Ձայնը, ձայնը լսվում էր ամեն տեղից, չէր կենտրոնանում, սփռվում էր ու չէր կուտակվում: Ցանուցիր ձայներից ծփում էր ծնգծնգոցը ու ծավալվում, ձայնը ձուլվում էր շրջապատին: Աշխարհում միայն ձայնը հնարավոր չէ կրկնել: Յուրաքանչյուրն ունի իր ձայնը, որ տարբերվում է մնացած ձայներից, որովհետեւ ձայնը ճակատագրի ստորագրությունն է կյանքի մագաղաթին: Ձայնի մեջ տասնյակ ու հազարավոր ձայներ են ձուլված ու այնպես են ձուլված, որ շերտատել անհնար է, ու ձայնը մնում է միայնակ ու միակ ստորագրությունը ճակատագրի՝ կյանքի մագաղաթին: Լիալուսնի մեջ հանդիպում են բոլոր ձայներն ու հետաքրքրվում միմյանցով: Նրանք նման են իրար ու, միեւնույն է, տարբեր են, այնքան տարբեր, որ դառնում են անհատական ստորագրություն ճակատագրի մագաղաթին:
Զեւսը պահպանում է ճշմարտությունը եւ կարգուկանոնն աշխարհում, մարդկանց երջանկություն ու վիշտ է ուղարկում: Մարդկանց երջանկություն ու վիշտ է ուղարկում, բայց նրանց ճակատագիրը իր ձեռքում չէ: Զեւսը իմաստնաբար խուսափել է պատասխանատվությունից: Մարդկանց ճակատագիրը նա հանձնել է իր եւ Ֆեմիդայի դուստրերին՝ մոյրաներին ու նրանց բնակեցրել իր կողքին՝ Օլիմպոսում: Հանուն արդարության՝ իր ճակատագիրն էլ նրանց է հանձնել: Մոյրաները իշխում են մահկանացուներին ու անմահներին: Նրանցից ոչ ոք չի կարող խուսափել: Չկա ոչ այնպիսի ուժ, ոչ այնպիսի իշխանություն, որ կարողանա փոխել ճակատագիրը: Միայն մոյրաներն են տնօրինում ճակատագրերը: Միայն մոյրաները գիտեն նրանց զիգզագները: Կլոտոն մանում է կյանքի թելը, իլիկը պտտվում է նույն արագությամբ ու նույն ուղղությամբ: Կլոտոն կտրեց թելը՝ կյանքը վերջանում է: Լախեսիսը հանում է վիճակը, նրա աչքերը փակ են: Նա անկողմնակալ է ու անտարբեր: Նրա համար միեւնույն է՝ ում ինչ է վիճակվում: Կլոտոյի կտրած թելն ու Լախեսիսի հանած վիճակը Ատրոպոսը տեղնուտեղը գրի է առնում, ինչ գրում է Ատրոպոսը, չի կարող ջնջել անգամ Զեւսը: Անդրդվելի են ճակատագրի մոյրաները:
Կլոտոն ամեն անգամ իլիկը ձեռքն է առնում թեթեւ գլխապտույտով: Երբ նոր-նոր էր այդ գործն անում, մեկ միլիարդ տարի առաջ, վստահ էր ու հանգիստ, պտտում էր, պտտում էր ու որտեղ թելը բարակում, այնտեղ կտրում էր: Չէր էլ մտածում՝ ինչո՞ւ հենց այդտեղ ու հենց այդպես կտրվեց: Կտրվեց՝ կտրվեց: Իր գործը թելը մանելն ու կծիկը կծկելն է՝ մեծ-փոքր, իր խնդիրը չէ, հաստ-բարակ, իր խնդիրը չէ: Կլոտոն երբեք չէր տեսել նրանց դեմքերը, ում կյանքի տեւողությունը իր ձեռքերի ճարպկությամբ ու թելի կարճուերկարությամբ էր պայմանավորվում: Կլոտոն չէր մտածում նրանց մասին, իրավունք չուներ: Զեւսը արդարության ու ճշմարտության երաշխավորն էր ու Զեւսը թույլ չէր տա, որ Կլոտոն մեկի կյանքը երկարացներ, որովհետեւ տեսել էր նրա աչքերը: Ու Կլոտոն մանում էր իր կծիկը, որովհետեւ ուրիշ գործ չուներ, ու ուրիշ իրավունք չուներ: Մի քանի միլիոն տարի առաջ Կլոտոն ապստամբեց՝ իլիկն առնում էր ձեռքը ու մի քանի պտույտից հետո կտրում էր թելը: Այնքան արագ, որ Լախեսիսը չէր հասցնում վիճակը հանել: Մի քանի օրից Զեւսն անձամբ ժամանեց: Ամպը կուտակվել էր պատուհանի առաջ, ու Կլոտոն մթության մեջ ավելի արագ էր պտտում իլիկն ու կտրում թելը: Չհասցրեց զարմանալ, երբ ամպը անհետացավ ու հայրը սենյակ մտավ: Անժպիտ: Գործնական հարցրեց.
