Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փոխվել Գագիկ Հարությունյանը

Նոյեմբեր 07,2014 17:00

Սահմանադրական բարեփոխումներին եռյակի
դեմ լինելու պատճառները՝ ըստ Արծվիկ Մինասյանի

Սկիզբը

Նախկին ԽՍՀՄ երկրների փորձի ուսումնասիրությունը փաստել է, որ այդ երկրները գնում են կիսանախագահական համակարգն ուժեղացնելու ճանապարհով, որի արդյունքում կամա թե ակամա ցնցումներ են լինում երկրի ներսում: Կամ գնում են գունավոր հեղափոխությունների ճանապարհով, որի արդյունքում նոր ձեւավորվող իշխանությունն, այնուհանդերձ, չի կարողանում ապահովել լայն հանրության պահանջների իրացումը: Այս վերլուծություն-ամրագրումը եւս կատարված է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում:

«Երկու ճանապարհն էլ ընդունելի չեն: ԽՍՀՄ երկրներից միայն Հայաստանն է, որ դեռ չի ընտրել իր ուղին: Եթե ուշանան սահմանադրական բարեփոխումները եւ կառավարման ձեւի փոփոխությունները, Հայաստանը նույնպես կարող է ընկնել այդ ընթացքի մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Այս ամրագրման ենթատեքստում մեր զրուցակիցը տեսնում է այն մոտեցումը, որ Հայաստանն էլ է բազմաթիվ անգամներ նման փորձեր ունեցել` Հոկտեմբերի 27, Մարտի 1, որոնք երկրի ներսում ցնցումներ են առաջացրել, ու դա հիմնականում պայմանավորված է եղել իշխանության գերկենտրոնացվածությամբ, քաղաքական մենաշնորհության եւ այլ դրսեւորումներով: Ներկայացված հայեցակարգում ախտորոշումների մի ամբողջ խումբ վերաբերում է հենց քաղաքական մենիշխանությանը, որն, ըստ հանձնաժողովի, պետք է հաղթահարվի, որպեսզի սահմանադրական մակարդակում չլինեն այնպիսի քողարկված արկեր, որոնք պայթելով` վնաս կբերեն երկրին: Դրանք հատկապես արտահայտվում են նախագահի, կառավարության եւ խորհրդարանի ոչ համապատասխան ու համարժեք լիազորությունների ու պատասխանատվության շրջանակներում:

Արծվիկ Մինասյանը շատ կարեւոր է համարում, որ հայեցակարգում նաեւ մարդու իրավունքներին էլ անդրադարձ կա` արձանագրելով, որ իրավունքի գերակայության սկզբունքն, ըստ էության, չի գործում: Արձանագրված են նաեւ մարդու սոցիալական իրավունքների գերակայությունները. դրանց մի մասը պետության գերակայություններ պետք է լինեն, մյուսները` անմիջապես գործող:

«Առավոտի» հարցին՝ եթե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված են այն խնդիրները, որոնք այսօր բարձրացնում է ընդդիմությունը, ավելին՝ նաեւ լուծումներն են առաջարկված, ապա ինչո՞ւ եռյակի ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», կտրականապես դեմ են արտահայտվում այդ բարեփոխումներին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ինքը դրա համար երեք հիմնական պատճառ է տեսնում. «Առաջին՝ շատ քաղաքացիներ եւ քաղաքական ուժերի առանձին ներկայացուցիչներ պարզապես չեն կարդացել հայեցակարգը, հետեւաբար լսված հայտարարությունների հենքի վրա են կառուցում իրենց մոտեցումները:

