Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանն էլ է ծռում կրթության ոլորտի բարեփոխումները»

Նոյեմբեր 07,2014 15:00

Վստահեցնում է կրթության փորձագետը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն օրերս ԱԺ-ում անդրադառնալով ոչ պետական բուհերի հավատարմագրումներին, դրանք համեմատելով օծանելիքի դատարկ շշերի հետ, ասել էր, որ մինչ այժմ ոչ մի ոչ պետական բուհ չի անցել նոր հավատարմագրման մեխանիզմ, իսկ հին հավատարմագրերը, որ տրվել են մինչեւ Բոլոնյան գործընթացը, իրենց բովանդակությունը կորցրել են: Սրան զուգահեռ, նա անդրադառնալով նաեւ պետական բուհերին, նշել էր, թե 20 բուհ նախապատրաստական ամբողջ փուլն անցել է, բայց դեռեւս ոչ մի վերջնական որոշում չկա, քանի որ հավատարմագրման հանձնաժողովը մինչեւ տարեվերջ պետք է հավաքվի եւ որոշի, թե պետական բուհերից որոնք են ստանալու ինստիտուցիոնալ հավատարմագրում, եւ որոնք պայմանական հավատարմագրում:

«Առավոտը» փորձեց նախարարի հայտարարությունների վերաբերյալ նրանից մեկնաբանություններ ստանալ եւ հարցեր ուղղեց նրա մամուլի ծառայությանը, որտեղից էլ խոստացան ճշտումներ կատարելուց ու նախարարի՝ աշխատավայր վերադառնալուց հետո պատասխանել: Առաջին հարցը հետեւյալն էր՝ վերոնշյալից ստացվում է, որ նախարարը իր հայտարարությամբ վնասեց ոչ պետական բուհեր ավարտած ուսանողներին, որոնք դեռ նոր պիտի աշխատանքի ընդունվեն, իսկ գործատուն, լսելով նրա հայտարարությունը՝ հաստատ ոչ պետական բուհ ավարտած երիտասարդին չի վերցնի աշխատանքի, ինչպե՞ս կմեկնաբանի սա նախարարը:

Երկրորդ՝ նախարարն ասում է, թե չի տարբերակում բուհերը պետականի, մասնավորի, միջպետականի, բայց, միեւնույն ժամանակ, նշում, որ ոչ պետական բուհերի տված դիպլոմները, որ արտադրվել են տարիներ առաջ, նրանց որակը համապատասխան չի եղել տրված կրթությանն ու գիտելիքին: Սա չի՞ նշանակում, որ հատկապես մասնավոր բուհերի դեմ նախարարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել:

Երրորդ՝ նախարարը նաեւ ասել է, որ 20 պետական բուհ նախապատրաստական ամբողջ փուլն անցել է, բայց ոչ մի վերջնական որոշում դեռ չկա` հավատարմագրման հանձնաժողովը մինչեւ տարեվերջ պետք է հավաքվի եւ որոշի, թե պետական բուհերից որոնք են ստանում ինստիտուցիոնալ հավատարմագրում, որոնք չենք ստանում հավատարմագրում, իսկ որոնք են ստանում պայմանական: Հետաքրքիր է, օրինակ՝ Ագրարային համալսարանը, որը հայտնի է իր ամենակոռումպացված լինելով ու նրանով, որը ավարտում են ձեւական: Ինչո՞վ է առավել այս համալսարանը ոչ պետական ցանկացած բուհից, որը պետք է համարվի պետական, իսկ ոչ պետականը, որի հավատարմագիրը մինչ Բոլոնյան գործընթացն է եղել՝ որակվի «դատարկ շիշ»:
Մեր հարցերը մնացին անպատասխան, ավելի ճիշտ, պարոն Աշոտյանն առաջարկել էր օգտվել, օրինակ, «Արմնյուզի» տեսանյութից ու այլ լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից, նշելով, թե «խիստ ծանրաբեռնված գրաֆիկ է մոտը»:

«Առավոտը» վերոնշյալ հարցերի մասին կարծիք հարցրեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանից, որն էլ հետեւյալն ասաց. «Ցավն այն է, որ պարոն Աշոտյանն ակամա իր մեջ եղած վերաբերմունքն է արտահայտել դատարկ շշի օրինակով: Նա որոշ դեպքերում իրավացի է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր պետական բուհերը հավատարմագրվում են ապրիորի, անկախ նրանից՝ նրանք լիցենզիայի պահանջներին բավարարում են, թե ոչ, ստանում են այդ հավատարմագրերը, իսկ ոչ պետականներն առանձնապես ջանք չեն գործադրում այդ գործընթացն անցնելու համար»:

Անահիտ Բախշյանը բերելով կոնկրետ օրինակ՝ ասաց, որ այս պահին իր մոտ մի դիմում-բողոք է, ըստ որի՝ մի երիտասարդ, որը կարմիր դիպլոմով ավարտել է Երեւանի Մշակույթի համալսարանի վոկալի բաժինը, ունի բակալավրի աստիճան, ցանկացել է գործերը հանձնել կոնսերվատորիա, սակայն չեն ընդունել, որովհետեւ տվյալ համալսարանում այդ մասնագիտությունը հավատարմագրված չի եղել ու հետեւաբար նրա դիպլոմը չի ճանաչվում որպես բարձրագույն: Նրա խոսքով. «Նախարարության կայքում էլ դրված է, որ Մշակույթի համալսարանը ութ մասնագիտացումների գծով կրթություն է տալիս, բայց մեկն է հավատարմագրված, մնացած յոթի դեպքում բիզնես է անում, իսկ պետական բուհերի դեպքում, նրանց դիպլոմը կասկածի տակ չի դրվի: Լուրջ խնդիր ունենք՝ մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից եւ սրա մասին պարոն Աշոտյանն էլ գիտի ու այն, որ ասում է՝ նրանք հավատարմագրված են մինչեւ Բոլոնյան գործընթացը՝ այդպիսով ուզում է փախչել խնդիրը լուծելուց»:

«Առավոտի» դիտարկմանը, թե Բոլոնյան գործընթացը սկսվել է նախկին նախարարների ժամանակ, չե՞ք կարծում, որ պարոն Աշոտյանն իր հայտարարությամբ թերագնահատեց, փնովեց նախորդ նախարարի արած գործը, Անահիտ Բախշյանն ասաց. «Այո: Բացի այդ, կրթության ոլորտի բարեփոխումներն Աշոտյանի օրոք չեն սկսել, նախորդ քաղաքական ուժերն են դա սկսել, դեռ դաշնակցության, «Օրինաց երկրի» ժամանակվանից էր եւ ոչ մի բարեփոխում իր նպատակային ճանապարհով չի գնացել, բոլորը աջ ու ձախ ծռել են, Աշոտյանը ժառանգել ու այդպես ծուռ էլ շարունակում է: Իսկ ծուռը շտկելու համար, ով էլ գա, պետք է այնքան հմուտ կառավարիչ, պետությունը այնքան սիրող մեկը լինի, որ քաղաքական կամքը դնի սեղանին եւ քաղաքական բոլոր ուժերին, ձեռքը սեղանին խփելով, ասի՝ շտկելու ենք: Եվ քանի որ շտկելու քաղաքական կամքը չի եղել, յուրաքանչյուր հաջորդը արդարանալու է, որ նախորդը լավը չէ, ու ինքն ավելի է ծռելու»:

Անահիտ Բախշյանը գտնում է՝ պետական եւ ոչ պետական տարբերակումը պետք է վերանա, չպետք է լինեն բուհեր, որոնք պետության կողմից հովանավորվում են, արտոնյալ են: Բոլորի համար պետք է հավասար պայմաններ լինեն:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930