-Ինչո՞ւ ես թելը կտրում:
-Ինքն է կտրվում:
-Ինչո՞ւ ես թելը կտրում:
-Ինքն իրեն է կտրվում:
-Ինչո՞ւ ես թելը կտրում:
Երրորդ անգամ չհասցրեց պատասխանել, իլիկը սկսեց ինքն իրեն պտտվել ու ամեն պտույտին խփում էր ձեռքերին:
-Ես հոգնել եմ: Ես ուզում եմ գոնե մեկ անգամ տեսնել մեկին, ում կյանքը իմ ձեռքերում է: Ես հոգնել եմ իլիկը պտտել: Ես հոգնել եմ: Ձեռքերս ցավում են: Թելն անհարթ է դարձել: Իլիկները մաշվում են: Գիտես՝ քանիսն եմ փոխել: Կեռիկը կոտրվում է: Մեջքս ցավում է: Թելը նույն գույնն ունի՝ ձանձրանում եմ: Գոնե հրամայի՝ բուրդը գունավորեն: Աչքերս սպիտակից կուրանում են: Մաշկս սրթսրթում է: Թելը լավը չի: Ասա թող իլիկները մի քիչ փոքր անեն կամ մի քիչ մեծ: Ես հոգնել եմ:
Կարդացեք նաև
Հայրը ոչինչ այլեւս չասաց, երբ նա դուրս եկավ, իլիկը ձեռքերի մեջ սկսեց մեծանալ ու փոքրանալ, թելը գունավորվում էր, հաստանում ու բարակում, բայց ոչինչ չէր փոխվել՝ ինքը մանում էր ու մանում: Կլոտոն հասկացավ, որ Զեւսն իրեն ներեց, բայց չհասկացավ:
Լախեսիսը ժպտալ չգիտեր, նրա դեմքը այդպես էր գծագրված, որ շուրթերը ավելին չէին բացվում: Լախեսիսի ձայնը նման էր կտրվող մետաղի խզզոցի: Նա հանում էր պարկից հերթական վիճակը ու կարդում էր, որ քույրը գրի առնի: Նա չէր հոգնում, չէր զարմանում, չէր զայրանում: Լախեսիսն անտարբեր խզխզում էր ու լռում: Երբեմն միայն նա թափահարում էր իր պարկը, որ վիճակները հավասար տեղաբաշխվեն ու ձեռքը տանելուն պես՝ հանի: Լախեսիսն ավելորդ շարժումներ չէր սիրում, նա կատարյալ էր ամեն ինչում: Նրա բոլոր շարժումները ճշգրիտ էին ու ներդաշնակ: Նրա խզխզոցը չէր փոխվում, երբ մահ ու հիվանդություններ, ձախորդություններ ու տառապանք էր թելադրում: Նրա խզխզոցը չէր փոխվում հաջողություն ու երջանկություն կանխագուշակելիս: Լախեսիսը երբեք չէր ցանկացել տեսնել որեւէ մեկին, ում վիճակը հանել էր:
Նա կատարյալ էր ստեղծված, ու Զեւսը դստերը չէր սիրում: Զեւսը հենց նրան էր վիճակ հանելը վստահել, որովհետեւ բացարձակ անտարբեր էին միմյանց նկատմամբ: Լախեսիսը միայն մեկ խնդիր ուներ՝ երբեմն նա շփոթում էր՝ վիճակը փակ աչքերով հանելու ու բաց աչքերով կարդալու փոխարեն հակառակն էր անում, բայց դա չէր խանգարում գործին: Նրանք երեքով միշտ միասին էին, բայց Լախեսիսը համարում էր, որ ինքն է գլխավորը: Ճիշտ է՝ Կլոտոն է թելը մանում, բայց ինչ նշանակություն ունի ինչքա՞ն, կարեւորը ինչքանը չէ, այլ՝ ի՞նչը, իսկ ինչը իր ձեռքերում է: Նա նույն քամահրանքով էր վերաբերվում եւ մյուս քրոջը, որովհետեւ վստահ էր, որ Անտրոպոսը այնքան երեւակայություն չունի, որ փոխի իր ասածները ճակատագրի գրքում: Լախեսիսը իրեն համարում էր քույրերի ղեկավարը, թեպետ նրանց ոչինչ չէր ասում՝ ի՞նչ ասեր, այդպես էլ պարզ էր: Նա վստահ էր, որ ինքն է ժառանգել մոր ողջ իմաստնությունը եւ ինքը երբեք չի կարող որեւէ սխալ գործել: Նույնիսկ եթե շատ ցանկանա: Ու հենց այդ պատճառով նա երբեք չէր ժպտում: Նրա կատարյալ դեմքի համար ժպիտը, զարմանքը, զայրույթը ավելորդ շարժում էին, ի՞նչ իմաստ ուներ ուժերը վատնել ավելորդության վրա:
Անտրոպոսը ձախ ձեռքով հարթում էր մագաղաթը ու աջով սկսում գրել: Առաջին բառը միշտ անունն էր, ու Անտրոպոսը արդեն անգիր գիտեր, թե որ անունին ինչ ճակատագիր է վիճակվելու, մանրիկ տարբերությունները նա համարում էր համեմունք ճաշին, որ նույն համն է ունենալու: Անտրոպոսը ձախով մագաղաթը հարթելիս՝ համարյա անվրեպ զգում էր՝ երբ է Կլոտոն թելը կտրելու ու ինչ է Լախեսիսը ասելու:
Մի քանի միլիոն տարի առաջ, երբ Կլոտոն ապստամբել էր ու անընդհատ կտրում էր թելը, Անտրոպոսը, միեւնույն է, իր մագաղաթին ուրիշ գրառումներ էր անում, որովհետեւ արդար չէր, որ զայրացած ու հոգնած քրոջ պատճառով մարդիկ մեռնեին՝ չծնված, մեռնեին՝ կյանքը չապրած: Անտրոպոսը երբեք չէր տեսել ու չէր ուզում տեսնել նրանց դեմքը, ում կյանքն օր առ օր ինքն էր գրի առնում: Նա իրեն թույլ էր տալիս քմահաճ լինել ու երբեմն ականջի կողքով էին անցնում հիվանդություններն ու աղետները, երբեմն՝ հաջողություններն ու հրաշքները: Անտրոպոսը իրեն կամայականություններ էր թույլ տալիս եւ ոչ ոք նրան չէր արգելում, որովհետեւ աստվածների համար ի վերջո մեկ էր՝ ում ինչ կվիճակվի, նրանք վերահսկում էին, որ վիճակվածը կատարվի: Անտրոպոսը դա վաղուց, համարյա ամենասկզբից էր հասկացել, պատանության օրերին նույնիսկ մեկ անգամ Զեւսին հարցրել էր՝ իսկ կարելի՞ է ճակատագրի գիրը փոխել, երբ Կլոտոն կարճ կամ երկար է կծիկը մանել, իսկ Լախեսիսը շատ միօրինակ վիճակ է հանել:
