«Դա իրականության հետ որեւէ կապ չունի: Ուղղակի հորինած է: Առաջին անգամ չէ, որ նման բաներ ենք լսում: Ինչպես ասում էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել Թուրքիայում է հանգստացել, կամ ես թանկարժեք մեքենա եմ առել, «Ժառանգությունում» իրար են ծեծել. սա այդ շարքից է: Անգամ եթե մի քիչ հումորով լինես, կարելի է հումորով վերաբերվել, բայց իրականում այն վատ վիճակն է Հայաստանում եւ մամուլում, որ այս կարգի բաներով կարողանում են զբաղեցնել լրատվական հասարակական-քաղաքական դաշտը: Իրականության հետ որեւիցե կապ չունեցող հերթական երեւակայության արդյունքն է, մտքի թռիչք անվանել էլ չի լինի»,- «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ ճի՞շտ է, որ «Ժառանգությունում» ներկուսակցական սկանդալ է եղել, որոշ երիտասարդ ժառանգականներ կոմպրոմատներ են հավաքել Զարուհի Փոստանջյանի դեմ, ինչը բացահայտվել է: Այդ մասին հրապարակել էր «Իրավունքը»՝ նշելով, թե այդ երիտասարդ ժառանգականները «ԲՀԿ-ի շպիոններ» են, քանի որ ԲՀԿ-ի երիտասարդ ակտիվիստների հետ ամենօրյա շփումների մեջ են:
Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ «Ինչպես Զարուհի Փոստանջյանը, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր կլինեն փոքրամասնություն կուսակցության որոշումներում, կամ իրենց կարծիքն այլ կլինի, «Ժառանգությունում» իր հիմնադրումից՝ 2003-ից սկսած՝ այս պրոցեսները նորմալ բնույթ են կրում: «Ժառանգության» ուժը դրա մեջ է, որ միշտ կան այլ կարծիքներ, եւ այդ կարծիքները չեն ճնշվում: Ես չեմ էլ պատկերացնում, որ Զարուհի Փոստանջյանին ինչ-որ մեկը փորձի նման բան անել եւ կոմպրոմատներ հավաքի նրա դեմ»:
Մեր հարցին՝ «շպիոններ» չկա՞ն Ձեր շարքերում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ մեր շարքերում չկան շպիոններ, նման բան հայտարարել չեմ կարող, բայց «Ժառանգությունում» բանավեճերը, իրար հետ չհամաձայնելը կամ համաձայնելը բնականոն գործընթաց է, եւ այդ քննարկումները միշտ առողջ մթնոլորտում են տեղի ունենում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2014