Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գոգոլի փողոցում բնակիչների տեխնիկան փչացել է, Օհանյանների տունը՝ վառվել

Նոյեմբեր 07,2014 16:00
lamp

Եվ այդ տնից զինվոր են տարել

Մեծ էր զարմանքս, երբ հանդիպեցի Գոգոլի փողոցի 69-84 տների բնակիչների հետ: Նրանք բողոքում են փողոցի փտած հեռագրասյուների վիճակից եւ ավելի փտած ու մաշված, աղեղնաձեւ կախված հաղորդալարերից: Վերջիններս պատուհաս են այս փողոցի մեծ ու փոքր բնակիչների համար, ավելին՝ սարսափի մեջ են պահում բոլորին, անգամ թեթեւ քամիների ժամանակ ու անձրեւոտ եղանակներին, երբ լարերը բախվում են միմյանց ու հրկիզվում են (ժողովրդի լեզվով ասած՝ «դուգա է տալիս»), արդյունքում՝ կրակի լեզուների մեջ բռնկվում է ոչ միայն շրջապատը, այլեւ բնակարաններում այդ պահին միացված սպառիչները:

Բնակիչները հերթով թվարկում էին իրենց այրված ու փչացած էլեկտրատեխնիկական սարքերը, այդ թվում էին՝ Գոգոլի 69/1 տան բնակիչ Ստեփան Մեժլումյանի սառնարանը, 69/2 տան բնակիչ Լուկայանների համակարգիչը, 71/1 տան բնակիչ Ազարյան Անդրանիկի սառնարանը, 72/2-ի՝ Ազարյան Արարատի լվացքի մեքենան, 72/3-ի՝ Ազարյան Վիկտորի եւ 75-ի՝ Հակոբ Մարտիրոսյանի հեռուստացույցները, իսկ ամենասարսափելին Գոգոլի 69 տան բնակիչների՝ Օհանյանների վիճակն էր:

Չնայած նրանք բացակա էին, այդուհանդերձ, հարեւանները մանրամասն ներկայացրին այրված, այսօր արդեն անմարդաբնակ տան պատմությունը. 2013 թվականի ամռան ուժեղ քամոտ օրերից մի օր, հերթական «դուգա»-ի ժամանակ, Օհանյանների տան սառնարանի այրվելը պատճառ է դառնում ողջ տան իրերի բռնկման, հաշված րոպեների ընթացքում կրակը հասնում է տանիքին: Երջանիկ պատահականությամբ տանը մարդ չի լինում:
Սրտացավ հարեւանների համախմբված աշխատանքի եւ հրշեջների ջանքերով հաջողվում է մարել այն, սակայն ոչինչ փրկել հնարավոր չի լինում:

Օհանյանների բազմանդամ ընտանիքն (5 անձ, նրանց ավագ որդին էլ ծառայում է ՀՀ բանակում) այսօր վարձով է ապրում: Ի դեպ, մինչ հրշեջները տեղ կհասնեին, օգնության ձեռք էին մեկնել հարեւանները: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ շիկացած շիֆերները կոտրվել էին, եւ տանիքում առաջինը հայտնված հարեւան Արարատ Ազարյանը վայր ընկնելով՝ ջարդել էր ոտքը: Նա յոթ ամիս բուժվել է հիվանդանոցում:
Բնակիչները բողոքում են, որ էլեկտրալարերը չափազանց հին են՝ խորհրդային ժամանակաշրջանի, մեկն էլ հիշեց, որ անցած դարի 60-ականներին են փոխել, ամբողջությամբ քրքրված են, լավագույն դեպքում՝ կցոն-կցոն են փոխվել, մինչդեռ ի՞նչ լարեր են դուրս գրում, որ տեղ չեն հասնում:

Այս փողոցի վախեցած բնակիչները ամեն անգամ տնից դուրս գալիս անջատում են բոլոր սպառիչները:

Վթարային էին նաեւ Գոգոլի 83, 85, 87 տների մոտ գտնվող փայտե հեռագրասյուները. դրանք հիմքում փտել են ու մի կողմ թեքվել, բնակիչների տված հենասյուներով հազիվ էին պահվում:

Իմ այն հարցին, թե ինչո՞ւ չեն դիմում պատկան մարմիններին, էլցանցին, բնակիչները միաբերան պատասխանեցին, որ տարիների իրենց բողոքները անպատասխան են մնացել, դիմել են եւ Երեւանի էլցանցին, եւ Արաբկիր մասնաճյուղին, սակայն նրանք ուղարկում են տեսուչի մոտ, կարծես նա պետք է ֆինանսական ներդրում անի:

Հետաքրքիր է՝ ո՞ւմ կամ ինչի՞ է սպասում իր աշխատանքում այսքան թերացած պատասխանատու մարմինը, չէ՞ որ բնակիչները բարեխիղճ սպառողներ են: Եվ եթե սպառած էլեկտրաէներգիայի վճարման օրից մի օր անցնում է, եւ բնակիչը վճարած չի լինում՝ առանց երկմտելու էլցանցը հոսանքն անջատում է:

Մնում է դիմել դատարան՝ Արաբկիր մասնաճյուղին եւ Երեւանի էլցանցին անգործունակ ճանաչելու հայցով: Պարզվեց՝ այս օղակն այնքան էլ վստահություն չի ներշնչում մոլորված բնակիչներին:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930