Զեւսն ասել էր՝ ոչ, որովհետեւ կարգուկանոնը կխախտվի: Զեւսը կրկնել էր՝ ոչ, որովհետեւ ինչքան ու ինչ վիճակված է, այն էլ պետք է լինի: Զեւսը զգուշացրել էր՝ ոչ, որովհետեւ դու պարտավոր ես ճշգրիտ արձանագրել քույրերիդ քայլերը: Ու Անտրոպոսը հասկացել էր, որ Զեւսը համաձայն է, որ ինքը երբեմն իր ցանկացածն անի: Զեւսը եւս հասկացել էր, որ Անտրոպոսն իրեն չի լսելու, եւ ներել էր նրան, որովհետեւ սիրում էր Անտրոպոսին ու հասկանում, որ նա վաստակել է աննշան փոփոխությունների իրավունքը: Զեւսն արդարամիտ էր ու վախենում էր մոյրաների ապստամբությունից, որովհետեւ իրավունք չուներ ճակատագրի ճակատագիրը տնօրինել: Ու դա գիտեին մոյրաները: Զեւսի ու Ֆեմիդայի դուստրերը Օլիմպոսում միշտ զբաղված էին, եւ նրանք չէին հասցնում մեծ ու մանրիկ խարդավանքների մեջ խառնվել, նրանք աստվածների մեջ առանձնահատուկ տեղ ունեին՝ նրանք երբեք ոչինչ իրենք իրենց համար չէին անում:
Օլիմպոսում ժողովրդավարություն չկար, կար կարգուկանոն ու կարգուկանոնի պահպանման գիտակցություն: Աստվածները կարող էին տնօրինել հերոսների ու մարդկանց ճակատագրերը այնքանով, որքանով Կլոտոն, Լախեսիսը ու Անտրոպոսը թույլ էին տվել: Բայց նրանք վստահ էին, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է ու ինչ ուզեն՝ կանեն: Զեւսը եւս անում էր՝ ինչ ուզում էր, բայց նա գիտեր, որ իր բոլոր ցանկությունները ծնվում ու ծավալվում են մոյրաների գծած սահմաններում: Օլիմպոսում բոլորը միմյանց ստում էին ու գիտեին, որ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց շարունակում էին ստել, որովհետեւ կար ժամանակ, երբ բոլորը հնազանդ էին, ամեն ինչ ճիշտ ու ճշգրիտ էին անում, ու դա այն ժամանակն էր, որ կյանքը կանգ էր առել, եւ Զեւսը ստիպված թույլատրել էր մեծ ու մանրիկ զանցանքներն ու անհնազանդությունները, որովհետեւ Զեւսն աստվածների աստվածն էր ու պատասխանատու էր նրանց ու մարդկանց լինելության համար:
Ձայնը ձուլվում էր շրջապատին, իսկ երբ զատվում էր՝ Կլոտոն կտրում էր թելը: Լախեսիսը պարկից հանում էր մահը: Անտրոպոսը ոչինչ չէր փոխում: Զեւսը շարունակում էր վստահել ու հսկել իրավիճակը: Իսկ Ֆեմիդան երբեմն բացում էր աչքերը, որ այլեւս ոչինչ չտեսնի:
Զրնգոցը այնքան ուժեղ էր, որ ներառեց բոլոր ձայներն ու սպանեց, իսկ հետո շարունակեց տարածվել ու ձուլվել շրջապատին, որտեղ բոլորն ամեն ինչ գիտեին, բայց չգիտեին՝ երբ:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2014