Իսկ այսօր շատ ավելի հեշտ է ասել, որ ոչինչ չի արվում կամ ամեն ինչ արվում է կոնկրետ անձի վերարտադրության համար, ու մարդիկ հեշտությամբ կհավատան, որովհետեւ դրա հիմքը տվել է նաեւ գործող իշխանությունը: Կարող եմ հասկանալ այդ հատվածի ներկայացուցիչներին, բայց չեմ կիսում այդ տեսակետը. անհրաժեշտ է գոնե կարդալ: Հաջորդ խումբը նրանք են, ում համար կարդալու դեպքում անգամ դա ձեռնտու տարբերակ չէ: Դրանք նրանք են, ովքեր անպայման ուզում են, որ պահպանվի նախագահի պաշտոնը: Նրանց մի մասը գտնում է, որ իրենք այդ պաշտոնի ռեալ թեկնածուներ են, մյուս մասն էլ գտնում է, որ իրենց քաղաքական շրջապատից մարդ կա, որ կարող է լինել նախագահ: Ես կտրականապես մերժում եմ այդ մոտեցումը: Նեղ կուսակցական շահերով չէ, որ երկիրը պետք է առաջ գնա:

Եթե բացահայտված խնդիրները եւ վտանգը կան, չպետք է սպասել, որ վտանգը վրա հասնի՝ նոր սկսես անհանգստանալ: Չէ՞ որ այս խմբի փաստարկներից մեկն էլ այն է, որ երկրում չկա մի խնդիր, որի լուծումը Սահմանադրությունը չտա: Բայց դա նման է Երկիր մոլորակի վրա եկող երկնաքարին: Չպետք է սպասել հարվածին, եթե կարող ես կանխարգելել»: Երրորդ խումբը, ըստ մեր զրուցակցի, այն անձինք են, ովքեր վստահության դեֆիցիտի ներկայիս պայմաններում չեն հավատում, որ կարող է փոփոխություն տեղի ունենալ: Այս առիթով մեր դիտարկմանը` ՀՀ առաջին Սահմանադրությունը, ապա տարիներ անց կատարված փոփոխություններն իրենց ժամանակի համար լավագույն լուծումներն էին առաջարկում, բայց դրանք չկիրառվեցին, ինչո՞ւ հիմա պետք է հավատալ, որ այս բարեփոխումները դրական արդյունքի կբերեն, Արծվիկ Մինասյանն ասաց. «2005 թվականի բարեփոխումներն, ըստ էության, կիսալուծումներ էին: Իսկ նման պարագայում հնարավոր չէ ունենալ ամբողջական լուծման արդյունք, այլ անգամ խեղաթյուրվում ու հեղինակազրկվում են սահմանադրական նորմերը, մեղադրանքներ են ուղղվում այս կամ այն անձին:

Իշխանությունը պարտավոր է եղած Սահմանադրության շրջանակներում շարժվել ժողովրդավարական նորմերով: Բայց բոլոր ժամանակների իշխանություններն իրենց համար առաջնահերթ են համարում ոչ թե հանրության, այլ իր ու իր շրջապատի շահերին հետամուտ համակարգի ձեւավորումը: Չպետք է բացառել, որ երբեւէ որեւէ իշխանություն չի գնա այդ քայլով: Սա կոչվում է իշխանության կամք, որը պետք է հիմնված լինի ժողովրդի կամքի` Սահմանադրության վրա, ու եթե Սահմանադրությունը այլանդակված է ներկայացվում, իշխանության կամքն էլ է ձեւախեղվում: Սա նշանակում է, որ Սահմանադրությունը պետք է այլասերումները վերացնի, որպեսզի իշխանությունը կարողանա նաեւ իր կամքը պարտադրված ձեւավորել նաեւ դրա հենքի վրա: Մեղավորն առաջին հերթին իշխանությունն է, բայց այնպես չէ, որ միայն իշխանության անձանց փոխելով՝ մենք կունենանք ավելի լավ վիճակ, որովհետեւ եթե իշխանության ներկայացուցչին Սահմանադրությամբ հնարավորություն է տրվում զբաղվել կոռուպցիայով, անպատժելիություն սերմանել, պատասխանատվություն չկրել, ոչ ազատ ընտրական գործընթացների համար պատասխանատվություն չկրել, իշխանությունն ազատորեն կարող է դա անել, չկա քաղաքական պատասխանատու անձ»:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ժամանակին իր ղեկավարած գերատեսչության որոշումներով վավերացրել է մեր երկրում կայացած բոլոր կեղծված եւ անօրինական ընտրությունները: Հարցին` ի՞նչն է փոխվել հիմա, որ նման պաշտոնյան 180 աստիճանով փոխել է իր մոտեցումները, Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ 2003 թվականին ինքն էլ է ՍԴ-ում վիճարկել մեծամասնական ընտրական գործընթացը ու արտահայտել իր սուբյեկտիվ դժգոհությունը:

«Բայց հետո ես սկսում եմ վերլուծել ու հասկանալ` արդյոք բոլոր բավարար ապացույցները ներկայացրե՞լ եմ: Պարզվում է, որ` ոչ: Ինքս գնահատում եմ, որ ես չեմ կարողացել ներկայացնել, ոչ թե չեմ ուզել կամ կարողունակ չեմ, այլ ընտրական համակարգն այնպիսին է, որ որպեսզի ես կարողանամ բոլոր խախտումներն արձանագրել, ինձնից կպահանջվի հսկայական ջանք եւ լուրջ լծակներ` տեղեկատվությունը փաստելու համար: Երբ չկան դրանք, նաեւ դատարանին հնարավորություն ենք տալիս, որպեսզի սուբյեկտիվ մոտեցումներ կիրառի: Այս դեպքում դատարանը ոչ միայն սուբյեկտիվ որոշումներ է կայացնում, նաեւ հայտնվում է ճնշման տակ, քանզի նաեւ երկրում իշխանակենտրոն կեցվածքն է թելադրում վերեւից թելադրանք: Հետեւաբար մեր խնդիրը ոչ թե անձն է, այլ նորից գալիս ենք համակարգերին»:

Իբրեւ օրինակ՝ մեր զրուցակիցը բերում է պարտադիր կուտակային համակարգի վիճարկման մասով կայացված որոշումն այն պարագայում, երբ գրեթե ոչ ոք չէր հավատում, որ այն կկայացվի, բայց նաեւ նկատում է, որ այն կյանքի չկոչվեց, քանզի ՍԴ որոշումների կյանքի կոչումը թողնված է պառլամենտի եւ գործադիրի իրավասությանը: Արդյունքում դատարանը կայացնում է որոշումը, որը չի կիրառվում: Նույնը եղավ նաեւ 2003-ի վստահության հանրաքվեի որոշման հետ՝ հիշեցնում է Արծվիկ Մինասյանը՝ ամենեւին չթերագնահատելով դեպքերը, երբ փաստարկներն էլ են անտեսվում: «Եթե վերցնենք մեր բոլոր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վիճարկման գործերը, ես հատուկ ուսումնասիրել եմ, իրոք ապացուցողական բազայի լուրջ խնդիրներ ենք ունեցել: Դրանք ոչ թե քաղաքական թիմերի, այլ համակարգի խնդիրներն են»,- եզրափակեց ՀՅԴ-ական պատգամավորը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թե ինչ տեղ են գտել
ՀՅԴ առաջարկները հայեցակարգում եւ ինչ այլ առաջարկներ է պատրաստվում ներկայացնել ՀՅԴ-ն` առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Հիմա եթե սերժը չլիներ նախագահ, թոշակի անցած լիներ, հովիկը մնար վարչապետ, գալուստն էլ ԱԺ նախագահ. ՀՅԴ-ն դրանից ի՞նչ բավարարվածություն կզգար: Դաշնակցությունն իր տեղը չի գտնում քաղաքականության մեջ, Ժառանգությունը էնքան մասնագիտական ու քաղաքական ռեսուրս չունի, որ սեփական նախաձեռնությունն ունենա, ՀԱԿ-ն ինքն իրեն վարկաբեկում է: Էս կուսակցությունները ապագա չունեն, եթե իրենք չփոխվեն, իսկ հիմա նենց, իրանց համար բզբզում են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930