Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնի մոլուցք

Նոյեմբեր 07,2014 14:30

Պաշտոնը կառավարման համակարգի հիերարխիկ աստիճան է: Քանի որ աշխարհում ապրող բոլոր մարդիկ` որպես կենսաբանական էակներ, իրենց որոշակի հատկանիշներով համարյա նույնն են, թվում է, թե մարդ-պաշտոն հարաբերությունը նույնպես պետք է ամենուրեք մոտավոր նույնը լինի: Մյուս կողմից՝ ամեն ժողովուրդ, ամեն ազգ ունի իր յուրատիպ առանձնահատկությունները` սկսած մարդկանց արտաքին տեսքից, սովորույթներից, կրոնից, վերջացրած նմանատիպ այլ հատկանիշներով, ուստի բնական կլիներ, որ նրանք մոտավոր նույն չափով էլ իրարից տարբերվեին՝ նաեւ պաշտոնի նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքով: Զարմանալիորեն, իրական կյանքում վերը նշված երկու մոտեցումներն էլ չեն աշխատում: Գաղտնիք չէ, որ հատկապես հայ իրականության մեջ, տարբեր միջոցառումների ժամանակ, տարբեր ամբիոններից՝ պաշտոնյաների բերանով մշտապես ասվում է, որ պաշտոնն ընդամենը պետք է գործիք լինի՝ մարդուն ծառայելու համար:

Փորձենք տեսնել՝ արդյո՞ք այդ գործիքն իրականում այդպիսի գործառույթներ է իրականացնում նաեւ մեր երկրում: Պատասխանն ակնհայտ է. ոչ եւ միանշանակ՝ ոչ: Այսուհետ այն, ինչ ասվելու է հայի մասին, միջինացված մոտեցում է եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, այն ենթակա է որոշակի ճշգրտման: Շատ հաճախ, հատկապես կերուխումի սեղաններին պաշտոնյաները միմյանց ներկայացնում են որպես հեքիաթի հերոսներ, այնինչ, իրականում նրանք՝ հիմնականում հեքիաթ ավերող աճպարարներ են: Կարծիք կա, որ Հայաստանում մարդկանց պաշտոնամոլության չափը՝ համեմատած աշխարհի ցանկացած երկրի մարդկանց պաշտոնամոլության հետ, պատիկներով մեծ է: Այո, դա իրոք այդպես է եւ դրա հիմնական պատճառն այն է, որ պաշտոնը մեր երկրում միայն արտոնություն է, միայն իրավունք, միայն վայելք եւ ուրիշ ոչինչ: Եվ այս առումով, անհնար է չխոսել հայի ամենակարեւոր յուրահատկություններից մեկի` ամեն գնով պաշտոնի հասնելու մոլուցքի մասին:

Բայց, ինչպես ամեն ցանկություն, մոլուցքը եւս պետք է տեղավորվի որոշակի սահմանների մեջ, այլապես նա կդառնա կործանարար: Պաշտոնի մոլուցքի այն չափը, որ ունեն հայերի մեծամասնությունը՝ մանավանդ նորաթուխ երիտասարդների մի մասը, ունի իր հստակ անունը` պաթոլոգիա: Աշխարհի շատ ժողովուրդների, ազգերի ներկայացնելիս կարելի է ասել, որ այսինչ ժողովրդին հատուկ է այսինչ բանը, այնինչ ժողովրդին` այնինչ բանը, սակայն հայերին ներկայացնելիս, միանշանակ պետք է նշել, որ նրանց հատուկ է՝ առաջին հերթին պաշտոնամոլությունը: Իսկ դա գալիս է նրանից, որ ցանկացած բիզնես կամ որեւէ այլ տիպի գործունեություն, չեն կարող ապահովել այն կարգի ցանկալի գերշահույթ, որպիսին նրանք ստանում են պաշտոնական դիրքի արդյունքում: Դրանով էլ, պաշտոնյայի կյանքի բանաձեւը մեր երկրում դառնում է հետեւյալը. բա սրանից էլ հաճելի բա՞ն, էնա խողովակով՝ ջրի փոխարեն փողը գալիս ա, էլի, էլ ինչո՞ւ ավելորդ տեղը գլուխս դնեմ ցավի տակ:

Իսկ սա նշանակում է, որ խախտվում է պաշտոն կոչվող երեւույթի իրական տրամաբանությունը, որի արդյունքում հայ պաշտոնյաները շեղվում են իրենց պատվիրակված գործառույթներից ու իրականացնում` լիովին այլ գործառույթներ: Նման մոտեցման պարագայում, առաջացած հետեւանքները շղթայական ռեակցիայի նման` փոխանցող տատանումներով խաթարում են ցանկացած համակարգի բնականոն գործունեությունը, որը հետագա շահագործման համար` աստիճանաբար դառնում է անպիտան: Այս ամենը գալիս է նաեւ նրանից, որ պաշտոնամոլության այսպիսի մրցավազքում պաշտոնի են գալիս հիմնականում ոչ կոմպետենտ մարդիկ, որոնց ապաշնորհ պաշտոնավարման պատճառով էլ ունենում ենք վերը նշված պատկերը: Հայը՝ այդ ճանապարհին ոչնչի առջեւ կանգ չի առնում, նրա մոլուցքի «մոգական» ուժն արմատախիլ է անում եւ ավերում իր ճանապարհին եղած բոլոր արժեքները: Համոզված կարելի է պնդել, որ հայ մարդու պաշտոնի մոլուցքը նոպայից ավելի վտանգավոր է այն առումով, որ եթե նոպան գոյատեւման որոշակի փուլեր ունի, ապա այդ մոլուցքն անընդհատ է եւ նրա վերջը միայն մահն է:

Ինձ հանդիպած բոլոր ազգերի ներկայացուցիչներից՝ հայը միակն է, որին պաշտոն տալով, նույն ակնթարթից՝ նրա մեջ մարդկային շատ հատկանիշներ դադարում են գործելուց: Ընդ որում, որքան մեծ է պաշտոնը, այնքան շատ է նաեւ վերացող դրական հատկանիշների թիվը: Այդ պարագայում, նշված անձինք դառնում են ինքնասիրահարված, ամենակարող, դիկտատոր, «երկրի, գործի նվիրյալ», «կարգապահ», «լուրջ», «համարձակ», երեկվա օրը արագ մոռացող եւ այդպես շարունակ:

Քանի որ Հայաստանում այսօր վայրի կապիտալիզմ է եւ փողը՝ որպես պաշտոնի հետեւանք, դարձել է սրբության-սրբոց, ապա զարմանալի չէ, որ բոլոր ճարպիկները տառապում են պաշտոնի մոլուցքով, քանզի այն ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է` առանց դժվարության, աներեւակայելի ունեցվածք կուտակելու համար…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930