է, այն է ոգեշնչում ինձ»:

ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930