Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհում էլ է լեցուն դահլիճներ ապահովելը խնդիր»

Նոյեմբեր 07,2014 13:30

Մեզանում դեռեւս պահպանվում է խորհրդային ժամանակներից եկած պետական եւ ոչ պետական կարգավիճակ ունեցող երաժշտական կոլեկտիվների հանդեպ հանրության տարբերակված վերաբերմունքը: Թեեւ պատմությունից հայտնի են ժամանակին Ռուսաստանում գործող կայսերական օպերային թատրոնները կամ եվրոպական երկրներում՝ պալատական նվագախմբերը: Մեծ հաշվով, երկու դեպքում էլ ինչ-որ չափով կոլեկտիվներին տեր է կանգնում պետությունը: Այսօր կան հայաստանյան պետական կոլեկտիվներ, ընդ որում՝ կամերային կազմերով, որոնք տարիներ շարունակ արտերկրյա շրջագայություն չեն ունեցել, իսկ, օրինակ, պետական կարգավիճակ չունեցող Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն այդ խնդիրը չունի: Որ տրիոն բարձրակարգ անսամբլ է՝ փաստ է, բայց չի բացառվում, որ արտերկրյա համերգային շրջագայությունից զրկված պետական կամերային կոլեկտիվների թվում նույնպես կան բարձրարվեստ խմբեր:

Իսկ բոլոր ժամանակներում գերխնդիրը եղել ու մնում է հանդիսատես ապահովելը: Այս առիթով հանդիպեցինք իսրայելաբնակ ճանաչված դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանին, որը 2006թ. հանդիսանում է պետական կարգավիճակ չունեցող Աշդոդի (Իսրայել) սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, իսկ 2008-ից մինչեւ վերջերս՝ Ղազախստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր: Ի դեպ, նոյեմբերի 7-ին՝ 25 տարի անց, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Վահագն Պապյանը կրկին կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Հիշեցնենք, որ 1984թ., երբ ֆիլհարմոնիկը ղեկավարում էր մեծանուն Վալերի Գերգիեւը, Պապյանին հրավիրեց նվագախումբ, իսկ մեկ տարի անց, երբ Գերգիեւը հեռացավ նվագախմբից, գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվեց Պապյանը՝ պաշտոնավարելով մինչեւ 1989թ.:

Անդրադառնալով պետական եւ ոչ պետական կարգավիճակ ունեցող նվագախմբերին, «Առավոտի» հետ զրույցում Վահագն Պապյանը հավաստիացրեց, որ կարգավիճակը որեւէ դերակատարում ունենալ չի կարող: «Առանց ֆինանսավորման, ինչքան էլ բարձրակարգ, կոնկրետ նվագախումբ գոյություն ունենալ չի կարող: Կոլեկտիվիս աջակցում է ինչպես Աշդոդի քաղաքապետարանը, այնպես էլ պետությունը, ունենք նաեւ հովանավորներ եւ ինքներս էլ ենք աշխատում գումար: Մեր դեպքում գործում է հասարակական խորհուրդը, գեղարվեստական խորհուրդը եւ ունենք ֆինանսական տնօրեն: Բայց Հայաստանի դեպքում, կարծում եմ, պետական կարգավիճակն անհրաժեշտ է. աշխարհագրական իմաստով գտնվում ենք մի տարածքում, որ պետք է պահպանենք մեր տեսակը, դեմքը, արվեստը: Այլ խնդիր է՝ լեփ-լեցուն դահլիճներ ապահովելը, ինչով մտահոգված ենք ոչ միայն մենք եւ դուք, այլեւ ողջ աշխարհը»,- ասաց դիրիժորը: Հավելեց նաեւ, որ լեփ-լեցուն դահլիճներ կլինեն կամ լինում են միայն մեկ դեպքում. երբ համերգը ոչ թե հերթական է, այլ հանդիսանում է երեւույթ, թեկուզեւ շոուի տարրերով համեմված:

Մեր զրուցակիցը համոզված է նաեւ, որ հանդիսատեսը պետք է լինի անպայման պատրաստված: «Չեմ ընդունում, երբ ունկնդիրը ներկա է գտնվում համերգին պարզապես ֆիզիկապես: Նրա համար էլ բարդ է, ասենք, 40 րոպե լսել Բեթհովենի սիմֆոնիան… Կան երկրներ, որտեղ յուրաքանչյուր երկի կատարումից առաջ համերգավարը նախապատրաստում է հանդիսատեսին: Կան երկրներ էլ, որտեղ համերգային բուկլետում մանրամասնորեն տեղեկացվում է կատարվող գործի մասին: Լավ արդյունքի կարելի է հասնել նաեւ աբոնեմենտային կարգի դեպքում եւ այլն: Մի բան ակնհայտ է, կրկնում եմ՝ յուրաքանչյուր բեմելի, համերգի պետք է մոտենաս ոչ թե հերթականի, այլ ինչպես երեւույթի»,- հայտնեց Վահագն Պապյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930